Նոր Ջուղայի հայկական գաղթօջախի հիմնադրման 400-ամյակի կապակցությամբ Մատենադարանի ֆոնդերից հանված 49 ձեռագրերՙ ավետարաններ, Աստվածաշնչի օրինակներ, ծիսական գրքեր, մաշտոցներ, պատարագամատույցներ, թարգմանություններ եւ այլն, ներկայացված են այնտեղ երեկվանից բացված ցուցահանդեսում: Ձեռագրերը հարուստ տեղեկություններ են հաղորդում եւ ամբողջական գաղափար տալիս բռնագաղթած հայերի, եւ հատկապես Նոր Ջուղայի հայ գաղութի պատմության եւ մշակութային կյանքի մասին: «Բռնագաղթի ճանապարհին մեծ զոհեր ու կորուստներ կրած հայերի նկատմամբ Շահ Աբբասը հետագայում բարյացակամ վերաբերմունք է ցուցաբերել: Նրանց հողեր է հատկացրել Նոր Ջուղան կառուցելու, արհեստներն ու առեւտուրը զարգացնելու համար: Այս գաղթօջախը յուրահատուկ է եղել նաեւ այն բանով, որ հայերը նպաստել են ոչ միայն առեւտրային կապերի զարգացմանը, այլեւ կարեւոր դեր խաղացել դիվանագիտության եւ մշակույթի ոլորտում», «Ազգի» հետ զրուցելիս ասաց Մատենադարանի ցուցասրահի վարիչ Աիդա Չարախչյանը:
Շահ Աբբասի բռնագաղթի ժամանակ հայերն իրենց հետ Իրան են տարել բազմաթիվ ձեռագրեր, հետագայում ստեղծել են նորերը, որոնք հիմնականում պահպանված են Մայր աթոռ Սբ. Էջմիածնի ձեռագրատանը, Մատենադարանում, Իրանի Նոր Ջուղայի Սբ. Ամենափրկիչ վանքի թանգարանում:
Ամերիկահայ մշակույթի հիմնադրամի «Փերիա» մշակութային կենտրոնը 2003 թվականի օգոստոսից սկսել է միջոցառումների ծրագիր, որի նպատակը շահաբբասյան բռնագաղթի հետեւանքով Իրանում ձեւավորված Նոր Ջուղայի գաղութի 400-ամյա պատմությունն ու մշակութային արժեքները աշխարհին ներկայացնելն է:
Իրանական աղբյուրների համաձայն, Իրան տեղափոխված առաջին հայերը եղել են ճարտարապետներ, նրանք մ.թ.ա. 6-րդ դարում բնակեցվել են ներկայիս Շիրազ քաղաքումՙ Դարեհ Ա-ի ժամանակ Աքեմենյան դինաստիայի մայրաքաղաքներ Շուշի եւ Պերսեպոլիսի պալատները կառուցելու նպատակով: Էսմայիլ Ռայինի «Իրանցի հայերը» գրքում կան նաեւ վկայություններ, որ այդ շրջանում Իրան տեղափոխված հայերը հիմնականում կայսրության բանակում ծառայող զինվորականներ են եղել: Հետագայում, ըստ հայ պատմիչների, հայերի թիվն ավելացել է առաջին բռնագաղթերի հետեւանքով, որ տեղի են ունեցել Սասանյան թագավորներ Արտաշիր Պապականի եւ Շապուհ Բ-ի օրոք: Ուշագրավ է, որ հայկական աղբյուրների համաձայն բռնագաղթել է 100 հազար մարդ, իսկ ըստ պարսկական աղբյուրներիՙ 113 հազար հայ ընտանիք: 7-րդ դարի սկզբին, երբ արաբներից պարտություն կրած Իրանը մահմեդականություն է ընդունել, հարկադրված մահմեդական են դարձել նաեւ հայերը եւ ձուլվել իրանցիներին: Հետագա դարերին Իրանում կրկին բազմամարդ հայկական համայնք է ձեւավորվել: 1603 թվականին Վանի, Մանազկերտի, Ալաշկերտի, էրզրումի, Բասենի, Խնուսի վրա հարձակված Շահ Աբբասը Իրան է տեղափոխել 60 հազար հայերի: Մեկ տարի անց ավելի մեծ թվով հայեր են բռնագաղթել Նախիջեւանից, Երեւանից եւ Արցախից, ողջ Արեւելյան Հայաստանից: Մոտ 27 հազար ընտանիքների Շահ Աբբասը տեղափոխել է Գիլան եւ Մազանդարան նահանգներ, սակայն նրանց մեծ մասը չի դիմացել կլիմայի կտրուկ փոփոխությանը եւ մահացել է: Տարբեր տվյալներով, բռնագաղթածների թիվը 500 հազարից ավելի է եղել: Ինչպես արդեն նշեցինք, Շահ Աբբասը համակրանքով է վերաբերվել բռնագաղթած հայերին, սակայն նրա հաջորդները կտրուկ փոխել են իրենց վերաբերմունքը հայերի նկատմամբ, ճնշել եւ հարստահարել նրանց, երբեմն բռնի ուժով մահմեդականացրել: 1736 թվականից ի վեր հայերի վիճակը բարելավվել է, նրանք զբաղեցրել են պետական եւ զինվորական բարձր պաշտոններ, կարեւոր դերակատարում ունեցել երկրի զարգացման համար:
«Մինչեւ 2010 թվականը տարբեր երկրներում կներկայացնենք Նոր Ջուղայի հայկական գաղութի 400-ամյա պատմությունն ու մշակույթը: Ցավոք, դրա մասին թե՛ Հայաստանում, թե՛ այլ երկրներում քչերն են տեղյակ, մինչդեռ հենց այդ մասունքների շնորհիվ է իրանահայությունը պահպանել եւ շարունակում է պահպանել իր ազգային դիմագիծը», ասաց «Փերիա» մշակութային կենտրոնի նախագահ Մասիս Բաղդասարյանը:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ