«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#130, 2005-07-15 | #131, 2005-07-16 | #132, 2005-07-19


«ՈՍԿԵ ԾԻՐԱՆԻ» ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ

Ինչպես հայտնում են «Ոսկե ծիրան» փառատոնի գրասենյակից, «Հայկական համայնապատկեր» մրցույթում հատուկ դիպլոմի է արժանացել Սերժ Ավետիքյանըՙ «Մի գեղեցիկ առավոտ» ֆիլմի համար: Այս նույն մրցույթում լավագույն անիմացիոն ֆիլմ է ճանաչվել Հայաստանը ներկայացնող Նաիրա Մուրադյանի «Ճանապարհը»: Հատուկ դիպլոմներ են ստացել նաեւ Սուրեն Գրիգորյանըՙ «Կրակից ծնվածը» եւ Առնո Երիցյանըՙ «Զորթյան մոլորակը» ֆիլմերի համար:

«Հայկական համայնապատկեր» մրցույթում լավագույն վավերագրական ֆիլմ է ճանաչվել Վոն Փիլիկյանի «Մուրճ եւ բոց» 10 րոպեանոց վավերագրությունը: Հատուկ դիպլոմ է ստացել Արամ Հեքիմյանի եւ Արունա Նաիջմիի «Մի փուչիկ» ֆիլմը, գլխավոր մրցանակՙ Արման Երիցյանի «Բաց երկնքի տակ» կինոնկարը:

Միջազգային մրցույթում լավագույն վավերագրական ֆիլմի համար հատուկ մրցանակ են ստացել Երվանդ Ջանիկյանը (Իտալիա), Անետ Շյոցեն (Լատվիա-Գերմանիա) եւ Պիրյո Հոնկասալոն (Ֆինլանդիա-Շվեդիա-Դանիա-Գերմանիա): Խաղարկային մրցույթում Ֆոու Պին Հուն «Դրախտի աղջիկները» կինոնկարի համար արժանացավ ժյուրիի դիպլոմի, իսկ հատուկ մրցանակի արժանացան Իլյա Խրժանովսկին (Ռուսաստան) եւ Լիսանդրո Ալեսանդրոն (Արգենտինա-Ֆրանսիա-Նիդեռլանդներ): Խաղարկային մրցույթում գլխավոր մրցանակի արժանացավ Ռուսաստանը ներկայացնող Ալեքսանդր Սոկուրովըՙ «Արեւը» ֆիլմի համար:

Կազմակերպիչները կինոյում խոշոր վաստակի համար մրցանակներ հանձնեցին Քշիշտո Զանուսիին եւ Աբաս Քյառոստամիին: Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը Ջեք Քահիլին պարգեւատրեց «Անցած-գնացած» ֆիլմի ռեժիսուրայի համար: Հայաստանի կինեմատոգրաֆիստների եւ կինոքննադատների ասոցիացիան լավագույն ֆիլմ ճանաչեց Ռոբեր Գեդիկյանի «Իմ հայրն ինժեներ է» եւ Եշիմ Ուստաօղլուի «Ամպերին սպասելով» կինոնկարները:

Հրանտ Մաթեւոսյանի անվան մրցանակի արժանացավ Նաիրա Մուրադյանի «Ճանապարհ» ֆիլմըՙ լավագույն սցենարի համար:

Թ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4