«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#130, 2005-07-15 | #131, 2005-07-16 | #132, 2005-07-19


ՁԵՌՆՏՈ՞Ւ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԲԱՐՁՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ ՑՈՒՅՑ ՏԱԼԸ

Մի շարք ոլորտներումՙ ակնհայտորեն ոչ

Հայաստանում ստվերային տնտեսության չնվազող ծավալներին բազմիցս ենք անդրադարձել, բայց դժբախտաբար առ այսօր լուրջ դրական տեղաշարժ չի նկատվում: Անշուշտ հարկային եկամուտներն աճում են, չհավատալ դրան չենք կարող, սակայն այն ցուցանիշը, որը պատասխան է տալիս հարցին, թե որքանո՞վ է ստվերային տնտեսությունը նվազել, գրեթե չի փոփոխվում: Խոսքը համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) նկատմամբ հարկման ցուցանիշի մասին է: Այն անցյալ տարի, նախորդ տարվա համեմատ ավելացել է ընդամենը 0,1 տոկոսային կետով: Այս տարվա կիսամյակային տվյալները վիճակագրության ազգային ծառայությունը դեռեւս չի հրապարակել, սակայն ակնհայտ է, որ էական տարբերություններ այստեղ չեն գրանցվել եւ ակնհայտ է, որ գումարային եկամուտների աճը հետեւանք է միայն տնտեսական աճի առանց ստվերի նվազման:

ՀՆԱ նկատմամբ հարկման ցուցանիշը եւս մեկ հետաքրքրական հարց է առաջացնում կապված համախառն ներքին արդյունքի աճի հետ: Արդյոք մեր երկրում ներկայացվող տնտեսական աճի ցուցանիշը համապատասխանո՞ւմ է իրականությանը: Կարծես թե բոլորին է հայտնի, որ տնտեսական աճի մասին հրապարակվող ցուցանիշները բնակչությունը թերահավատորեն է ընդունում: Դրա համար սակայն հիմնավոր պատճառաբանություն չի ներկայացվում, բացի նրանից, որ նման կարծիք ունեցողներն իրենց վրա չեն զգում այդ աճը:

Սակայն, սովորաբար, վերոնշյալ հարցադրմանը պատասխանելիս որեւէ մեկը երբեք հաշվի չի առնում համախառն ներքին արդյունքի նկատմամբ հարկման ցուցանիշը: Եթե իշխանությունները փորձեն ավելի բարձր ներկայացնել ՀՆԱ աճի ցուցանիշը, ապա ստիպված պետք է պատասխանեն այն հարցին, թե իսկ ինչո՞ւ է աղետալիորեն հետ մնում ՀՆԱ նկատմամբ հարկման ցուցանիշը: Այսինքն, տվյալ դեպքում տնտեսական չհիմնավորված բարձր աճ ցույց տալը ձեռնտու չէ իշխանություններին: Ավելին, նրանց ձեռնտու է անգամ ավելի ցածր աճ ցույց տալը: Համենայն դեպս, առեւտրի եւ ներքին շուկայի համար նախատեսված արտադրության աճի տեմպերը կարող են լինել շատ ավելի բարձր, քան հրապարակվում են: Ակնհայտ է, որ այս ոլորտներում առկա է ստվեր, որը ոչ մի կերպ չի գալիս օրինական դաշտ: Հետեւաբար, այստեղ արձանագրվում է ավելի բարձր աճ, քան հայտարարվում է, որը սակայն դուրս է մնում հարկման դաշտից: Այս դեպքում վիճծառայությունը եթե ցանկանա էլ, չի կարող իրականությանը համապատասխանող տեղեկություն ներկայացնել:

Բերենք ընդամենը մեկ օրինակ, որ հարկումից մշտապես դուրս գտնվող ոլորտը շարունակում է մնալ այդպիսին անգամ հաշվառման դաշտ բերելու մասին համապատասխան օրենքի ընդունումից հետո: Խոսքը տոնավաճառների մասին է: Համաձայն ԱԺ ընդունած օրենքի, ապրիլի 1-ից այս ոլորտի կրպակներն ու խանութները պետք է տեղադրեին հսկիչ դրամարկղային մեքենաներ: Հարկային ծառայության պետի տեղակալ Ռոբերտ Քոչարյանն ապրիլի վերջին ունեցած մեր հարցազրույցի ժամանակ հայտնեց, որ արդեն տեղադրվել է 200 նման մեքենա, եւ այդ գործընթացը աստիճանաբար կընդլայնվի: Սակայն մի քանի օր առաջ մեկ այլ օրաթերթին հարցազրույց տված նույն պաշտոնյան դարձյալ հայտնեց, որ մինչ այժմ 200 մեքենաներ են տեղադրված: Ընդ որում, դարձյալ նույն հուսավառ տոնով: Հարկ ենք համարում նրան հիշեցնել, որ այդ ցուցանիշը փաստորեն անփոփոխ է արդեն երեք ամիս:

Վերադառնալով ՀՆԱ նկատմամբ հարկման ցուցանիշին, հարկ է նաեւ նշել, որ տնտեսական բարձր աճ ներկայացնելու այլ ոլորտներ կան: Դրանք են գյուղատնտեսությունը եւ արտահանման ուղղվածություն ունեցող արտադրությունները: Այս բնագավառները ազատված են հիմնականՙ ավելացված արժեքի հարկից: Հետեւաբար, ՀՆԱ նկատմամբ հարկման ցուցանիշ ներկայացնելու հարց չի առաջանում: Այսինքն, կարող ենք փաստել, որ մի դեպքում կառավարությանն ու իշխանություններին շահավետ է ներկայացնել բարձր աճ, մյուս դեպքումՙ թաքցնել իրական աճը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4