«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#134, 2005-07-21 | #135, 2005-07-22 | #136, 2005-07-23


ԿՅԱՆՔԸ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄՙ ՏԵՍԱԽՑԻԿԻ «ԱՉՔԵՐՈՎ»

Մեր իրականության մեջ վերջին 10-15 տարիներին հայտնվեցին մարդիկ, ովքեր կյանքի սոցիալական սահմաններից անդին ենՙ ասոցիալ. այդ իմաստով, նրանք դուրս են կեցության եզրերից: Խոսքը անտուն, անօթեւան մարդկանց մասին է: Իրական կյանքից նրանք անմիջապես էկրան բարձրացան: Այդ մարդիկ վաղուց արդեն գտնվում էին աշխարհի շատ, այդ թվումՙ զարգացած երկրների կինովավերագրողների դիտակետում: Ամենեւին պատահական չէ, որ աշխարհի տարբեր երկրներից «Ոսկե ծիրան» փառատոն ուղարկված ֆիլմերի մեջ նկատելի տեղ էր զբաղեցնում այդ թեման: «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում եւս ընդգրկվել էր ֆիլմ, որի հերոսներն անտուն մարդիկ ենՙ «բոմժեր», ինչպես անվանում են նրանց: Դա Արման Երիցյանի «Բաց երկնքի տակ» կինոնկարն է, որն արժանացավ «Մարկ-Սարգիս» գլխավոր մրցանակին` որպես «Հայկական համայնապատկերի» լավագույն ֆիլմ, իսկ մինչ այդ արժանացել էր նաեւ Հայաստանում արդեն երկրորդ անգամ անցկացվող Միջազգային երիտասարդական կինոփառատոնի գլխավոր մրցանակին: Ֆիլմի հերոսներն իրենց ողջ էությամբ հերքում են «կեցությունն է որոշում գիտակցությունը» հայտնի դրույթը: Հեռու իրենց հայրենի Ռուսաստանից, այս մարդիկՙ տղամարդ եւ կին, ծվարել են Հայաստանի «բաց երկնքի տակ», կիրթ են, սիրում են կարդալ Հեմինգուեյ, Բուլգակով, Էդգար Պո եւ այլն (գրքերի մի մասը մարդիկ են տվել նրանց, որոշ գրքեր իրենք են գնել), չեն սիրում «դեղին մամուլը», քանի որ այնտեղ «միայն բամբասանք կա», բարյացակամ են, աստվածապաշտ (հոգ չէ, որ ռուսական եկեղեցի չկա Երեւանում. «Գրիգորյան թեՙ ուղղափառ, միեւնույնն է, քրիստոնեական է») ու միմյանց սիրել, նվիրվել գիտեն... Հերոսի ցրտահարված մատները, ֆիլմի հեղինակի նախաձեռնությամբ, համերգասրահի ռոյալի վրա դժվարությամբ «Լուսնի սոնատի» առաջին տակտերն են հնչեցնում. ազդեցիկ, տպավորիչ դրվագ է: Հույսով, որ մի օր այս ֆիլմում իրենց կտեսնեն Ռուսաստանում ապրող զավակները, ոչ ոքի հանդեպ չչարացած այս մարդիկ խաղաղ կնքում են իրենց մահկանացուն:

Դիտելով նաեւ Կանադայում, Հոլանդիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Արգենտինայում եւ այլուր ծայրահեղ վիճակում հայտնված մարդկանց մասին պատմող, հայեցակարգով տարբեր վավերագրական ֆիլմերը, որոնք ընդգրկված էին «Ոսկե ծիրանի» ծրագրում, սկսում ես այլ կերպ իմաստավորել գոյության խորհուրդը: Դրանցում պատմվում է մարդկային բացառիկ անհատականությունների մասինՙ հեղինակային ուրույն ոճով ու պատկերակարգով: Անտուն, կենցաղի տարրական բարիքներից զուրկ մարդու մասին ֆիլմ նկարելիս լոկ փաստի արձանագրումը բավական լինել չի կարող. դա թերեւս լրատվության, հեռուստատեսության գործառույթն է: Ֆիլմը պետք է ինչ-որ նոր աշխարհ բացի, հայտնագործի, պիտի օգնի հանդիսատեսին ուրիշ աչքերով նայել իրականության արդեն սովորական դարձած փաստերին: Ֆիլմը կոնցեպցիա էՙ հեղինակի հայացք, տեսախցիկի ուղղակի եւ, միեւնույն ժամանակ, բեկված հայացք:

Ս. Գ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4