«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#130, 2005-07-15 | #131, 2005-07-16 | #132, 2005-07-19


ԲՈՒԴՅՈՆՈՎՍԿՈՒՄ ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԿՈԹՈՂԸ ՊՂԾՎԵԼ, ԻՍԿ ԿԱՌՈՒՑՎՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՀՐԿԻԶՎԵԼ Է

Ստավրոպոլի երկրամասի Բուդյոնովսկ քաղաքում վերջին 6 ամիսներին արդեն երկրորդ անգամ պղծվել է քաղաքի հայ հիմնադիրների հիշատակին կառուցված խաչքար-կոթողը: Այս անգամ պղծումն ուղեկցվել է կոթողը եւ շրջապատը լուսավորող լապտերները փշրելով, բուն խաչքարը վնասվել է բետոնով, կամարը ծածկված է եղել սպորտային կոշիկների հետքերով, իսկ կամարի տակ գցված է եղել կատվի դի: Վերջին հանգամանքը հիմք է տալիս մտածելու, որ այս անգամ կոթողի պղծումը սատանիստների ձեռքի գործն է, իսկ պղծման բուն արարողությունը ծիսակատարության բնույթ է կրել: Սակայն հունիսի 16-ին գրանցվել է հերթական դիպվածըՙ հրկիզվել է կառուցվող հայկական Սուրբ Հարություն եկեղեցու ցանկապատը: Վնասվել է ցանկապատի մի մասը, եւ կրակը հասել է եկեղեցու տարածք: Դեպքը տեղի է ունեցել օրը ցերեկով, հրշեջները հասցրել են հանգցնել հրդեհը: Ականատեսները համոզված են, որ տեղի ունեցածը դիտավորյալ հրկիզում է: Բացառված չէ, որ բարբարոսներն ու հրձիգները գործել են քաղաքում ազգամիջյան հարաբերությունները սրելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է Կրասնոդարում լույս տեսնող «Երկրամաս» թերթի գլխավոր խմբագիր Տիգրան Թադեւոսյանը: Նույն աղբյուրի վկայությամբ. «Բուդյոնովսկի բնակիչները կոթողն ընկալում են որպես ռուս-հայկական բարեկամության հուշարձան: Այս համատեքստում ավելի մեծ տարակուսանք է առաջացնում անվտանգության մարմինների անգործությունը: Նրանց համար ըստ ամենայնի ավելի հեշտ է զբաղվել Հայաստանի աշխատանքային միգրանտների փնտրտուքով եւ Հայաստան վերադարձնելու անվտանգ գործով, քան իրական հանցագործների ձերբակալմամբ:

Բուդյոնովսկի հիմնադիրների հիշատակի կոթողի բացումը տեղի է ունեցել 2004 թ. հոկտեմբերի 17-ին, բաղկացած է 8 մ բարձրություն ունեցող կամարից, խաչքարից եւ քարերի կոմպոզիցիայից: Կամարի տակ ամրացված է երկար տարիներ հայկական եկեղեցու այցելուներին հավաքող զանգը: Կամարի երկու կողմերում ռուսերեն եւ հայերեն գրությունն էՙ 1799-2004, Սուրբ Խաչ: Բարբարոսության առաջին դրսեւորման ժամանակՙ այս տարվա փետրվարին ջնջվել են նշված թվերը ռուսերեն գրությունում եւ թվերն ու Սուրբ Խաչ գրությունըՙ համարյա ամբողջովին հայերենում: Պատմական տվյալի համաձայն, Սուրբ Խաչ, ներկայումս Բուդյոնովսկ քաղաքը հիմնադրել են ղարաբաղցիներըՙ 1799-ին Ռուսաստանի կայսր Պավել 1-ի շնորհած հրովարտակով:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4