«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#130, 2005-07-15 | #131, 2005-07-16 | #132, 2005-07-19


ԷԴԳԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԷԼԻՍ ԱՅԼՆԴԻ ՊԱՏՎՈ ՄԵԴԱԼԱԿԻՐ

Էլիս Այլնդի պատվո մեդալը հարգանքի տուրք է Ամերիկայի խայտաբղետ մշակութային «խճանկարը» կազմող խմբավորումներին, որոնց աչքի ընկնող ներկայացուցիչներին ամեն տարի շնորհվում է հատուկ հանդիսավորությամբ: Այս տարի այդ պատվավոր մրցանակին է արժանացել, ըստ «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի հուլիսի 2-ի տեղեկատվության, Դետրոյթից մեր հայրենակից, հայտնի բարերար Էդգար Հակոբյանը: 1953 թ. ստանձնելով իր հոր գորգերի մաքրման «Հակոբյան եւ որդիներ» ընկերության պատասխանատվությունը, նպաստել է դրա ընդարձակմանը եւ ներկայումս միայն այդ քաղաքում 200 հոգի է աշխատում սպասարկման երեք տարբեր սրահներում: Դրանցից բացի նա մասնաճյուղեր է բացել Նովիում եւ Միչիգանում: Հակոբյանը հովանավորում է նաեւ Դետրոյթի Արվեստի ինստիտուտի միջոցառումները եւ ստեղծագործական ուսումնասիրությունների քոլեջի գորգերի ձեւավորման տարեկան մրցանակաբաշխությունը, ակտիվ մասնակցություն բերում հայ համայնքի գործունեությանը: Նրա ջանքերի շնորհիվ է, որ Միչիգանում եւս, այլ նահանգների շարքում, ճանաչել են Հայոց ցեղասպանությունը եւ ապրիլի 24-ը ընդունել հիշատակի օր:

Իր ծառայությունների համար նա ժամանակին դարձել է «Տարվա մարդ» (1995 թ.) եւ արժանացել բազմաթիվ այլ մրցանակների:

Էլիս Այլնդի պատվո մեդալին մինչեւ օրս արժանացել են տարբեր էթնիկական ծագման 1000-ից ավելի ներկայացուցիչներ:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4