«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#130, 2005-07-15 | #131, 2005-07-16 | #132, 2005-07-19


ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ ԵՎ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ

Երեկ կամերային երաժշտության տանը մի քանի լրագրողների եւ լրատվամիջոցների մրցանակների հանձնման արարողությամբ ավարտվեցին Երեւանի մամուլի ակումբի 10-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները:

«Տնտեսության ոլորտի թափանցիկությանը նպաստելու համար» մրցանակի արժանացավ «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակից Հայկ Գեւորգյանը: «Քաղաքական վերլուծական հաղորդումների» մրցանակը ստացավ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը: «Ազգ» օրաթերթի թղթակից Թաթուլ Հակոբյանն արժանացավ «Տարածաշրջանային խնդիրների լուսաբանման» մրցանակին: «Հայրենիք» հեռուստատեսությանը շնորհվեց «Մանկապատանեկան հեռուստալսարանին հասցեագրված հաղորդումների» մրցանակը: Ֆոտոլրագրող Գերման Ավագյանին մրցանակ շնորհվեց «Մահաբեր խաղալիքներ» լուսանկարային շարքի համար: Հայաստանի հանրային ռադիոյի «Ռադիոլուր» լրատվական-վերլուծական ծրագիրը լավագույնը համարվեց «Օպերատիվ եւ բազմակողմանի լրատվության ապահովման» մրցանակաբաշխությունում: «Գեղագիտության համար» մրցանակը հանձնվեց «Շողակաթ» հեռուստաընկերությանը, իսկ ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանին տրվեց մրցանակՙ «Հրապարակային քաղաքականության մշակույթին հավատարմության» համար:

Երեւանի մամուլի ակումբի վարչության հատուկ մրցանակների արժանացան եւս 2 լրագրողներ: «168 ժամ» շաբաթաթերթում տպագրված հրապարակախոսական հոդվածների համար Վալերի Այդինյանի անվան մրցանակի արժանացավ Տիգրան Պասկեւիչյանը, իսկ Տիգրան Նաղդալյանի անվան մրցանակ ստացավ «Հ1»-ի լրագրող Արտակ Ալեքսանյանը:

Երեկ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի եւ Երեւանի մամուլի ակումբի «Հազարամյակի զարգացման նպատակների» թեմաներով մրցույթի առաջին 3 տեղերը զբաղեցրած լրագրողներինՙ Արփինե Հարությունյանին, Սառա Պետրոսյանին եւ Սուսաննա Շահնազարյանին (Գորիս) հանձնվեցին մրցանակներ: Եվ վերջապես ՄԱԿ-ի զարգացման ծրագրի եւ Երեւանի մամուլի ակումբի եւս 2 մրցանակներ ստացան «Առավոտ» օրաթերթի լրագրող Հասմիկ Բուդաղյանը եւ «Արմենիա նաու»-ի մեկնաբան Վահան Իշխանյանը:

ԵՄԱ ամենամյա մրցանակաբաշխության ժյուրիի կազմում ընդգրկված էին Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, «Ինտերնյուս» ՀԿ-ի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը, Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը, «Թիմ» ուսումնասիրությունների կենտրոն ՀԿ-ի նախագահ Ավետ Դեմուրյանը եւ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի նախագահ Էդիկ Բաղդասարյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4