ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ
Մաղաքիա Օրմանյանը հասարակական, քաղաքական գործիչ էր, հրապարակախոս, պատմաբան, բանասեր, Կ. Պոլսի հայոց պատրիարք (1896-1907 թթ.), Իտալիայում ուսանելու տարիներին եղել է կաթոլիկ, իսկ ավելի ուշ դարձի եկել եւ 1877-ին հրաժարվել է կաթոլիկությունից, որոշել է իրեն նվիրել հայ եկեղեցուն, հայ ժողովրդի լուսավորությանը: Նա տիրապետել է բազմաթիվ լեզուների (իտալերեն, ֆրանսերեն, հունարեն, լատիներեն, արաբերեն, թուրքերեն), եղել է Հռոմի աստվածաբանական ակադեմիայի անդամ: 1879 թ. օծվել է Հայ առաքելական եկեղեցու վարդապետ: Ս. Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում դասավանդել է աստվածաբանություն: Նրա դավանաբանական գրքերը հարուստ նյութեր են պարունակում հայ ժողովրդի քաղաքական-մշակութային պատմության վերաբերյալ: Նա հանդիպել է Ջուզեպե Գարիբալդիին եւ նրա հետ քննարկել է հայ եւ իտալացի ժողովուրդների ազատագրական պայքարի հարցեր:
Ամուսնուսՙ լուսահոգի Գրիգոր Քեշիշյանի արխիվային նյութերին ծանոթանալիս, երջանիկ պատահականությամբ նկատեցի մեծ մտավորական Վահրամ Փափազյանի երկու էսսե-հուշագրություններըՙ «Քեռին» եւ «Մաղաքիա Օրմանյան» վերնագրերով: «Քեռին» արդեն տպագրվել է այս տարվա «Գրական թերթի» հուլիսի 8-ի թիվ 26 -ում: Ինձ խորապես հուզեց մեր մեծ դերասանի սքանչելի լեզուն, նրա լայն մտածողությունը, հումորի չտեսնված զգացողությունն ու հայրենասիրությունը:
Կարդացեք տեսանող Փափազյանին, վստահ եմ, որ կհարստանաք:
ԱՆԺԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Վենետիկում էի: Այդ թաց քաղաքի ձմեռվա օրերից մեկն էր: Այն միգամած ու լղրճուկ օրերից մեկը, երբ այդ ջրային հանրապետության մայրաքաղաքըՙ Ադրիականի թագուհին, պլլվում է հոգնած մարմնիդ անհագուրդ պչրուհու խոնավ շոյանքովՙ երկար ժամանակից ի վեր գործածված եւ չլվացված սպիտակեղենի նման:
Ինձ նման արեւատենչ մի խումբ աշակերտների հետ Մուրադյան ճեմարանի կամարակապ բակում, զբոսանքի էինք միջօրեին, որը շատ էր նման լալկան իրիկնամուտի:
Հանկարծ աղմուկ բարձրացավ: Ասորական սեւ մորուքներով պատկառելի մխիթարյաններ եւ նույն ժամին դպրոցում գտնվող այցելու ուսուցիչներ, որոնք արդեն անմորուք, շտապ իջան սանդուղքներից դեպի մուտքի դարպասը, որի նեղլիկ քարափի առաջ նոր էր կանգ առել ոսկեցռուկ գոնդոլը, որի ծիրանի բարձերի վրայից փորձում էր բարձրանալ դեպի քարափ ծիրանասքեմ պատկառելի մի ծերուկՙ ոսկեծոփ ու ծիրանի գոտիներով զարդարված գոնդոլավորների օգնությամբ:
Կարդինալ Ռամպոլլան էր այդ, Վենետիկի էքս հանրապետության պատրիարքը, միեւնույն ժամանակ վատիկանյան կոնգլավի(1) մշտնջենական անդամը վետոյի իրավունքով, եւ, այս բոլորից զատ, Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանիՙ Տաճկաստանի հայության պատրիարքի դպրոցական ընկերն ու մտերիմ բարեկամը այն երջանիկ տարիներին, երբ Օրմանյան սրբազանը աբեղա էր դեռեւս Վատիկանի Սանտա-պրոպականդա ընծայարանում... երբ Պետրոս առաքյալի բանալիները բռնում էր, լավ չեմ հիշում, Պիոսներից քանիերորդը:
Էքս հանրապետություն ասացի, եւ թող չզարմացնի այդ իմ ընթերցողին:
Եթե Մաձձինիի, մանավանդ Գարիբալդիի ջանքերի շնորհիվ Իտալիան միացավ ու թագավորություն դարձավ Սովոյո տան գայիսոնի տակ, Վենետիկի հազարամյա հանրապետությունը կանգնեց մի անսպասելի դիլեմայի առաջ. մնալ Հարսբուրգների կայսրության մշտնջենական մի գավա՞ռը, կամ, հակառակ լեզվական տարբերության, ինչպես եւ փառահեղ պատմական անցյալի, իր ցեղակից իտալացիների հետ օրգանական մի մասը դառնալ այն գեղեցիկ մուճակին, որով Հարավային Եվրոպան միշտ աքացի է զարկել Հյուսիսային Ափրիկեի ճակատին... Մուճակին, մի խոսքով, որի «իտալական թագավորություն» քաղաքական հորջորջումին ամենքից ավելի սատարեց իր վերջին դոժըՙ Մանենը:
Մանենը, սակայն, այնքան քաղաքական հեռատեսություն ունեցավ, որ պահպանեց նախկին հանրապետության հաշվին իր ավելի քան հազարամյա պատրիարքությունը, որով ազատեց դոժերի տիրապետության սահմաններում եկեղեցական կալվածներն ու վանքապատկան հարստությունները Վատիկանի յուրիդիկական եւ կրոնական իրավասությունից:
Ահա թե ինչու Վենետիկն այսօր, անհամար քաղաքներից մեկը Իտալիո թագավորության, առանձին ու ավտոքեֆալ(2) պատրիարքություն ունի, երբ ամբողջ կրոնական Իտալիան ենթարկվում է Վատիկանին:
Ուսումնարանի քարաքանդակ հյուրասրահում, ընդունելության արարողությունից հետո, բարձրաստիճան կղերականն իջավ Կասկանդելյանի եւ ուրիշ Մխիթարյանների ընկերակցությամբ դեպի կամարակապ բակը, աշակերտների մոտ, սրբատաշ մարմար սանդուղքներից, որոնց ցուրտ մերկությունը տաքացրել էին ծիրանի գորգով, ժրաջան փոքրավորները «եկեղեցու իշխանին», որին եւ պատմությունը մակագրել ու զմռսել էր վաղուց փոշոտված արխիվներումՙ տեղապահ կարդինալ Ռամպոլլա հորջորջումով:
Երբ մոտեցավ մեզ, զվարթ էր կարդինալը- մխիթարյանները գիտեին հյուրասիրել, եւ նրանց մառանը հայտնի էր Իտալիայում իր թանկարժեք եւ ավելի քան մի քանի տասնյակ տարիների «իմաստությամբ» հորջորջված գինիների հավաքածուով:
Կատակեց. մեկի ականջը քաշեց, մյուսի թշերը սեղմեց... որից քաջալերվածՙ սկսեցինք հարցեր տալ կարդինալին:
Գիտեինք, որ Օրմանյանի դասընկերն է եղել, եւ որովհետեւ Պոլսո թերթերից նույն օրը տեղեկացել էինք, թե սուլթան Աբդուլ Համիդը, հայտնի չէ, թե ինչ ծառայությունների համար, իր գահակալության տարեդարձի առթիվ, մեճիդիե շքանշանի առաջին աստիճանով պատվել էր հայոց պատրիարքին, խնդրեցինք կարդինալինՙ հայտնել իր կարծիքը նախկին կաթոլիկ աբբա, հիմա լուսավորչական եկեղեցու արքեպիսկոպոս եւ, իբր վրադիր էլ, Պոլսո պատրիարք Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի մասին:
Մի պտղունց քթախոտ քաշելուց հետո, որի ոսկե տուփի կափարիչը փակելիս իր եկեղեցական աստիճանը շեշտող զմրուխտ մատանին ցուցադրելուց զատ եւ մի պատկառելի փռշտոցով տիրող լռությունը աղմկելովՙ կարդինալը հայտարարեց. «Պատրիարք էֆենդին հեռվից նման է օրանգուտանի... բայց երբ մոտենաս եւ հետը խոսեսՙ առաջին բառերից իսկ կհամոզվես, որ Արեւելքի ամենախորամանկ, այլեւ հեռատես քաղաքագետն է նորին սուրբ օծություն Մաղաքիա արքեպիսկոպոսը»:
Օ՜, ինչքան ճիշտ էր այդ. լավագույն ծաղրանկարիչը, Կավառնին անգամ, չէր կարող մատիտի երկու հարվածով պարփակել այդքան լայն ու խոր իմաստություն այդքան ծիծաղելի կերպարանքի մեջ:
Բայց ծիծաղելի՞ է արդյոք պատրիարք էֆենդին. այո, թերեւս, կարճատես աչքերի համար միայն: Որովհետեւ իրոք դժվար էր չորս գծից բաղկացած, որոնք նրա երկու կիսախուփ աչքերը, լայնանիստ քիթը եւ ականջները հասնող բերանի գծերն էին, կլոր, կըս-կլոր, մի բոլորակի մեջ, որ նորին սրբազնության կերպարանքի սահմանագիծն էր... Դժվար էր գտնել, կրկնում եմ, այդքան համով հումորի շեշտ եւ այդքան խորաթափանց մտքի թռիչք, որպիսին բնությունը դեռ չի զետեղել ոչ մի գանգի մեջ:
Թե ինչու էր մեր Սրբազանը կաթոլիկությանը թիկունք դարձրել եւ իր ծավալուն կերպարանքը դեպի Էջմիածին հառել, այդ ինքը գիտեր: Բայց, ենթադրվում էր Բոսֆորի ափում, եւ ենթադրությունը երբեմն ճշմարտություն է(3), որ Սրբազանը այդ թիկնադարձ շարժումը ճիշտ ժամանակին էր ի կատար ածել, երբ Պոլսո լուսավորչական եկեղեցին, հետեւաբար եւ սուլթանական ներքին քաղաքականությունը մեկից ավելի պատճառներ ուներ զգույշ եւ շրջահայաց վերաբերմունք ցույց տալ Վատիկանի ոտնձգությանՙ կայսրության մեջ ծաղկող քրիստոնյա աղանդների հանդեպ: Ահա թե ինչու սուլթանական քաղաքականությունը շտապել էր ընդունել թիկնադարձ եպիսկոպոսինՙ որպես մոլորյալ ոչխարի դեպի իր ասպնջական փարախը, եւ պատրիարքական գայիսոնով նրան վարձատրել:
Այս արդեն հերիք չէ՞ արդյոքՙ հասկանալու համար, թե ավելի շուտ մի քաղաքական դեմք էր պատրիարք էֆենդին Բոսֆորի ափում, քան միանձնական մի կղերականՙ Լուսավորչի բարեպաշտ հոտում: Եվ իրավացի էր Սրբազանը, որովհետեւ շնորհիվ իր այդ պատրիարքական գայիսոնի, եթե չկարողացավ էլ կասեցնել եւ չեզոքացնել հայ մտավորականության բնաջնջումը Տաճկաստանում, գոնե կարողացավ նա հեռացնել այդ աղետը որքան կարելի էր, մանավանդ որքան ժամանակ որ կարողացավ պահել իր ձեռքերում այդ փրկարար գայիսոնը:
Եվ, անհաշտ թշնամիներ ունեցավ նա այդ գործի մեջ:
Ազգային ազատագրական շարժումը, որ ծնունդ էր առել Բոսֆորի ափերում, եւ տարածվել մինչեւ Անատոլիի խորքերը, անգլուխ եւ անժամանակ մի երեւույթ էր, որի առաջնորդող ու խրախուսողները անհեռատես ու անճարակ մարդիկ էին, դժբախտաբար, անընդունակ ըմբռնելու ոչ ժամանակը, ոչ շրջապատը, եւ այդ գեղեցիկ շարժումը, որն անպայման փրկարար արշալույս կլիներ, եթե տեղին ու ժամանակին լիներ, շնորհիվ մի խումբ համբակներիՙ կործանարար վերջալույս եղավ մեծագույն եւ լուսավորյալ մի հատվածի համար մեր ազգի, որի կորուստը ոչ ժամանակը մխիթարեց, ոչ էլ մնացորդների ցանկությունը դարմանեց:
Եվ բանը հասավ այնտեղ, որ չեմ հիշում, թե որ եկեղեցում եւ ինչ արարողության միջոցին, ինչ-որ հակամարտ կուսակցություն անհաջող մահափորձ կատարեց Օրմանյանի վրա(4), որի անմիջական չարաբաստիկ հետեւանքը եղավ այն, որ սուլթանի քաղաքական ոստիկանությունը ժամանակին վերահասու եղավ արդեն խմորվող այդ ազատագրական շարժմանՙ դեռեւս նրա սաղմնային վիճակումՙ պահելով նրան իր դեղին աչքերի տեսադաշտի վրա, հանգեցնելու համար նրա ծնունդը ահավոր վիժումի:
Եվ այդ դեռ ոչինչ. այդ մոլորյալ գնդակը, որ քերելով Սրբազանի ուսըՙ մեխվեց խորանի պատին, ոչ միայն կրկնապատկեց ժողովրդի սերը դեպի Օրմանյանը, այլեւ սուլթանական բարյացակամությունը շեշտեց իր անվերապահ վստահությունը էրմենների վեքիլ(5) պատրիարք էֆենդիի անձին մի երկրորդ պատվոնշանով, որին անմիջական արձագանքեցին ավստրիական կայսր Ֆրանց Իոսեֆի, Պոլսո դեսպան կոմս Չոնենտալի այցելությունը Սրբազանինՙ հանդերձ մի այլ պատվոնշանով, եւ Ֆրանսիական Հանրապետության նախագահ Լուրեի ցավակցական հեռագրերըՙ Պատվո Լեգեոնի խաչով:
Կարծեմ ցարական Ռուսաստանն էլ իր կարգին, գուցե ետ չմնալու համար արեւմտյան վեհապետներից, հեռատես առատաձեռնությամբ Աննայի կամ Վլադիմիրի նման մի բանով հարստացրեց Սրբազանի քաղաքական ցուղափեղկը:
Եսայան վարժարանի աշակերտ էի ես այն ժամանակ: Աղմուկը մեծ եղավ Պոլսում: Մայրս երեկոյան պատմում էր, թե բաղնիսում բարձրաստիճան թուրք հանըմներ զարմացած վիրավորանքով պատմել էին այդ դեպքը երկու սապնաջուրի արանքում, երբ թնջուք մազերը սանրելիս չարանենգ հումորով հարց էին տվել ներկա կիսամերկ ու թաց հայ հանըմներին, թեՙ «Ալլահ, եղա՞ծ բան է, որ էրմենի ֆիդայիները, էրմենիների պատրիք էֆենդիին վրա դաբանչա(6) են պարպել...»:
Եվ երբ այդ դեպքից մի շաբաթ անց, զատկի տոների առթիվ, թե մրցանակաբաշխության, լավ չեմ հիշում, Նորին օծություն Տեր, Տեր Մաղաքիան այցելեց մեզՙ աշակերտներիս, Եսայան վարժարանում, կարծես կրկնակի փարթամացել էր նրա կլոր կերպարանքը, եւ հաղթանակի ժպիտը հասցրել էր նրա բերանի անկյունները մինչեւ ականջները:
Հոգաբարձության անդամներով եւ ուսուցիչներով շրջապատված, Մաղաքիա սրբազանը, թաթարական խաներ հիշեցնող իր ցանցառ մորուքով ու տափակ քթով, իր պատկառելի վեղարի տակ պպզած, իսկ որ կենդանի պատկեր էր, միեւնույն ժամանակ բացատրությունն ու արդարացումը պոլսահայ բուրժուազիայի դարավոր պահպանողական քաղաքականության, որով միշտ լեզու էր գտել Էրթողռուլի ժառանգների հետ Բոսֆորի ափումՙ հինգ հարյուր տարուց ի վեր:
Եվ ես, կորած աշակերտների մեջ այդ մեծ սրահի մի անկյունում,տեսնելիս այդ պատկերը, լիովին համակարծիք էի զգում ինձ, թեեւ կարդինալ Ռամպոլլայի հետ, եւ մտածում էի, սակայն, դեռ այն ժամանակ եւ հիմա էլ մտածում եմ, թե ո՞ւմ էր պետք եւ ինչո՞ւ այդ քաղաքական հակամարտ պայքարը մի պահպանողական պատրիարքի եւ անժամանակ-առաջադեմ անճարակների միջեւ, երբ նույն գայլի ու գառնուկի պատմությունն էր կրկնվում Բյուզանդիոնի պարիսպների տակ... եւ, որ միեւնույնն է, թե՛ վերեւի, թե՛ ներքեւի հոսանքից խմում էր իր ջուրը խեղճ գառնուկը, քանի որ դատապարտված էր գայլի կերակուրը լինելու:
Եվ իրավ չէ՞ արդյոք, եթե Օրմանյանը եւ իր համախոհները կարողացան հազար զոհողությամբ եւ ի գին անխոստովանելի կաշառքներիՙ մի որոշ չափով ուշացնել մի հինավուրց ազգի բնաջնջումը, մինչդեռ ազատագրության անժամանակ ցավով վարակվածներՙ մոտեցրին այդ արյունալի թվականը... Արդյունքը օրերի հոլովումի մեջ նույնը չեղա՞վ արդյոք: Եվ ո՞ւմ էր պետք այդ երկու ողբալի միջոցները, կրկնում եմ, երբ միակ միջոցը, որպեսզի եղածը եղած լիներՙ պետք էր ժամանակին փշրել գայլի ատամները, կամ գառնուկին զինել գիշատիչ ճիրանների բնազդով:
Բայց հայը միշտ ուշացել է իր մտածման մեջ եւ իզուր չի տաճիկների այն կարծիքը, թեՙ «Երանի հայի վերջին խելքը իմը լիներ...»:
Չեմ հիշում ե՞րբ եւ որտե՞ղ, բայց կարծես առիթ եմ ունեցել թղթին հանձնելու, թե Աստված կամ Աստծո գաղափարը մարդու ստեղծածն է, հետեւաբար կրոնը կամ հավատքը ուրեմն, նույնորակ է մարդու անհատականության: Կիսավայրենի մի ժողովրդի համար Աստված նույնը չէ, ինչպիսին է այդ, օրինակ, մի դաստիարակված ազգի կամ համայնքի համար:
Այդ Աստծո գաղափարը կամ կրոնը, եթե մեկի համար մշտնջենական մի վախ է կամ անանցանելի մի սարսափ, մյուսի համար մի հույս էՙ ոչնչով չարդարացված, երբեք չապացուցված, բայց եւ այնպես մի հույս, որին ապավինում է միջին խելքի մարդըՙ կարենալ բացատրելու համար այն, ինչ անբացատրելի է թվում նրա ողորմելի ուղեղին: Կան եւ այնպիսի հոգիներ, որոնց համար այդ մարդկային, խիստ մարդկային հերյուրանքը հարմարագույն ու անխորտակ պահարանն է, ուր խաբված մարդը պահում է չիրականացած ցանկությունների, անդատաստան զրկանքների ու անբավ ապաշխարանքի աշխարհային հանելուկը... սպասելով նրանց լուծումը ինչ-որ անդրաշխարհային կյանքում, որին հավատում է եւ որին ի խնդիրՙ ներկան է անտեսում:
Կան եւ այնպիսի հոգիներ, որոնք, ապավինած իրենց անձնապաստան գոռոզության, կարծում են հրամայել բնության ուժերին, մոռանալով, որ մարդը մի կաթիլ սերմից առաջացած մի օրգանիզմ էՙ ենթակա իր գոյությամբ իսկ նույն այդ բնության ուժերին, որոնց անբավ բարիքները նա կարող է օգտագործել ճիշտ նույն այդ ուժերի համակարգության սահմաններում, բայց երբեքՙ նրանց տիրապետել:
Չգիտեմ, թե արդյոք Օրմանյանը համաձայն կլինե՞ր իմ այս կարծիքին կամ ենթադրության, բայց այն մի քանի կարճ տեսակցությունը, որ ունեցել եմ նրա հետ, երբ իրերի բերմամբ կարգազուրկ պատրիարքը վերջին ձեռքն էր տալիս «Հայոց եկեղեցին» իր հոյակապ գործը մամուլի հանձնելուց առաջ, Ֆերիդեի իր բնակարանում, այն տպավորությունն էր թողել ինձ վրա, թե նորին սրբազանությունը ավելի շուտ քաղաքական դեմք եւ փիլիսոփա է, իր կրոնական կոչման սքեմն ուներ միայն իր անձի վրա, քան այդ պսեվդո-դասակարգի,- այն ժամանակներում այդ դասակարգ էր,- մոլեռանդ կուրությունը:
Նոր էի աշակերտել Քաղկեդոնի կոլեջում, երբ գերման կայսրըՙ Վիլհելմ Հոհենցոլլեռնը, սուլթան Համիդին տված իր այցելության առթիվ թելադրել էր լեղապատառ խալիֆային(7) Պոլիս-Բաղդադ երկաթուղագծի ամբողջ երկայնքում ապրող հայությանը տեղահան անել Միջագետք, բնակեցնելով այդ հարուստ վայրերը գերման ներգաղթյալներով:
Ակամա աքսորի ու անել թշվառության մղձավանջը չարագուշակ ամպի նման թանձրացել էր Բոսֆորի ափերից մինչեւ Բաղդադ ու պատրիարքարանը հրաման էր ստացել խալիֆայիցՙ պատրաստել հայ լուսավորչական ազգաբնակչությունը այդ երկարատեւ, գուցե եւ մշտնջենական «տուրիզմի» համար, որի անցանկալի հրավերը գալիս էր այդ անգամ Հռենոսի ափերից:
Սարսափած հայությունը իր տներում գաղտագողի խոսում էր, թե Ելտըզ-Քյոշկում, մի բաժակ սուրճի եւ մի պարտի թավլուի արանքում խալիֆան հայտնել էր պատրիարքին հայերի մասին իր որոշումը, շեշտելով այդ զառերի մի անսպասելի դուբարայով... որին պատասխանՙ Օրմանյան սրբազանը մի դուշեշ էր նետել, չեզոքացնելով սուլթանական դուբարան, եւ այդ հանգամանքը տեղահանությունից փրկվելու թաքուն հույսն էր պայթախտաբնակ հայ համայնքին, որի գոյությունը հինգ դարուց ի վեր այս կամ այն ապարոշավոր բռնակալի նետած զառի դուշեշից կամ դուբեշից կախված էր եղել:
Հայ պահպանողական բյուրոկրատիան իր փափկաթիկունք աթոռը կորցնելու վախից ծակամուտ էր եղել, կղերը խալիֆայի հրամանի մեջ տեսնում էր Աստծո կամքը, իսկ էֆենդի առեւտրականությունը տեղահանության առաջին իսկ ազդանշանից իր դրամագլուխը փոխադրել էր արտասահմանյան բանկեր եւ... «ճաշը», որ պատրաստվում էրՙ ի պատիվ աշխատավոր ու գյուղացի դասակարգի համար էր միայն:
Ահա այդ մղձավանջի օրերին էր, որ Օրմանյան հիշեց իր նախկին դասընկեր Ռամպոլլային, որ հիմա աթոռակալ էր Վատիկանում եւ սերտ կապերով կապված եվրոպական բոլոր կաբինետների հետ: Եվ սկսեցին թափվել Պոլիսՙ Բաբը Ալի, սուլթանի հասցեին Եվրոպայի գրեթե բոլոր կաբինետներից գերման կայսեր թելադրանքին հակազդող մեմորանդումներ, որոնք շատ նման էին ուլտիմատումների:
Եվ երբ սուլթանական կառավարությունը շշկլված այս տհաճ անձրեւից, պատվավոր նահանջի ելք էր փնտրում, Օրմանյանն ահա թե ինչպես այդ ելքը նրան մատնացույց արեց:
Վարդավառի կիրակին էր: Հավատացյալ ժողովուրդը լցրել էր Բերայի Սուրբ Երրորդություն ընդարձակ եկեղեցին ու հարակից բակերը, լսելու համար պատարագիչ սրբազան պատրիարքի քարոզը, որի վերջում նա պիտի հայտարարեր հավատացյալներին Խալիֆայի հրամանըՙ անհրաժեշտ տեղահանության մասին:
Քարոզի նյութը եւ խուռներամ բազմությունը չէր վրիպել ոստիկանության աչքից, եւ կարգ պահպանելու պատրվակի տակ, թուրք ժանդարմերիան ստվար շարքերով շրջապատել էր Բալըք Բազարի թաղամասը, ուր եկեղեցին էր, մտել հավատացյալների մեջ եւ առաջացել մինչեւ խորանի առաջ, որտեղ գրեթե ցանց էր կազմել:
Օրմանյանը պատարագեց իր նախկին կաթոլիկությունից մնացած թատերականությամբ, որով պապականությունը գիտի համեմել կրոնական արարողությունը. եւ երբ գործը հասավ քարոզին, նախքան թե հայտարարելը սուլթանական հրամանը, խորամանկ պատրիարքը նյութ վերցնելով չգիտեմ որ ավետարանիչի կարճահասակ Զաքեոսի պատմությունը, դիմեց հավատացյալներին, թեՙ «Հիսուսը Գալիլիայի ծովի քենարեն(10) Քեննեզարեթ կերթար, ահագին բազմություն շրջապատեր էր ռաբունին եւ առաքյալներն անզոր էին կարգը պահպանել, եւ ահա թզենիին ծառին տակը նստած թզուկ Զաքեոսը, որ մաքսավոր էր, ռաբունու կերպարանքը տեսնալ կարենալու համար ծառին թեփեն(9) քաշվեցավ եւ այնտեղեն սկսավ պոռալ. «Հիսո՜ւս, որդի Դավթի, փրկե մեզ»: Հայդե, դուք ալ ինձի հետ ինչ խտար(10) ծանոթ ունիք նեՙ պոռացեք «Հիսո՜ւս, որդի Դավթի, փրկե մեզ, մինչեւ որ սա եկեղեցիի գմբեթը փլի եւ թզուկ Զաքեոսը փրկողը մեզի ալ փրկե»: Եվ իր բամբ ձայնով առաջինը գոռաց:
Իրՙ պատրիարքի հոգեկան ուժից տեսլացած ժողովուրդը պաղատագին աղաղակով որոտաց նույն խոսքերըՙ կրկնելով թզուկ Զաքեոսի բառերը տասնյակ հազարավոր կրծքերից դեպի գմբեթը բարձրացող հավատքի եւ հուսո այնպիսի շեշտով, որ երեխաները լուսնոտեցին վախից, մարդիկ, մանավանդ հղի կանայք, ընկան հատակին փրփրոտ բերնովՙ խառնելով իրենց աղիողորմ աղաղակը ահավոր գոչումին, որին հրահրում էր խորամանկ պատրիարքըՙ ծվեն-ծվեն պատռելով իրՙ պատարագիչի թանկարժեք հանդերձանքը, չաթալ-թագը (11) տնկած դեպի եկեղեցիի գմբեթը, ցնցելով իր հովվական ոսկե գավազանը աղեգալար ամբոխի գլխին, որպես... հանճարեղ դիրիժոր անդրաշխարհային մի օպերայի, որի հեղինակը ինքն էր:
Թուրք ոստիկանությունը չհասկանալով անցուդարձը եւ շնորհիվ իսլամ մոլեռանդության, ենթադրելով, թե երկնային ուժերը այցելել են խելագար ամբոխին, սարսափած փախավ եկեղեցուց ուղիղ Բերայի ոստիկանապետ փաշայի մոտ, թեՙ «Փաշա էֆենդի, պատրիարք էֆենդին էրմենիներուն քիլիսեին(12) մեջը քարոզ կարդացած ժամանակ հազրեթը(13) Իսային եւ բոլոր փեյղամբերներուն(14) հոգին վար կանչեց եւ ջեմաաթը(15) խենթեցավ, էֆենդիմ: Գետինները ինկեր, փրփուրը բերաննին կգոռան, դուրսը Բալըք-Բազարի ժողովուրդն ալ նույն ցավագար վիճակին մեջ է. եթե դուրս ելլան եւ ամեն մեկը քար կամ փայտ վերցունենՙ Պեյօղլուն ամբողջովին թելեֆ(16) կըլլա, մենք ալ հետը... Ի՞նչ ընենքՙ էֆենդիմ»:
Ոստիկանապետ փաշան անմիջապես կապվեց Ելտըզի հետ, հայտնելով խալիֆային աշխարհասասան դեպքը, եւ պատարագը դեռ չէր վերջացել, երբ սուլթանի Եավեր փաշան անձամբ մտավ եկեղեցի եւ բարձրաձայն հայտարարեց. «Սուլթանի արեւշատության համար աղոթեցեք հայ ջեմաաթ, պատրիք էֆենդիի միջնորդությամբ խալիֆայի բարի կամքն է, որ ի ռայա (17) հպատակներուն ոչ մեկի քիթը չարյունի եւ ամեն մարդ իր տունին-տեղին տերը ըլլա եւ իր ապրած տեղը մնա սաթին սենե» (18):
Սաՙ հակահարված դյուշեշն էր, որով Օրմանյանը պատասխանում էր սուլթանի դուբարային, եւ ցավագար վախը, որ ամիսներից ի վեր չարագուշակ ամպի նման մթագնել էր խեղճ հայության ուղեղը, ցրվում էր ու փարատվում գարնան մառախուղի նմանՙ հավիտենապես եւ ընդմիշտ թաղելով Վիլհելմի փայփայած ներգաղթի ծրագիրը Բեռլինի պետական արխիվում:
***
Սակայն Օրմանյանին տեսել եմ ես մտերմիկ վիճակում: Կուզենայի ասելՙ առանց ձեռնոցի, եթե տիար պատրիարքը ձեռնոց հագներ, բայց այդ կարգի աշխարհիկ իրեր հոգեւորականի տուալետի մաս չեն կազմում: Պետք է խոստովանեմ, որ պատիվ եմ ունեցել ծայրագույն եպիսկոպոս Մաղաքիա Սրբազանին տեսնել ծայրագույն ինտիմ վիճակում, այսինքնՙ ոչ միայն առանց չաթալ-թագի, վեղարի կամ սքեմի, այլ, մեղա քեզ, մեղա, առանց շապիկի... Մարմարայի ափում, ծովի լոգանք ընդունելիս:
Մեղավոր չեմ, որ այդ պատկեր գեղեցկությանն արժանացա, ոչ միայն հակառակ Սրբազանի կամքին, այլեւ նրա բարապանների աչալրջությանը, որովհետեւ այդ լուսապայծառ երեւույթը կատարվում էր ամառվա շոգ օրերին, գյուղի ծայրամասերում գտնվող ամայի լողափում, ուր հյուր էի լինում ամառ ժամանակները հորաքրոջսՙ Աբուխ հանըմի տանը, որի պարտեզը սահմանակից էր այն հանգստավետ ու գողտրիկ վիլլային, ուր գերապատվելի պատրիարքն առանձնանում էր ամառվա շոգերին:
Չեմ էլ կարող ասել, որ գեղարվեստական հիացում զգացի նրան այդ վիճակի մեջ տեսնելով, որովհետեւ չնայած որ ծակամուտ էինք եղել ես ու երկու ընկերներս լողափը եզերող սանտաթզենիների արանքում բարապանների վախից, միջօրեի արեգակն արտացոլող ծովի մակերեսին հստակ տեսնում էի պատրիարք էֆենդիի բրածո իխտիոզավրեր հիշեցնող ծալիծալ ու թանձրահմայք հրապույրները:
Օ՜, ինչքան հեռու էր սրբազանը իմ կրոնի դասագրքի մեջ նկարված Օհաննես Մկրտիչից, նույնպես մերկանդամՙ Հորդանանում լողանալիս, կամ վայրի մեղրով ու մարախով սնված հյուծախտավոր սուրբ Անտոնից: Եվ եթե երբեք որեւէ մի բանի կարելի էր նմանեցնել նրան,- որովհետեւ հեշտ բան չէր այդքան ծավալուն նմանողության եզր գտնել,- ապա շենշող ու կենսուրախ Ռաբլեին միայն, երբ ֆշշալով ու հեւալով դուրս էր գալիս Սրբազանը ալիքներից, ոչ ինչպես Աֆրոդիտեն ծովի փրփուրից, իհարկե, եւ ջուրը պատռելով մոտենում էր ափին ու փաթաթվում սպիտակ սավանի մեջ, որին վարագույրի նման բռնում էին զույգ բարապաններ, թիկունքները դարձրած նորին սրբազնության մերկություններին եւ ակնարկը հորիզոններինՙ թույլ չտալու համար ոչ ոքինՙ այդ փրփրածին կերպարանքը տեսնելու երջանկությունը, բացի լողափի անգզա եւ կույր քարերից:
Սակայն զգույշ. այդ տարաշխարհիկ սիրենան կամ կարդինալի մարդակապիկը սովորական մի մարդ չէր, ոչ էլ մի հասարակ կրոնավոր, եւ եթե ես ինձ թույլ եմ տալիս թեթեւ հումորով մոտենալ նրա անձին, այդՙ նրա հիշատակի հանդեպ պատկառանքի պակասից չէ: Օրմանյանը այն դեմքերից է, որոնք մեր ազգի չարքաշ պատմության դժվարին րոպեներին կարողացել են խարիսխ դառնալ մեր ցեղի տարուբեր նավին եւ, լինի իրենց խելքով, լինի հեռատեսությամբ, լինի անձնական ընդունակություններով, զերծ են պահել նրան նավաբեկությունից:
Այսպես են եղել Նար-պեյը, Խրիմյանը, Յազըճյան պատրիարքը, չհաշվելով մեկից ավելի պատկառելի էջմիածնականներ: Բայց սա, բոլոր այս վերոհիշյալ ընդունակությունների կուտակումը լինելուց բացի, նաեւ մի խորիմաստ պատմաբան էր: Մի լայնախոհ ու բազմահորիզոն միտք, որի «Հայոց եկեղեցին» լայնածավալ գործը թեեւ ակադեմիական մի երեւույթ մնաց մեզանում, թարգմանվեց սակայն մեկից ավելի եվրոպական լեզուների, աղբյուր, հաճախ եւ հիմք դառնալով գերման եւ այլ եկեղեցական պատմությունն ուսումնասիրող հոյակապ գրողների:
Եվ, իրոք, այդ գործը միայն Հայ եկեղեցվո ցամաք պատմությունը չէ: Այդ բազմահատոր երկասիրությունը ոչ միայն շոշափում է լատին ու հույն եկեղեցիների դեպքերն ու դեմքերը, որոնք դարերի ընթացքում այս կամ այն կերպով կապ են ունեցել մեր կղերականության հետ, այլեւ նա շոշափում է կրոնը առհասարակ իր էության մեջ, առանց ցեղի ու դավանանքի խտրության եւ կարծես հանգում է այն գաղափարին, թե միեւնույն է որտեղ, ինչ աղոթատեղիում, մեջիթում թե եկեղեցում, բացօթյա դաշտում թե հողմակոծ նավի վերնահարկում աղոթելիս լինի մարդը, նա միշտ, ուզի կամ չուզի, իր ստեղծած եւ իր հոգում ապրող Աստվածության առաջ է ծնրադրում:
Սա դոգմատիկ հասկացողություններից վեր, անկաշկանդ ու անդավանանք, մարդկային, զուտ մարդկային մի հոգեկան պահանջ է, որին չի կարելի կրոնք հորջորջումով որակել, այլ ավելի բարձր ու ավելի խոր մի բան, որին մարդ հասնում է անթիվ անկումներից ու վերելքներից հետո եւ որի պաշտամունքը Ավետարան չունի:
Նրա քրոջ որդինՙ Միհրանը, թե դասընկեր էր Եսայան վարժարանում, եւ թե բոլոր իմ խաղերի ու կատակների մասնակիցը արձակուրդի օրերումՙ Մաքր գյուղում:
Օ՜, քանիցս անցել եմ մեր պարտեզի վրայով Սրբազանի գողտրիկ վիլլայի ծաղկանոցը եւ նրա քրոջ որդի Միհրանի հետ նրա պտղատու ծառերը կողոպտել:
Այդ ավազակաբարո շահատակության միջոցին միշտ տեսել եմ Օրմանյանին մի հաստաբուն կնձնիի շվաքի տակ նստածՙ իր ձեռագրերի վրա աշխատելիս: Տեսել եմ նրան եւ զով իրիկնամուտերին, երբ արեւն իր ոսկե հովհարն էր փակում Չամլըճայի լեռների ետեւում, ձեռքերը կախ, ծանր գլուխը հակած հողին, երկար ժամեր ու ժամեր իր սաթահատիկ համրիչի հետ խորհրդածելիս:
Տեսա նրան եւ այն օրը, երբ արդեն կարգազուրկ պատրիարքՙ նավ էր բարձրանում Ղալաթիո քարափի առաջիցՙ գնալու համար իր նոր պաշտոնին, որպես վանահայր Երուսաղեմի վանքին... որի գետնափոր դամբարաններից մեկը իր վերջին բնակարանը եղավՙ ահա ավելի քան հիսուն տարի է այսօր:
Բայց ամենքից ավելի հիշում եմ նրան Մաքր գյուղի եկեղեցում պատարագելիս մի ինչ-որ անդաստանի տոնի առթիվ, երբ այդ հին շենքը տրաքվում էր հավատացյալների բազմությունից:
Պատրիարք էֆենդու համար քարոզը առհասարակ մի միջոց էր կամ մի պատրվակՙ հավատացյալների հետ ինտիմ խոսակցություն սկսելու համար: Եվ նա հաճախ էր դիմում այդ միջոցին, որը գուցե եւ պարսավելիՙ եկեղեցական կարգի տեսակետով, լավագույն միջոցն էր, համենայն դեպս, թելադրելու համար համայնքինՙ կատարել մի որեւէ բարի գործ, ինքնաբուխ կերպով, առանց հասկանալու նույնիսկ, թե համոզիչ էին նրանքՙ այդ կատարել, կամ բարձրաստիճան հոգեւորականն էր, որ իր կամքն էր նրանց պարտադրել:
Հիշում եմ, անտանելի շոգ էր այդ կիրակին: Կնքահորսՙ Մկրտիչ աղայի հետ եկեղեցում էի գտնվում եւ միջոցներ էի որոնում մի կերպ ծլկել այդ խեղդուկ մթնոլորտից դեպի եկեղեցվո բակըՙ անհաս խաղող գողանալու համար բակի խորքում ծաղկող փոքրիկ այգուց: Բայց Մկրտիչ աղան պինդ բռնել էր ձեռքս եւ նրա լպրծուն ու քրտնած մատների խոնավ հիշատակը դեռեւս թարմ է մտքումս:
Իսկ հորաքույրսՙ Աբուխ հանըմ, որ սրբազան պատրիարքի ամեն արարողության ջերմեռանդ երկրպագուհին էր, պուդրայված, օծված, եւ թող խաթրը չմնա, մի քիչ էլ ներկված, ծանրարժեք զգեստներով զուգված, իր արժեքավոր կողակից Մկրտիչ աղայի կողքին փայլում էր այն ժամանակների ամուսնական բորսայում դեռեւս կուրս չունեցող իր կողակցուհու անսայթաք հավատարմությամբ... նորաձեւությունից մի քիչ հնացած եւ իր փեշերը լայնացող տուրնյուրի շնորհիվ հնդկահավի նման ուռած... այնպես էր պահում ինձ իր ամենատես աչքերի անխոս կայծակի տակ, որ փախչել եկեղեցուց անհնարին էր, եւ դատապարտված էի քարոզը լսել:
Եվ պատրիարքը քարոզի նյութը, որը չեմ հիշում, օգտագործելով իր թաքուն պահած եւ վաղուց փայփայած ծրագիրը իրականություն դարձնելու համար, իր կողքին կանգնած ու գավառից եկած ժամկոչ աղբորը շլինքից բռնեց, եւ մյուս ձեռքովՙ իր ոտների մոտ չոքած, նույնպես գավառից եկած որբեւայրի խեղճ ու կրակ հավաքարարուհուն բարձրացնելովՙ ներկաներին դիմեց հետեւյալ խոսքերով. «...եւ որպեսզի այսօրվա քարոզն արդյունք ունենա, օգնեցեք ինծի ձեր առատաձեռն ողորմածությամբ, որ այստեղ եւ այսօր ամուսնացնեմ կյանքեն զրկված այս մենակյացներուն: Թող այս երկուքը կյանքի ծանրությունը տանելու համար կռնակ-կռնակի տան եւ մեկ բարձի վրա ծերանան»:
Ժողովուրդը զվարթացավ: Արարողությունը կարծես մի րոպեի մեջ փոխվեց կատակի, եւ գանձանակը, որը տիրացուները սկսեցին ման բերել ներկաների շարքի մեջ, մի քանի անգամ լցվեց արծաթ եւ ոսկե դրամներով, որի միջոցին պատրիարքը ինքը պսակեց երկու «անճարակներին», ինչպես ինքն էր անվանում նրանց:
***
Ուղիղ մի տարի հետո, նույն օրը եւ նույն տեղում, նույն արարողությունն էր տոնի առթիվ: Եվ Օրմանյանն էլ նույն պատարագիչն էր:
Վենետիկ մեկնելուս նախօրյակին էր, նույն խեղդուկ օդը թանձրացել էր եկեղեցու մեջ, եւ խուռներամ բազմությունը սպասում էր անհամբերությամբ պատրիարքի քարոզին:
Թեեւ խաղողները գրեթե հասել էին եկեղեցվո բակում, եւ հորաքրոջսՙ Աբուխ հանըմի ծանր հայացքը չէր խանգարում ինձ, ոչ էլ կնքահորսՙ Մկրտիչ աղայի թաց մատներն էին ինձ արգելում, բայց ցանկություն չունեի այդտեղից փախչել, ինչպես մի տարի առաջ:
Այդ տասներկու ամսվան ընթացքին աշխարհայացքս փոխվել էր այնպես, որ ինձ տարեկից, գուցե դասակից աշակերտուհիներ, իրենց ջերմեռանդ մայրիկների ընկերակցությամբ եւ ամառային արդուզարդով կաշկանդել էին ինձ այդ եկեղեցում եւ արգելափակել այնպիսի ծանր շղթաների տակ, որոնց հիշողությունն իսկ անկրկնելի երջանկության երազի պես է այսօր էլ սրտիսՙ այս կարճ տողերը թղթին հանձնելիս:
Եվ Օրմանյանը, հարմարեցնելով դարձյալ քարոզը իր նպատակին, նորից շլինքից բռնեց ժամկոչին, եւ միշտ հատակին չոքած հավաքարարուհուն բարձրացնելովՙ կրկին դիմեց ներկաներին, այս անգամ արդեն հետեւյալ ձեւով... «Անշուշտ կհիշեք, հավատացյալներ, թե ինչ ըսի ես տարի մը առաջ սա երկու խեղճ անճարակներուն, բայց ասոնք կարծես ավելի ճարպիկ եղան եւ կյանքի բեռը տանելու համար կռնակ-կռնակի տալու տեղը խոսքերս սխալ հասկցեր եւ փոր-փորի են տվեր, եւ երրորդ մարդ մըն է աշխարհ եկեր... Հայդե, օգնեցեք տե սա չոճուխը հոստեղ մկրտենք»:
Արարողությունը նորից փոխվեց ծիծաղի, եւ մի քանի գանձանակով հարուստ փոքրիկ մանչուկը սրբազանի կնքահայրությամբ մկրտվեց եւ հանձնվեց իր ծնողներինՙ Մաղաքիա անունով:
1. Կոնգլավ - կաթոլիկ եկեղեցու կարդինալների լիագումար ժողով:
2. Ավտոքեֆալ - ինքնագլուխ (ինքնիշխան-ծան.):
3. Օրմանյան Սրբազանը կաթոլիկ եկեղեցին լքելու եւ Հայ առաքելական եկեղեցուն վերադառնալու իր որոշման պատճառները ամենայն մանրամասնությամբ շարադրել է իր «Խոհք եւ խօսք» աշխատության մեջ:
4. Այդ կուսակցությունը ՀՅ Դաշնակցությունն էր, որ մինչեւ վերջ հալածում էր Օրմանյան Սրբազանին: Անբարյացակամ վերաբերմունքը շարունակվում է առ այսօր, երբ դաշնակցական պատմաբաններն աշխատում են ժխտել կամ անտեսել Օրմանյանի դերը հայ ժողովրդի պատմության ճակատագրական այդ հանգրվանում:
5. Հայերի լիազոր ներկայացուցիչ (թրք.):
6. Ատրճանակ (թրք.):
7. Խալիֆա-սուլթաններին տրված տիտղոս, արաբերենՙ Մուհամադ մարգարեի հաջորդ:
8. Եզերքից (թրք.):
9. Կատարը, գագաթը (թրք.):
10. Որքան, «ինչ խտար»ՙ որքան որ: Թուրքերենից փոխառություն պոլսահայ բարբառում:
11. Եպիսկոպոսական երկճյուղ խույր:
12. Եկեղեցի (թրք.):
13. Մարգարեներին տրված տիտղոս, այստեղՙ Սուրբ Քրիստոս:
14. Մարգարեներին (թրք.):
15. Համայնքը (թրք.)
16. Կոչնչանա (թրք.):
17. Ռամիկ (թրք):
18. Արաբերեն բառացիՙ վաթսուն տարի: Ասելաձեւՙ «հազար տարի», «հուր հավիտյան» իմաստով:
19. Ծովահրեշ:
20. Հավերժահարս:
ԿԱՐՊԻՍ ՍՈՒՐԵՆՅԱՆ