«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#134, 2005-07-21 | #135, 2005-07-22 | #136, 2005-07-23


ՎԵՆԵՏԻԿԸ ՈՂՋՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ

«Լավ է, բայց օրենքներում էլ բարելավումներ պիտի անել»

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Նախընթաց օրը ուշ երեկոյան վերջապես սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության նախագիծը հասավ մեր քաղաքական գործիչներին: Երեկ ԱԺ եվրոինտեգրման հանձնաժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը ներկայացրեց դրա վերաբերյալ իր դիտարկումները:

«Սահմանադրական փոփոխությունների վերանայված նախագիծը Վենետիկի հանձնաժողովի մեկնաբանած նախորդ նախագծերի համեմատ անառարկելի բարեփոխում է: Հանձնաժողովի կարծիքով դրա երկրորդ ընթերցմամբ ընդունումը եւ հետո այդ տեքստի հիման վրա հաջող սահմանադրական հանրաքվեն լավ հիմք կլինեն մարդու իրավունքների հարգման, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության ոլորտներում ՀՀ սահմանադրության համապատասխանությունը եվրոպական չափանիշներին ապահովելու համար եւ ճանապարհ կհարթեն եվրոպական հետագա ինտեգրացիայի համար»:

Ամբողջության մեջ եզրակացության ոգին ու էությունը բարիդրացիական է: Ողջունելով, որ իրենց առաջարկած այս կամ այն փոփոխությանն անպայման արձագանքել են Հայաստանի իշխանությունները, վենետիկցիները, այնուամենայնիվ, հասկացնում են, թե լավ է, բայց էլի լավացրեք:

Ակնարկը վերաբերում է հատկապես ԶԼՄ-ների ազատությանը` մի մոռացեք, որ օրենքներում էլ պետք է փոփոխություններ անել: Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամների նշանակման նոր ձեւը, որ Վենետիկի պահանջով ներկայացրել են Հայաստանի իշխանությունները, հետեւյալն է` հանձնաժողովի անդամների կեսին պիտի նշանակի ԱԺ-ն (բայց նրանք կուսակցականներ չպետք է լինեն), մյուս կեսին` հանրապետության նախագահը: Ողջունելով այս սրբագրումը, այնուամենայնիվ, Վենետիկը խնդրահարույց է համարում մեկ այլ դրույթ` հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի բոլոր անդամների նշանակումը հանրապետության նախագահի կողմից: Բայց եթե նախագահի այդ լիազորությունը պահպանվի, ապա, ըստ Վենետիկի դիտողության, գոնե այդ անդամների նշանակման գործընթացը պիտի լինի բաց ու թափանցիկ:

Հանձնաժողովն առաջարկում է կառավարության կառուցվածքը եւս ամրագրել օրենքով: Տիգրան Թորոսյանը նշեց, որ այս դիտողությանն անպայման լրացուցիչ արձագանք կլինի: Հանձնաժողովի նախապես արած դիտողության համաձայն, նոր նախագծում նախագահի անձեռնմխելիությունը վերանում է (եթե ինչ-ինչ հանցավոր արարքներ է թույլ տվել) նրա պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո:

Եզրակացությունն առանձին կետով անդրադառնում է կառավարության նիստերի ղեկավարմանը: Կարեւորվում է նախագծի այն դրույթը, որ նախագահն այսուհետեւ կարող է նախագահել եւ հրավիրել կառավարության նիստերը միայն արտաքին քաղաքականության, պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերով:

Դատական համակարգի փոփոխությունները եւս հավանության են արժանացել: Դրանք կյանքի կոչվելու դեպքում լիովին պետք է փոփոխվի նաեւ այս ասպարեզին վերաբերող օրենսդրական դաշտը: Վենետիկն առաջարկում է դա եւս իրականացնել Եվրոխորհրդի մասնակցությամբ եւ դարձյալ փորձաքննությունների ճանապարհով:

Վենետիկը ողջունել է նաեւ տեղական ինքնակառավարմանը վերաբերող փոփոխությունները` մասնավորեցնելով հատկապես Երեւանի քաղաքապետի ընտրության խնդիրը: Սահմանադրության նախագծում արդեն իսկ նշվում է, որ Երեւանը համայնք է, այսինքն քաղաքապետն էլ ընտրովի պիտի լինի: Ընդ որում, նշվում է, որ տեղական ինքնակառավարման մասին եվրոպական խարտիան չի բացառում նաեւ համայնքի ղեկավարի անուղղակի ընտրություններ:

Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը հաստատման է ներկայացվել Վենետիկի հաջորդ լիագումար նիստին, որ կայանալու է հոկտեմբերին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4