«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#134, 2005-07-21 | #135, 2005-07-22 | #136, 2005-07-23


«ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՓՈՐՁԵԼ Է ՈՉ ԹԵ ՊԱՅԹԵՑՆԵԼ ԲՈՒՇԻՆ, ԱՅԼ ՀԱՐՎԱԾԵԼ ՍԱԱԿԱՇՎԻԼՈՒ ՀԱՄԲԱՎԻՆ»

Վրաստանի նախագահը հայտարարել է, որ 27-ամյա Վլադիմիր Հարությունյանը փորձել է ոչ թե պայթեցնել երկու նախագահներին, այլ հարվածել Վրաստանի հեղինակությանը եւ միջազգային համբավին: Վրացական հեռուստաալիքները եթեր են հեռարձակել տեսաժապավեն, որում Հարությունյանն իրեն մեղավոր է ճանաչում մայիսի 10-ին Թբիլիսիում ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի դեմ մահափորձ կատարելու մեջ: «Ես եմ նետել այդ նռնակը Բուշի վրա: Գնացեք, ավելի լավ ծառայեք նրան, նա միգուցե ձեզ մեդալ տա», ասել է 27-ամյա վիրահայը:

Վրաստանի գլխավոր դատախազ Զուրաբ Ադեիշվիլին իր հայ գործընկեր Աղվան Հովսեփյանի հետ Թբիլիսիում կայացած հանդիպումից հետո ասել է. «Կասկածյալը Վրաստանի քաղաքացի է, միջադեպը տեղի է ունեցել Վրաստանում, եւ, բնականաբար, դա ոչ մի առնչություն չունի Հայաստանի հետ: Բոլոր տեղեկություններն ու ապացույցները մենք առայժմ փնտրում ենք Վրաստանում: Դրանք հենց այստեղ են»:

Իր հերթին ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Սեյրան Շահսուվարյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հերքել է արտասահմանյան որոշ լրատվամիջոցներով տարածված տեղեկությունը, թե Բուշի եւ Սաակաշվիլու ուղղությամբ նետված նռնակը հայաստանյան արտադրության է եղել: Շահսուվարյանն ասել է, որ նռնակը չէր կարող լինել հայաստանյան արտադրության, քանի որ «ներկայումս» Հայաստանում նռնակներ չեն արտադրվում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4