«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#134, 2005-07-21 | #135, 2005-07-22 | #136, 2005-07-23


«ԻՄ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՅԱՆՔՆ Է»

Մարտիրոս Սարյանի մի հարցազրույցը

Մոսկվայի «Երիտասարդ գվարդիա» հրատարակչությունը 1969 թ. լույս է ընծայել հարցազրույցների մի գիրքՙ «Ձեզ պատասխանում է արտիստը» խոսուն վերնագրով:

Արվեստի, կյանքի, իրենց վարպետության «գաղտնիքների», ստեղծագործական ճակատագրերի ու պլանների մասին են զրուցում արվեստի ամենատարբեր բնագավառներիՙ խորհրդային եւ արտասահմանյան այնպիսի նշանավոր դեմքեր, ինչպիսիք ենՙ Դմիտրի Շոստակովիչը, Նատալյա Բեսսմերտնովան, Արկադի Ռայկինը, Դոնատաս Բանիոնիսը, Հարություն Հակոբյանը, Ռոքուել Քենտը, Մարչելո Մաստրոյանին եւ շատ ուրիշներ:

«Նեդելյա» շաբաթաթերթից ծաղկաքաղված այս ուշագրավ գիրքը բացվում է աշխարհահռչակ Մարտիրոս Սարյանի լուսանկարով, «Իզվեստիայի» հատուկ թղթակից Ա. Պլուտնիկի «Իմ երջանկությունը կյանքն է» խորագրով ուսանելի խոսք ու զրույցով, որն էլ թարգմանաբար ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանը:

Առաջինը ձայն է խնդրում ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, Լենինյան մրցանակի դափնեկիր Մարտիրոս Սարյանը: Գեղեցիկ է նրա դեմքըՙ ուղղանկյունաձեւ բարձր ճակատով, անհնազանդ ցրված երկար, ճերմակ մազերով: Ցնցող են չորուկ, ջլուտ ձեռքերը, որոնք հիշեցնում են զառիթափի եզրին աճած ծառերի արմատներ...

- Մարտիրոս Սերգեեւիչ,- տալիս ենք առաջին հարցը, Դուք ինչպե՞ս հավատացիք նկարչի Ձեր կոչմանը:

- Ես պարզապես աշխատում էի: Ոմա՛նց գրգռում էի, ոմա՛նցՙ ուրախացնում: Բայց, իմ կարծիքով, նկարիչը ծնվում է հենց մարդու մեջ, իսկ մարդ պետք է հավատա այն ամենին, ինչ ասում կամ անում է: Ամենագլխավորը սա է: Գործի հանդեպ ձգտումը պետք է ապրի մարդու ներաշխարհում, այլ ոչ թե նրանից դուրս: Իր էությամբ է մարդ ընկալում ամբողջ աշխարհը, եւ ամբողջ աշխարհն էլ արտացոլվում է նրա մեջ: Ուստի ամեն ինչ ե՛ւ օգտակար կարող է լինել, ե՛ւ վնասակարՙ նայած թե ինչ ես «կորզում» կյանքից: Յուրաքանչյուր մարդ աշխարհ նվաճող է: Ատելությամբ աշխարհ չես նվաճի. պատմության մեջ քիչ չեն դրա ապացույցները: Այն սիրով պետք է նվաճել: Ես սկսել եմ որպես աշխարհը սիրող նկարիչ եւ ձգտում եմ միշտ հավատարիմ մնալ այդ սկզբունքին:

- Հիմա ենք հասկանում, թե Ձեր կտավներում ինչու այդքան արեւ կա:

- Հայ ժողովուրդը շատ զրկանքներ ու տառապանքներ է կրել, բայց երբեք չի կորցրել ստեղծագործելու ոգին: Դրանով մենք ներկայացել ենք որպես մեր մեջ առաջ ընթանալու ուժեր ունեցող շնորհալի ժողովուրդ: Իսկ ես իմ ժողովրդի զավակն եմ:

- Ձեր նկարներով հիանում է աշխարհը. դա փառք է, ճանաչում: Նկարչի համար, սակայն, այդ ճանաչումը, սեփական ստեղծագործությունները որպես կատարելության մարմնացում ընդունելու եւ իրեն կրկնելու առումով վտանգ չունի՞ արդյոք իր մեջ:

- Ես համարյա իննսուն տարեկան եմ, բայց ավելի շատ մտածում եմ ապագայի, քան անցյալի մասին: Ստեղծագործությունը ոչ թե փառքի հետամտում է, այլ մարդկանց, առարկաների ու երեւույթների էությունն ըմբռնելու անհաղթահարելի ցանկություն: Նկարչի մեջ պետք է լինի ինչ-որ հաստատուն մի բան, որ ոչ մի ազդեցության չենթարկվիՙ անկախ այն բանիցՙ գովո՞ւմ են նրան, թե՞ կշտամբում: Ես կասեի, որ ստեղծագործությունն աշխարհին սեւեռված հայացք է: Չեմ կարող ներել ինձ, որ այսքան քիչ եմ ստեղծել: Ծույլ եմ եղել. կարող էի ստեղծել հարյուր անգամ ավելի շատ:

- Ձեզ համար, հավանաբար, ամենաերջանիկ օրերը եղել են, երբ կարողացել եք շա՞տ գործ անել:

- Ամենաերջանիկն ինձ համար իմ ծննդյան օրն է: Ծնվելն ինքնին երջանկություն է: Ես ինձ համարում եմ երջանիկ մարդ: Ոչ փո՛ղն է իմ երջանկությունը, ո՛չ ծառայությունը, այլ հենց ինքըՙ կյանքը: Ես շատ եմ սիրում ապրել... Աստվածացնում եմ մայրերին. նրանք ծնելով մեզՙ մեծագույն երջանկություն են պարգեւում: Եվ եթե մարդիկ կյանքում ոչինչ չեն գտնում, եթե նրանք այնքան բժբախտ են, որ իրենց մեջ սպանում են կյանքը, ապա դա ահավոր մոլորություն է, հրեշավոր սխալ:

- Ձեր խոսքերից դատելովՙ Դուք ընկեր եք անվանում նրան, ով մարդու մեջ պահպանում է կյանքում այրումով, կրքով ապրելու ցանկությունը:

- Ես հավատում ու սիրում եմ մարդկանց: Նրանց հանդեպ թշնամական վերաբերմունք չունեմ, չարացած չեմ: Բայց առանձին մարդկանց նկատմամբ յուրահատուկ թուլություն ունեմ: Եվ ընկերներ եմ անվանում հատկապես նրանց, ում նկատմամբ նման թուլություն ունեմ, առանց որոնց իմ կյանքը չեմ պատկերացնում: Ցավոք, ես անձամբ իմ բոլոր ընկերներին ծանոթ չեմ. շատերն ապրում են ինձանից հեռու: Նրանք հասարակ ջուլհակուհիներ են, քարագործներ, ծովագնացներ: Գիտեմ, եթե հանդիպեմ նրանց, անպայման կգտնեմ բարեկամներիս: Երբ ինչ-ինչ պարագաներ միանում են, մարդու մեջ զարթնում է թաքնված ինչ-որ բան: Ինչպե՞ս եւ ե՞րբ է դա լինում, դժվար է ասել: Յուրաքանչյուրի մոտ յուրովի էՙ կա՛մ երջանկության մեջ, կա՛մՙ դժբախտության: Բայց չի կարելի ձեռքից բաց թողնել բարեկամին ճանաչելու եւ ոչ մի պահ. հետո շատ ես զղջում, բացի այդՙ ներաշխարհդ է չափազանց աղքատանում...

- Ի՞նչն եք Դուք անվանում նկարչի ներաշխարհ: Որտեղի՞ց է գալիս այդ աշխարհը, ինչպե՞ս է այն ձեւավորվում:

- Մենք սովորում ենք, զբոսնում, աշխատում, հանդիպում ընկերների, ուսուցիչների, անցորդների: Շատ բան ենք տեսնում ու լսում: Կյանքի եւ ոչ մի կողմը (արտահայտությունը) հենց այնպես չի անցնում մեր գիտակցության կողքով: Մեր հոգում միշտ ինչ-որ բան է մնում: Յուրաքանչյուրը վերցնում է այն, ինչն իրեն պետք է, ինչ ունակ է վերցնելու: Ընդունակ մարդը նկատում է ավելին: Նրա հոգին ավելի շատ է հարստանում: Արվեստագետի համար նման հարստությունը ոչ թե շռայլություն, այլ անհրաժեշտություն է. նա ոչ միայն ինքն իրեն, այլեւ շրջապատին է «ազդարարում» կյանքի մասինՙ նկարներով, գրքերով, ճարտարապետական կառույցներով:

- Որպեսզի կյանքը վերարտադրվի նկարի, քանդակի, գրքի միջոցով, ոչ միայն տաղանդ, այլեւ հսկայական համբերություն է պահանջվում: Գյոթեն անգամ գտնում էր, որ հանճարն ամենից առաջ համբերությունն է: Նկարիչն արդյոք պե՞տք է աշխատի նաեւ այն օրերին, երբ հոգեպես տրամադրված չէ դրան:

- Նման օրերին ես չեմ աշխատում: Բայց ընդհանրապես անհրաժեշտ է աշխատել որքան հնարավոր է շատ: Առանց աշխատանքի ոչինչ չի ստացվի. մարդու հոգում կփտի ամեն ինչՙ դիտումների, զգացումների պաշարները: Պետք է հասկանալ աշխատանքի մեծ երջանկությունը, հարմարվել այդ երջանկությանն ու չհրաժարվել դրանից: Ես ամեն օր չեմ աշխատել, աշխատել եմ միայն այն օրերին, երբ իմ մեջ «շարժվել է» բերկրանքը, երբ առաջացել է նկարելու պահանջ: Մտնելով ստեղծագործական աշխարհՙ մարդ ամեն ինչ մոռանում է: Դժվար է խոսել ստեղծագործության մասին. կարելի է երեւակայել, ստել, բայց ճշգրտորեն վերարտադրել սեփական զգացումները, համարյա անհնարին է...

Ստեղծագործական լարվածությունը շատ բան է խլում մարդուց: Իսկ մարդիկ այդ ջանքերի մասին դատում են ռեալապեսՙ ստեղծագործական պրոցեսի արդյունքով, այն բանով, թե ստեղծագործողն ինչ է տեսել այս արտասովոր աշխարհում, հետաքրքրական է դա, թե՞ ոչ, հարկավո՞ր է, թե՞ ոչ:

Կցանկանայի դեռ շատ անգամ մտնել այդ արտասովոր աշխարհը, աշխատել այնտեղ եւ այնտեղից ձեռնունայն չվերադառնալ:

- Ձեր ողջ կյանքում Դուք շրջել եք աշխարհը, Ձեր աչքերի առաջ է պատմությունն իր դրամաները «խաղացել», Ձեզ բնորդել են մեծ մարդիկ, հզոր բնությունը: Ե՞րբ եւ ինչո՞վ է կյանքն ամենից շատ զարմացրել Ձեզ, ի՞նչ հրաշքի եք ականատես եղել:

- Նման հրաշքներ տեսել եմ այնքան, որքան անգամ հանդիպել եմ բարի մարդկանց, բարությանը: Այդ հանդիպումներն ինձ միշտ լուսավորել են: Մարդկային ամենակարեւոր արժանիքը բարությունն է: Բարին լույսն է, բարին մարդու առաջատարն է: Բարությունն ստեղծարար է: Թե՛ գիտության, թե՛ արվեստի ամենահանճարեղ հայտնագործությունները նրանով են կատարվել: Իսկ չարությունը դրանցից մի քանիսի մեջ «ներմուծում» է շահը: Ինչո՞վ է մարդուն գայթակղում չարը, ինչպե՞ս է կարողանում նրան պահել իր ճիրաններում: Միայն մութ գործը, շահը: Բնությունը մարդուն կյանքի է կոչել եւ յուրաքանչյուրին օժտել խելքի եւ իմաստնության որոշ բաժնով, ու պետք չէ չարությամբ հակադրվել բնության պարգեւած բարուն: Կյանքը պետք է օգնի մարդուն մշտապես մնալու բարու շրջանակներում: Երբեմն, երբ վատ տրամադրություն ենք ունենում, մտածում ենք, թե կյանքը միօրինակ է, թե օրերը կրկնվում են: Ամենեւին էլՙ ոչ: Մենք պարզապես չենք հասկանում, թե որքա՜ն երջանիկ ենք, երջանիկ նրանով, որ ապրում ենք այսպիսի մեծ, հիասքանչ երկրում, որ մեզ արեւն է առաջնորդում, եւ արեւի շնորհիվ ենք զգում հավերժությունը, զգում, որ աշխարհն անվերջ է: Չնայած մարդուն վիճակված է ապրել որոշակի թվով տարիներ, բայց նա իր կյանքով զգում է հավիտենականությունըՙ ասես թե միշտ ապրել է ու պիտի ապրի: Կյանքի ընթացքն այնքան լավ է, այնքան հրաշալի, որ մենք չենք վախենում մահից: Ի՜նչ լավ է, որ մեր մահից հետո էլ արեւ է լինելու: Մի՞թե հրաշք չէ արեւըՙ մշտապես հուրհրացող, այդ փոքրիկ լուսատու գունդը: Նրա հավիտենությունը ոգեւորում է: Մենք հավատում ենք կյանքի ջերմությանը, հավատում ենք մարդկային տաղանդին: Հիանալի է, որ մեր կյաքը լի է մեզ մեծ մարդասիրության կոչող կոմունիստական լուսավոր գաղափարներով:

- Ինչպե՞ս եք վերաբերվում դասական ու ժամանակակից արվեստներին:

- Ես արվեստը չեմ բաժանում ժամանակակցի եւ ոչ ժամանակակցի: Տաղանդավոր ստեղծագործությունները դուրս են գալիս ժամանակի սահմաններից, վատն արագ մեռնում է: Ամեն ինչի լավն իմ ճաշակով է:

- Գոյություն ունի կարծիք, ըստ որի ինչպես գիտական, այնպես էլ մշակութային առաջընթացի շարժիչ ուժը համարվում է մարդկային ինքնասիրությունը: Դուք կիսո՞ւմ եք նման կարծիքը:

- Դժվար հարց եք տալիս: Այդ մասին պետք է հարցնել փիլիսոփաներին, իսկ ես նկարիչ եմ:

- Բայց մի՞թե Ձեր կտավները հագեցած չեն փիլիսոփայական մտորումներով:

Սարյանը մտախոհ է դառնում, «ընկղմվում» բազկաթոռի մեջ, գլուխը հակում... Ի վերջո խոսում է.

- Դուք, թերեւս, իրավացի եք: Ես իսկապես աշխատում եմ խորհել... Բայց մարդն այնքա՜ն վատ է ճանաչում ինքն իրեն, իր հնարավորությունները (նույնիսկ այն մարդը, ով մտորելու փորձ ունի):

...Հիշում եմ, նկարել եմ բանաստեղծ Եղիշե Չարենցի դիմանկարը: Ինձ թվում էր, թե հենց այնպես, առանց որեւէ նպատակի եմ պոետի դեմքի հարեւանությամբ կտավին «տեղադրել» ինձ համար սիրելի եգիպտական դիմակը: Տարիներ անց միայն հասկացա, թե ինչու եմ այդպես վարվել. հավերժություն մարմնավորող դիմակի դատարկ ու անտարբեր (սառը) աչքերը ստվերակում են բանաստեղծի աչքերի ոգեշունչ փայլը: Հասկանո՞ւմ եքՙ նկարիչն ինքը, ենթարկվելով ներքին պոռթկմանը, երբեմն չի կարողանում մինչեւ վերջ ըմբռնել իր իսկ ներքին մղումները... Դուք կարծես խոսում էիք ինքնասիրությա՞ն մասին. ինքնասիրություն կարող է ունենալ նաեւ ոչ խելացի մարդը, նաեւՙ ապաշնորհը:

- Հանձն կառնե՞ք ապացուցելու, թե ինքնասիրությամբ հանճար չեն դառնա:

Սարյանը ծիծաղում է.

- Իրոք, այդպես է: Ստեղծագործելուն ավելի շատ մղում է մարդկային հպարտության ներքին զգացումը: Մարդը բանական, հպարտ արարած է... Նա կյանքի շունչն ու հոգին է, կյանքի իմաստը: Ցավալի է, որ մարդ ինքն իրեն վատ է ճանաչում: Ով հետաքրքրվում է իրենով, նա էլ արարում է:

- Տարիների ընթացքում ամեն մարդ (ստեղծագործողը եւս) ձեռք է բերում բազմաթիվ սովորույթներ. դրանցից մի քանիսն օգնում են նրան, մի քանիսըՙ խանգարում: Ունե՞ք արդյոք որեւէ սովորույթ, որի համար զղջում եք: Եվ հակառակըՙ ո՞ր սովորույթներն եք համարում օգտակար (արժեքավոր):

- Հարգում եմ այն սովորույթները, որոնք մարդուն կամքի ուժ են տալիս: Օրինակՙ ֆիզկուլտուրայով, սպորտով զբաղվելը: Սպորտը երիտասարդների համար լուրջ գործ է: Այն օգտակար է եւ մարդու մեջ չի մեռցնում ստեղծագործական ուժերը, չի կողոպտում նրան: Գիտեք, չէ՞, որ հին Հունաստանում սպորտը դիտվել է որպես բնական գեղեցկություն ստեղծելու մի միջոց: Բայց շատ սովորույթներ... կամքի թուլությունից են. ասենքՙ ծխելը: Առաջ ես էլ էի ծխում (կյանքում ո՞վ չի արել նման հիմարություն), բայց թողեցի: Ահաՙ ոչ թե կամքիս, այլ հիշողությունիցս եմ ուզում գանգատվել: Թուլացել է հիշողությունս. մոռանում եմ անգամ, որ նկարիչ եմ: Քիչ եմ աշխատում, իսկ աշխատել ուզում եմ անընդհատ, առանց շունչ քաշելու: Ուզում եմ ապրել, դիտել, ուրախանալ, ճանաչել եւ կյանքը վերարտադրել կտավի վրա: Պաշտում եմ Երկիր մոլորակը եւ շարունակ մտածում եմ, թե մարդկությունն ինչպես է վարվելու նրա հետ... Բնությունն արարել է մարդուն, որպեսզի նա քայլի տարածության ու հավերժության մեջ, որպեսզի նրա միջոցով հարատեւի:

Թարգմանեց ՆԻԿՈԼԱՅ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4