Երեւանի մամուլի ակումբի տասնամյակի շրջանակներում մարզական երկու միջոցառում էր կազմակերպվել: Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանը միջազգային գրոսմայստեր Արտաշես Մինասյանը միաժամանակյա խաղի սեանս անցկացրեց լրագրողների հետ: Անվանի գրոսմայստերի հետ համարձակվել էին ուժերը չափել 15 լրագրողներ: Նրանցից չորսինՙ Ռուբեն Մարգարյանին («Գոլոս Արմենիի»), Արա Մովսիսյանին («Արտակարգ ալիք»), Ռազմիկ Ավագյանին («Նոյյան տապան») եւ Արա Նալբանդյանին («Լիտերատուրնայա Արմենիա») հաջողվեց պատվաբեր ոչ-ոք արդյունքի հասնել գրոսմայստերի հետ մրցավեճում: Ամենահամառ դիմադրությունը ցույց տված Ռուբեն Մարգարյանն արժանացավ դրամական պարգեւի: Իսկ խաղի բոլոր մասնակիցներին որպես հաճելի հուշ հանձնվեցին Երեւանի մամուլի ակումբի խորհրդանշանով մարզաշապիկներ ու գլխարկներ:
Մյուս միջոցառումը լրագրողների եւ դիվանագետների հավաքականների ֆուտբոլի ընկերական հանդիպումն էր: Վերջինիս հիմնական կորիզը կազմում էր ԱԳՆ ֆուտբոլի թիմը, որն ուժեղացվել էր Հայաստանում Գերմանիայի եւ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատների աշխատակիցներով:
Առաջին խաղակեսում լրագրողների թիմը հաղթում էր 2-0 հաշվով, սակայն ընդմիջումից հետո դիվանագետները 3 գոլ խփեցին: Այնուամենայնիվ, լրագրողների համառությունը վարձատրվեց: Խաղավարտի վերջին վայրկյաններին Էդուարդ Քալանթարյանը փրկեց իր թիմին պարտությունից: Խաղն ավարտվեց ոչ-ոքի (3-3): Լավագույն խաղացողներ ճանաչված Էդուարդ Քալանթարյանին ու Արմեն Գեւորգյանին մրցանակներ հանձնվեցին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ