«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#134, 2005-07-21 | #135, 2005-07-22 | #136, 2005-07-23


ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԸ ՆՈՐ ԲԱՆԱՁԵՎ Է ԸՆԴՈՒՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանում ԱՄՆ դեսպանը հստակ ուղերձներ է փոխանցում գործող իշխանություններին

«Ազգը» երեկվա համարում գրել էր, որ Մ. Նահանգների Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հուլիսի 18-ին ընդունել է բանաձեւ, որում Բաքվի իշխանություններին կոչ է արվում նոյեմբերի 6-ին երկրում անցկացնել ազատ եւ արդար խորհրդարանական ընտրություններ: Երկու օր անցՙ հուլիսի 20-ին Կոնգրեսն ընդունել է նոր բանաձեւ, որին կողմ են քվեարկել 416 կոնգրեսականներ, դեմՙ 1-ը: Այս բանաձեւի նախաբանում ընդգծվում է, որ 2003 թ. նախագահական ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշներին:

«Ներկայացուցիչների պալատն Ադրբեջանի կառավարությանը հորդորում է ընտրություններին երաշխավորել ընդդիմադիր կուսակցությունների լիարժեք մասնակցությունը, ներառյալ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների, ովքեր (վերջին շրջանում) ենթարկվել են ձերբակալությունների»: Փաստաթղթում միջազգային հանրությանը եւ ոչ կառավարական կազմակերպություններին կոչ է արվում ապահովել բավարար քանակությամբ դիտորդների մասնակցությունը:

Ադրբեջանում հայտնի անկախ քաղաքական փորձագետ Զարդուշտ Ալիզադեն «Էխո» թերթում նկատում է. «Բանաձեւն ապացուցում է, որ ԱՄՆ-ն անկեղծորեն շահագրգռված է ողջ աշխարհում, մասնավորապես Ադրբեջանում ժողովրդավարության զարգացմամբ»: Ալիզադեն հիշեցնում է, որ Ադրբեջանի յուրաքանչյուր ընտրությունից առաջ ԱՄՆ նախագահը, հայտնի կոնգրեսականները, ԵԱՀԿ-ն, ԵՄ-ն, ԵԽ-ն եւ տարբեր միջազգային կազմակերպություններ ցանկություն են հայտնում, որ ադրբեջանական ընտրություններն անցնեն թափանցիկ եւ համապատասխանեն եվրոպական չափանիշներին:

«Բայց դա հնարավոր չէ, որովհետեւ Ադրբեջանում չկա եւ չի եղել ժողովրդավարական ընտրությունների ավանդույթ: Ժողովրդավարությունն Ադրբեջանում այնքան չի զարգացել, որպեսզի հնարավոր լինեին արդար ընտրություններ: Մեր երկրում իշխանության ամեն մի փոփոխություն ուղեկցվում է ֆիզիկական ոչնչացումով, ձերբակալություններով, օրինակներըՙ Վեզիրով, Մութալիբով, Էլչիբեյ: Եվ ոչ ոք երաշխիքներ չի տա, որ եթե իշխանության գան այսօրվա «ճակատայինները», նրանք չեն կրկնելու նախկին հերոսությունները: Այսօր իշխանությունը պատկանում է ոչ թե ժողովրդին, ինչպես դա պետք է լինի ժողովրդավարության դեպքում, այլ (Ալիեւների) ընտանիքին եւ կլանին», ասել է Ալիզադեն:

Բաքվի «Զերկալոն» նշում է, որ Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպան Հաֆիզ Փաշաեւը փորձել է խոչընդոտել բանաձեւի ընդունմանը, սակայն դա նրան չի հաջողվել: Թերթը հիշեցնում է, որ 2003 թ. հոկտեմբերի նախագահական ընտրությունից հետո Սպիտակ տունը խիստ քննադատության է ենթարկվել հենց ԱՄՆ-ում: Մասնավորապես Բուշին քննադատելու պատճառ է դարձել այն հանգամանքը, որ ամերիկյան վարչակազմն Ադրբեջանում ժողովրդավարական արժեքները զոհաբերել է Մ. Նահանգների աշխարհաքաղաքական շահերին:

«Այսօր իրավիճակը բոլորովին այլ է: Նախՙ Բուշը վերընտրվել է, եւ որպես օրենք պահպանողական հանրապետականները նախագահության երկրորդ ժամկետում դառնում են ավելի ժողովրդավար: Երկրորդՙ Վրաստանի, Ուկրաինայի եւ Կիրգիզիայի հաջողություններից հետո ԱՄՆ նախագահը հայտարարել է «խաչակրաց արշավանք» այն երկրների դեմ, որոնք չեն դավանում կամ մասամբ են դավանում արեւմտյան աշխարհի արժեքները: Երրորդՙ Բուշի վարչակազմում վիճակը փոխվել է, այսինքնՙ պետքարտուղարությունում կադրային փոփոխությունները հօգուտ Բաքվի չեն: Պետքարտուղարությունը գլխավորում է Կոնդոլիզա Ռայսըՙ համոզված հակակոմունիստ եւ ժողովրդավարական շարժումների կողմնակից այնտեղ, որտեղ թույլ են տալիս պայմանները: Բացի այդ, պետքարտուղարությունից հեռացել է Ռիչարդ Արմիթեյջըՙ նախկին պետքարտուղարի առաջին տեղակալը, պաշտոնական Բաքվի ընկերը», գրում է «Զերկալոն»:

Ակնհայտորեն նոյեմբերյան ընտրությունները մոտենալուն զուգընթաց Ադրբեջանում ամերիկյան ճնշումներն ավելի են ուժեղանում: Հավանական է, որ նույն փորձությունը սպասվի նաեւ Հայաստանին: Մի քանի օր առաջ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը «Մեդիամաքսին» տված հարցազրույցում հայտարարեց, որ 2007 թ. խորհրդարանական եւ 2008 թ. նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելու յուրաքանչյուր փորձ լուրջ խնդիրներ կառաջացնի:

«Մ. Նահանգները գտնում է, որ 2007 եւ 2008 թթ. ընտրությունները պետք է լինեն ազատ եւ արդար, պետք է այդպես ընկալեն ինչպես հայ ընտրողները, այնպես էլ միջազգային դիտորդները: Իրականում դա պարզ ճշմարտություն է. ժողովրդավարական երկրներում նոր առաջնորդներին ընտրում են քվեատուփի միջոցով: Այս տարածաշրջանում որոշ այլ ընտրությունների դասը պետք է չափազանց պարզ եւ հստակ լինի ամեն մեկի համար, ով գայթակղություն կունենա կեղծելու ընտրությունների արդյունքները. մարդիկ հիմար չեն, կհայտնաբերեն դա, ինչը կառաջացնի մեծ խնդիրՙ հղի ահռելի ռիսկերով», ասել է Էվանսը:

Դեսպանը նաեւ նկատել էր, որ ամեն մի երկրում ժողովրդավարությունը պետք է զարգանա իր պատմությանը, մշակույթին եւ առկա հանգամանքներին համապատասխան, եւ «ամուր ու անսասան ժողովրդավարական Հայաստանը կարող է փարոս դառնալ այս տարածաշրջանում նրանց համար, ովքեր փորձում են ժողովրդավարություն հաստատել իրենց երկրներում»: «Մենք չունենք ֆավորիտներ թեկնածուների շարքերում եւ աշխատելու ենք այն առաջնորդի հետ, որը իշխանության կգա ազատ ու արդար ընտրությունների ճանապարհով», ասել է դեսպան Էվանսը:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4