Հայաստան-սփյուռք հարաբերությունները խորացնող միջոց
1960-ականներից Հայաստանում գործող սփյուռքի հետ մշակութային կապի կոմիտեն բավականին ազգանպաստ աշխատանք էր կատարում, թե քաղաքական բնույթի, թե հայ ժողովրդի երկու հատվածները կամրջելու առումով, նաեւ ստանձնելով Հայաստանում հրատարակված գրքերի, մասնավորապես դասագրքերի, մամուլի պետականորեն կազմակերպված առաքումը, ինչպես նաեւ ապահովում սփյուռքից փոխադարձ կապը (իհարկե, սովետական գաղափարախոսության աչալուրջ վերահսկողությամբ):
Անկախ Հայաստանի պայմանները Հայաստան-սփյուռք հարաբերությունների առավել լայն զարգացումների հնարավորություն են ստեղծել: Աշխարհասփյուռ հայության համար Հայաստանը տեսլական իդեալից վերածվեց առարկայական հայրենիքիՙ իր լավ ու վատ կողմերով ինչպես հուսահատությունների, այնպես էլ հուսադրումների տեղիք տալով: Անկախ հայաստանյան առկա շատ ու շատ մերժելի երեւույթներից եւ իրողություններից, սփյուռքահայության համար իրական խարիսխը Հայաստանն է լինելու եւ է, որքան էլ անկատար լինի: Սփյուռքի հանդեպ մեր տարաբնույթ ակնկալիքներով հանդերձ, Հայաստանն իր հերթին նպաստաբեր պայմաններ պիտի ստեղծի սփյուռքահայության համար: Զանազան միջոցառումների կամ գիտաժողովների մակարդակով միայն հնարավոր չէ Հայաստան-սփյուռք կապն իրականացնել: Եվ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» կարգախոսը շատ ավելի ֆորմալ բնույթ ունի: Մեր պատկերացումները սփյուռքի մասին հատվածական ու մակերեսային են մնում: Իսկ հայկական մամուլում սփյուռքյան իրողությունների լուսաբանումներ գրեթե բացակայում են, իսկ այս առումով մամուլը շատ բան կարող է անել (նկատի ունենք պարբերական կանոնավոր, կազմակերպված տեղեկությունը):
Մասնավորապես «Ազգը» որոշակիորեն անդրադարձներ անում էՙ սփյուռքահայ մամուլ եւ այլ աղբյուրներ վկայակոչելով: Հայաստանյան ընթերցող հանրության շատ սակավ մասն է ծանոթ սփյուռքահայ պարբերականներին, դա էլ մասնավոր ճանապարհներով կամ անձնական հարաբերությունների միջոցով: Չկա պետական մի կառույց, որ համակարգված մոտեցումով կազմակերպի տպագիր խոսքի կենտրոնացումը եւ առաքումը, որի առկայությամբ հնարավոր կլինի վերոնշյալ կազմակերպված տեղեկության ապահովումնՙ իբրեւ սփյուռքահայ կյանքի ընդհանուր համայնապատկեր:
Սփյուռքահայ մեր հայրենակիցների հետ զրույցներից տեղեկանում ենք, թե հայաստանյան իրականության մասին տեղեկությունների որքան անհրաժեշտություն կա Բեյրութում, Հալեպում, Փարիզում եւ այլուր, ընդ որում հատկապես մամուլի, որի առաքումը կանոնավորված չէ եւ արվում է անհատական ճանապարհով:
Տարիներ շարունակ «Սաբերատուր Սեւան» ճամփորդական գործակալությունը հոժարակամ իրականացրել է փոխադրական այդ ծառայությունը, սակայն վերջին շրջանում դադարեցրել է, որովհետեւ «Արմավիա» ավիաընկերությունը 15-20 կգ-ի սահմաններում արկղի նախկինում ընձեռած անվճար փոխադրման հնարավորությունը հանել է: «Մենք տարիներ շարունակ այդ ծառայությունը մատուցել ենք իբրեւ լավություն. մենք դրամ չենք վերցնել եւ չենք էլ կարող վերցնել, որովհետեւ փոստ չենք: Պետական փոստը կանոնավոր աշխատում է եւ միակ ճանապարհը մամուլի առաքման, պետական փոստն է», մեզ հետաքրքրող հարցն այսպես մեկնաբանեց գործակալության տնօրեն Լեւոն Քոչարյանը: Միանգամայն տրամաբանական եւ իրատեսական պատասխան: Պրն Քոչարյանն ավելացրեց, որ այսօր էլ մասնակիորեն փորձում են հնարավորության դեպքում օգտակար լինել, բայց ոչ կանոնավոր եւ միշտ, բացի դա, այս գործակալությունն ապահովում է Երեւան-Փարիզ-Երեւան չվերթը միայն: Իսկ մեր մտահոգությունն է հայաստանյան տպագիր մամուլի կազմակերպված փոստային առաքումը, որպեսզի պետականՙ արտգործնախարարության համապատասխան մի կառույց ստանձնի կանոնավորապես դա իրականացնել արտասահմանյան երկրներում դեսպանատների միջոցով:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ