Ազգային օպերայի դահլիճում հուլիսի 12-ին բացված «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հուլիսի 17-ին փակվեց «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում: Բացման եւ փակման արարողությունները փառատոնի գովազդային հովանավոր Հանրային հեռուստատեսության տնօրենությունը հանձնարարել էր տեսահոլովակների «անզուգական վարպետ», երգի պետական թատրոնի «աստղիկներին» լայն ասպարեզ տվող, «նորին գերազանցություն» Հրաչ Քեշիշյանին:
Երանելի բարձրակետի հասած նրա ինքնավստահությունը փառատոնի նախագահին եւ կազմակերպիչներին թույլ չէր տվել դիտել բացման արարողության գլխավոր փորձըՙ վստահեցնելով, որ ամեն ինչ գերազանց է լինելու: Թե որքանով էին գերազանց նրա բեմադրական տաղանդն ու ճաշակըՙ թողնենք մասնագետների քննությանն ու վերլուծությանը: Միայն նշենք, որ թարգմանության բացակայությունը փառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանին այնպես էր շփոթեցրել, որ փակման ժամանակ գրեթե աչքը չէր կտրում հրավիրված թարգմանչից:
Հիմա տեսնենք, թե ինչո՞ւ էր բացումը բաց հավատարմագրված լրագրողների, իսկ փակումը փակ նույնիսկ փառատոնի գովազդային հովանավորներ «Հ1», «Շողակաթ» հեռուստաընկերությունների եւ «Ազգի» հավատարմագրված լրագրողների համար: Ու թեպետ գիտեինք, որ առանց հրավիրատոմսերի ներս մտնելն արգելված էր ու պահանջված էր ներկայանալ տոնական զգեստներով, բայց, ինչպես ասում են, արգելված պտուղը քաղցր է եւ որոշեցինք գնալ: Չէ՞ որ ժողովրդավարական երկրներում լրագրողների համար փակ դռներ չկան: Առանց արգելքի 4 լրագրողներս մտանք «Տիգրան Մեծ» սրահ եւ կանգնեցինք աջ անկյունում, հյուրերի ելումուտը չխանգարելու համար: Եվ հանկարծ հայտնվեց փակման արարողության «տեր ու տիրական» Հրաչ Քեշիշյանը եւ «Հայլուրի» փորձառու լրագրող Նունե Ալեքսանյանին արեց հետեւյալ դիտողությունը. «Ինչո՞ւ ես հիմա եկել, ժամը 22-ին գայիր, հարցազրույցներ անեիր, ուղիղ եթեր ա, ի՞նչ ես անելու», ու դժգոհ գնաց: Քիչ անց հրահանգ եկավ, որ բոլոր լրագրողները դուրս գան: Դժվար չէ կռահել, թե ով էր հրահանգի հեղինակը: «Նաեւ «Հայլո՞ւրը», հարցրեց Նունեն: Նորից հայտնվեց «նորին գերազանցությունն» ու հրամայեց. «Բոլորը դուրս գան, «Հայլուրն» էլ, դահլիճում կանգնած մարդ չլինի»: Լրագրողին անսովոր համբերությամբ դուրս եկանք միջանցք ու կազմակերպիչներին դիմելու փորձ անգամ չարեցինք: Մինչ Նունեն «Հ1»-ի տնօրեն Արմեն Արզումանյանից հեռախոսով կճշտեր ի՞նչ անել, արտգործնախարար Վարդան Օսկանյանի օգնական Սալբի Ղազարյանը հայտնվեց դռների արանքում եւ անվտանգության աշխատակիցներից պահանջեց փակել դռներըՙ փառատոնի մի քանի կամավորներին խորհուրդ տալով տուն գնալ ու փակումը դիտել տանը: «Կինոփառատոների փակումները փակ չեն լինում», կամավորների շվարած դեմքը տեսնելով միջամտեցի ես: «Այո, բայց այս մեկը փակ է, այդպես է որոշված», ասաց արտգործնախարարի օգնականը եւ փակեց դռները:
5 օր «Ոսկե ծիրանը» լուսաբանած հավատարմագրված լրագրողներն ու փառատոնի համար աշխատած կամավորները մնացին փակ դռների հետեւումՙ զրկվելով Սիրուշոյի անգլերեն երգը «վայելելու եզակի հնարավորությունից»:
Մեկ էլ հանկարծ դռները բացվեցին, եւ ո՞վ զարմանք, կամավորներին ներս թողեցին, բնականաբար, նաեւ մեզ, որից հետո մի սեղան ավելացրին ու բոլորիս տեղ տվեցին: Բայց «նորին գերազանցությունն» էլի դժգոհ էր, որովհետեւ այդ «ավելորդ» սեղանը խանգարում էր շարժական խցիկի աշխատանքին: Իսկ ամենացնցողը դահլիճի կենտրոնում տեղադրված բեմն էր, ավելի ճիշտՙ բեմիկը, որի վրա 5 հոգի հազիվ էին կանգնում: Եթե օպերայի բեմի վրա Քեշիշյանի տեղադրած բեմիկից երգիչները քիչ էր մնում ցած գլորվեին, ապա «Տիգրան Մեծ» սրահում դրա վրա կանգնածները մեջք-մեջքի էին հայտնվում, իսկ մրցանակներ հանձնող աղջիկները մոռանում էին դրանք հանձնելուց հետո ցած իջնել: Համերգային մասին չենք կամենում անդրադառնալ, կարծում ենք բոլորին էր տեսանելի, որ հանդիսատեսը ջերմությամբ ընդունեց միայն Արամոյի եւ Շուշանի կատարումները: Իսկ մյուս «աստղերի» կատարումները, հատկապես Գոգայի, անկասկած, ամենից շատ շլացնում են Քեշիշյանին, որին էլ վստահված է Հայաստանի «աստղաբույլը» օտարներին ներկայացնելու առաքելությանը:
Այսպես է, երբ միջակությունը ասպարեզ է հանում իր միջակներին, միջակները ծնում են նոր միջակներ ու միասին փորձում են խժռել իրենց կողքին երեւացող մի քանի տաղանդավորներին: Այսպես չէր լինի, եթե միջակությունները զրկված լինեին պետական հովանավորությունից, ցավոք, մեզանում դեռ զրկված չեն:
Հուսով ենք, որ մեզ հրաշալի ֆիլմեր դիտելու ու տաղանդավոր մարդկանց հետ շփվելու հնարավորություն տված «Ոսկե ծիրան» կինոփառատոնի նախագահն ու կազմակերպիչները երրորդ միջազգային փառատոնի բացման ու փակման համար կգտնեն բարձրարվեստ եւ բարձրաճաշակ ռեժիսորի, որը փառատոնը կսկսի եւ կավարտի առանց օտարներին «զարմացնելու» բարդույթների:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ