11 հոկտեմբեր (1973) - Անմոռանալի պիտի մնա երեկվա իրիկունը մեր հիշողության մեջ: Գավաթի ֆինալային մրցախաղը մեր «Արարատ»-ի եւ Կիեւի «Դինամոյի» միջեւ Մոսկվայում: Դա պարզապես ֆուտբոլ չէր: Իսկական դրամաՙ մինչեւ վերջին րոպեն: Լռել էր ամբողջ Երեւանը, փողոցներն ամայացած, բոլորը տներում սրտատրոփ նստած հեռուստացույցի առաջ, ընտանյոք կամ խումբ-խումբ: Իսկ հետոՙ մեր ազգային պատմության այդ հիշատագրելի պատկերազարդ է՜ջը...
Ես ֆուտբոլի «խենթ» չեմ, ամեն մի խաղ չեմ դիտում, ստադիոն էլ չեմ գնում երբեք: Բայց դարի զավակն եմ այնուամենայնիվ, ինձ էլ մանկուց, ինչպես բոլոր երեխաներին, գրավել է հենց ֆուտբոլը, մանավանդ որ Աթենքի մեր արվարձանում «Իֆեստոս» բաց մարզադաշտը մեր տան մոտ էր, ամեն անգամ ֆուտբոլի խաղը մի տեսակ ժողովրդական տոն էր դառնում այնտեղ: Այժմ կարող եմ դիտել բարձր մակարդակի ֆուտբոլը միայն, երբ հեռուստացույցով հաղորդվում է աշխարհի տարբեր կողմերից: Եվ մտածում եմ, ուզում եմ իմաստավորելՙ ինչո՞վ է գրավիչ ընդհանրապես բարձր մակարդակի սպորտը եւ մանավանդ ֆուտբոլը:
Հին հույների օրինակն եմ հիշում, բայց անկեղծ ասեմՙ թաքուն զարմանք եմ զգացել, թե ինչո՞ւ նրանք մարմնամարզությունը նույնքան կարեւորում էին, որքան երաժշտությունը, բանաստեղծությունը, փիլիսոփայությունը: Նպատակը հայրենասիրակա՞ն էր միայն, ուժեղ մարտիկնե՞ր պատրաստել: Բայց չէ՞ որ նրանց համար աստվածային խորհուրդ ունեին Օլիմպիական եւ մյուս համահունական խաղերը, որոնք կանոնավոր պարբերականությամբ կատարվում էին այս կամ այն աստծո սրբավայրում որպես մեծ տոնախմբություններ, ու այդ ընթացքում դադարեցվում էին քաղաք-պետությունների միջեւ հաճախակի պատերազմներն ամբողջ հունական աշխարհում, ճանապարհներին ապահովվում էր խաղաղությունը բոլոր նրանց համար, ովքեր տոնախմբության սրբավայրն էին գնում: Տարբեր կողմերից եկած մարզիկներ, գուցե երեկ թշնամիներ ռազմադաշտում, երդվում էին մրցախաղերի սրբազան մարզադաշտում ազնիվ, անխարդախ պայքար մղել, ողջույնի ճառեր էին ասում Հերոդոտոսի, Սոկրատեսի, Դեմոսթենեսի նման իմաստուններ, Պինդարոսի նման բանաստեղծը դիցաբանական ոգեկոչումներով ներբողներ էր հյուսում ի պատիվ հաղթական մարզիկների, որոնք իրենց հոգեկան ու մարմնական արիությամբ փառքի պսակ էին նվաճել ոչ միայն անձնապես, այլեւ իրենց տոհմի ու հայրենի քաղաքի համար, Միրոնի ու Պոլիկլետոսի նման քանդակագործներ հավերժացնում էին այդ աստվածացյալ մարզիկների մարմնական գեղեցկությունը:
Տրամադրելով ինձ հին հույների նման (չէ՞ որ Աթենքում մանկությանս օրերից այդ աշխարհի հմայքը ներծծվել է իմ մեջ)ՙ փորձում եմ ըմբռնել այն սրբազան խորհուրդը, որ նրանք տեսնում էին մարզական մրցախաղերում: Կենսական հակասությունների առթած պայքարիՙ կրքերի ու շահագրգռությունների բախման բարոյականացո՞ւմը, վսեմացո՞ւմը դրականորեն, ազնիվ մրցապայքարի ձեւով, առանց կոպիտ թշնամանքի ու արյունահեղության: Եվ այդ պայքարի չափաւորումն ու գեղեցկացո՞ւմըՙ ամեն մրցախաղի ձեւին հատուկ անխախտելի կանոններով ու օրենքներով: Տիեզերական հարաշարժ ռիթմերի (իրենց պատկերացրած կոսմոսի) արտացոլո՞ւմը մարզիկների հոգեկան ու մարմնական նպատակասլաց շարժումների մեջ եւ ամբողջ մրցախաղում...
Եվ տրամադրվում եմ նման հատկանիշներ տեսնել, ըստ էության, ժամանակակից սպորտում եւս, որ մեծ կարեւորության է բարձրացված ներկա դարում, գուցե 1896-ին Աթենքում վերահաստատված արդեն համաշխարհային Օլիմպիական խաղերի՞ շնորհիվ (այն ժամանակ լրիվ վերանորոգված 70.000 տեղանոց մարմարյա հին ստադիոնը, Ակրոպոլիսի մոտ Արդետտոս սոճեպատ բլրի ծոցում, մանկությանս տպավորիչ հիշատակներից է): Այդպես տրամադրվում եմ ըստ էության, բարձր մակարդակի սպորտային խաղերից գեղագիտական վայելքի էլ ակնկալությամբ, սակայն չեմ տեսնում հին հունական ոգին դրանց մեջ: Տեսնում եմ ավելի էմպիրիկ մոտեցում, մեծ մասամբ ոչ թե «ավելի», այլ հենց զուտ էմպիրիկ, խորհրդազուրկ, նույնիսկ հետզհետե պրագմատիկորեն գործնականապաշտ, ասես բիզնեսային մոտեցումՙ ավելի ու ավելի բացահայտորեն ռեկլամային-նյութապաշտ դարձող այս դարին հատուկ շահադիտական եւ խորքում նույնիսկ քաղաքական նկրտումներով, որոնք խաթարում են այն բարոյականացման, վսեմացման դրական իմաստը, կոշտացած խաղը գրեթե կորցնում է նաեւ իր գեղագիտական հմայքը: Եվ դա հատկապես զգացվում է հենց ֆուտբոլումՙ համադրական մրցախաղ, որ ամենագրավիչն է ժողովրդի լայն զանգվածների համար: Ընդհատակյա շահագրգռությունները մրցախաղերի ընթացքում դրսեւորվում են հետզհետե ավելի նկատելի խարդավանքներով, որոնք վտանգավոր կրքեր են բորբոքում ոչ միայն ստադիոնում, այլեւ արդեն միլիոնավոր հեռուստադիտողների մեջ...
Մեր «Արարատ»-ի մակարդակը այս վերջին տարիներին այնքան բարձրացավ, որ իր խաղը մաքուր գեղագիտական հաճույք է պատճառում, իսկ իր նվաճումների շնորհիվ մեր գոհացող ազգային զգացումն էլ երջանկորեն զուգակցվում է այդ հաճույքին: Ակնհայտ է արդեն, որ մեր ֆուտբոլի խումբը իր յուրահատուկ «բնավորությունն» ունի, իր ինքնուրույն դեմքն իր խաղաոճով, որը կարելի է բարձրարվեստ նկատել առանց չափազանցության, համեմատելով մյուս մրցակից խմբերի հետ սովետական բարձրագույն կարգի չեմպիոնատում եւ գավաթի մրցախաղերում: Գոնե ինձ համար հատկապես ուրախալի է այն, որ «Արարատ»-ի այժմու այս խաղաոճում, երբեմն հուզիչ զարմանք պատճառելու չափ նույնիսկ, հանդես են գալիս մեր ազգային լավ գծերըՙ ներքին ջերմություն, բանաստեղծականություն, մի տեսակ ռոմանտիկ խելացիություն, հանպատրաստից թվացող ոգեշունչ փայլատակումներ ընդհանուր նպատակասլաց թափի ելեւէջման մեջ, նույնիսկ մի քիչ դոնկիխոտություն բուրող բարեբաղձ արկածախնդրություն մերթընդմերթ: Եվ մանավանդՙ այնպիսի փոխհասկացողություն խաղընկերների միջեւ, փոխկապակցված գործողությունների այնպիսի միասնությունՙ մինչեւ խաղի վերջը պայքարելու, հնարավոր հաղթանակին հասնելու կամքի հետ, որ այդ ամբողջական ներդաշնակ դրվածքը մոռացնել է տալիս մեր տխրահռչակ «անմիաբանությունն» էլ, խմբի անցյալ թերություններն էլՙ անհատական տարընթաց քմահաճույքները, անհաջողության դեպքում պարտվողական թեւաթափությունը, շփոթվածությունը, խաղի փոշիացումը եւ այլն:
Այս տարի հատկապես փայլում էր «Արարատը» խաղից խաղ հարատեւորեն թե՛ չեմպիոնատում, թե՛ գավաթի մրցախաղերում, ասես ոգու մի նոր շունչ էր բացվել իր մեջՙ երեւի հին ականավոր վարպետ Նիկիտա (Մկրտիչ) Սիմոնյանի ներշնչա՞ծը որպես խմբի նոր մարզիչ: Այդ ոգին անհողդողդ դիմագրավում էր նույնիսկ խարդավանքները «Արարատ»-ի դեմ, որոնք ավելի մեզՙ հանդիսատեսներիս էին վրդովում, ջղայնացնում, քան թե խաղադաշտում «Արարատ»-ի տղաներին...
Եվ ահաՙ երեկ իրիկուն գավաթի ֆինալային մրցախաղը Մոսկվայում:
Այդ իսկական դրաման երեք արարվածով, որին ամբողջ Երեւանը հետեւում էր շունչը պահած, սրտատրոփ: Եվ որ «Արարատ»-ի գլուխգործոցը եղավ բոլոր առումներով:
Առաջին արարվածը (թայմը) չէր փայլում ֆուտբոլային արվեստի վառ, անկաշկանդ արտահայտությամբ: Մրցախաղի ֆինալային վճռողականությունը երկու կողմերին էլ ստիպում էր մղել արտաքուստ զգուշավոր, ներքուստ լարված, գրեթե նյարդային պայքար: Դեռ առանց լրիվ «բացվելու» իրար էին ստուգում կարծես, ջանալով կռահել հակառակորդի մտադրությունը հատկապես տվյալ խաղում: Մի քիչ զարմանալի էր, սակայն, որ Կիեւի «Դինամոն» հախուռնորեն չդիմեց իր հայտնի հարձակողական ոճին, կարծես ավելի վերապահ, ավելի սպասողական էր խաղում, կարծես նույնիսկ վերեւից էլ նայելով ուժեղագույն թիմի ինքնավստահությամբ, թե կհաղթի անպայման: Շուտով երեւաց նաեւ, որ դատավորը հայտնապես Կիեւի «Դինամոյի» կողմն էր բռնում: Իհարկե՜: Անսպասելի չէր, որ մեր «Արարատը» պայքարելու է նաեւ սովետական պաշտոնական ֆուտբոլի թաքուն միտումների դեմ: Ու խաղում էր զգաստ, շրջահայաց, որ դատավորին առիթ չտա անարդար, վտանգավոր տուգանայիններ նշանակելու...
Երկրորդ արարվածը (թայմը) հենց սկզբից ավելի ակնհայտորեն դրամատիկ դարձավ: «Արարարտը» սկսեց բացվել իր բուն խաղաոճով, ֆուտբոլային արվեստի շատ ավելի գերազանց ցուցաբերումով, քան Կիեւի «Դինամոն», որ շարունակում էր նեղ գործնականապաշտ խնդիր լուծել, այն էլ դատավորի կողմնակալությամբ, անառիկ պաշտպանելով իր դարպասը, հազվադեպ հարձակվելովՙ գոնե մի գոլով առավելության հասնելու եւ այն պահպանելու մինչեւ վերջ: Եվ ահա խաղի կեղծ բարձրակետը հանկարծՙ այդպիսի մի հակահարձակման ընթացքում բացահայտ անարդար փենալթի է նշանակում դատավորը (այստեղ ասում ենՙ 11 մետրանոց) «Արարատի» դարպասին: Ու գոլ: Չգիտեմՙ բարոյականի անբուժելի միամտությո՞ւնս էր, որ այդ պահին, վրդովվելուց ավելի, մղեց մտածելՙ մի՞թե կիեւցիների թե՛ պարզ մարդկային, թե՛ սպորտային խիղճը հանգիստ կլինի, եթե այդ մեկ «ստից» գոլով, այդ բացահայտ խարդավանքով շահեն խաղն ու գավաթը: Բայց նրանք հենց այդպիսի ընթացք բռնեցին: Կարծես իրենց խնդիրը «լուծած» համարելով արդեն, ավելի եւս ամփոփվեցին իրենց նեղ գործնականապաշտության մեջ, ոչ միայն իրենց դարպասը ավելի եւս անառիկ պահելով թանձր պաշտպանությամբ, այլեւ ջանալով ամեն կերպ խոչընդոտել ու «փակել» խաղը «Արարատի» առաջ:
Իսկ «Արարատը» մեկեն լրիվ բացվեց իր բուն դեմքով, ասպարեզ հանելով իր «բնավորության» լավագույն հատկություններըՙ ֆուտբոլային այնպիսի բարձր արվեստ իր ինքնուրույն խաղաոճով, որ ուղղակի հիացնում էր: Դա մի անդադրում մրրիկ էր կիեւցիների ամրոց դարձրած դարպասի վրա, մի արեւաշող պայծառ մրրիկ, որ ասես պար գալով հարձակվում էր այս կամ այն կողմից: Դա փոխկապակցված գործողություններով (կոմբինացիաներով) բուռն, վառվռուն, գեղատեսիլ բալետային ներկայացում լիներ կարծես: Դա մի գունագեղ հրավառություն էր, որ կարող էր ժայթքել ոգու բռնկումից միայն, բանաստեղծականության, ռոմանտիկ խելահեղության անընդմեջ փայլատակումներով: Րոպե առ րոպե սաստկանում էր մրցախաղի դրամատիզմը, թվում էրՙ անհրաժեշտորեն հասնելու է ճշմարիտ բարձրակետին, բայց նաեւ հալչում սպառվում էր մրցախաղի հիմնական ժամանակը ճակատագրականորեն: «Արարատը» չէր թուլացնում իր մրրիկի թափը, ավելի էր սաստկացնում, դրամատիզմն ավելի եւս խտանում էր վերջին րոպեների մեջ վերընթաց ուժգնությամբ, իսկ անհրաժեշտ թվացող ճշմարիտ բարձրակետն ուշանում էր: Մնաց հինգ րոպե... չորս րոպե... երեք րոպե... երկու րոպե... Մի՞թե իզուր է անցնելու մեր «Արարատի» այդ գլուխգործոց խաղը, մի՞թե այդ հզոր, գունագեղ հրավառ մրրիկը մեկեն ցնդելու է պայմանական ժամանակի վերջանալու ճակատագրականության մեջ: Մի՞թե այդպիսի ավարտից հետո, ասես դատարկության մեջ, անարդար մի գոլի կեղծ «հաղթանակն» է քմծիծաղելու մեր դիմացՙ ճակատագրի հեգնանք: Բայց... հենց վերջին րոպեինՙ այդ ի՜նչ հոյակապ, ասես գերագույն ներշնչումով հյուսված կոմբինացիա էր, որով ճայթեց հանկարծ շանթը հրավառ մրրիկից, ճեղքեց կիեւցիների անառիկ ամրոցը Լեւոն Իշտոյանի կայծակնային գոլով: Հաշիվը հավասարվեց, դրամայի լուծումը ժամանակի հավելում էր պահանջում, երրորդ վճռորոշ մի արարված: Շվարած էին Կիեւի դինամոյականների դեմքերը, հուսակտուր, բայց մանավանդՙ ուժեղագույն թիմի իրենց մեծամիտ ինքնավստահությունը կոտրված: Անկեղծՙ մեղքացա նույնիսկ այդ տղաներին. միամտությո՜ւնս դարձյալ...
Երրորդ արարվածի (հավելյալ թայմի) հենց սկզբից էլ երեւաց, որ «Արարատը» դրության տերն էր այլեւս: Մեր տղաները, ասես բոլորովին հոգնած չլինեին, նոր թափով շարունակում էին իրենց հրավառ մրրիկը հակառակորդի դարպասի վրա: Կիեւի «Դինամոն», իրոք ուժեղագույն թիմ, որ հայտնի է նաեւ իր ֆիզիկական տոկունությամբ, ավելի հոգնած էր թվում, այսինքն ոգի չէր զգացվում նրա գործողությունների մեջ, որոնցով կարծես փորձում էր ուշքի գալ, դիմել իր հարձակողական խաղին, բայց ստիպվում էր իսկույն ետ քաշվել, մերթ նույնիսկ խուճապահար թվալու չափ, զանգվածորեն պաշտպանելու դարձյալ իր դարպասը մրրիկից: Մրցախաղային այդ դրամայում , ինչպես երեւում էր արդեն, հաղթել էր իսկական ֆուտբոլային արվեստի ճշմարտությունըՙ «Արարատի» ոգեշունչ, գեղեցիկ, ասպետական խաղով: Եվ ահա վերջապես հանգուցալուծումըՙ շատ գեղեցիկ մի կոմբինացիայով գնդակը հայտնվեց կրկին Իշտոյանի ոտքերի առաջ, ու թեպետ նա, ուղիղ դարպասի դիմաց, շրջապատված էր հակառակորդի պաշտպաններով, այդ ի՞նչ զարմանալի խաղ արեցին նրա ոտքերը, այդ ի՞նչ մոգական պար էր կարծես, որով այնպես խփվեց, ո՜չ, պետք է ասելՙ այնպես երգվեց, նվագվեց հաղթական գոլը, որ դարպասապահն անգամ շշմած մնաց:
«Արարատը» ոչ թե պարզապես գավաթը շահեց, այլ իր ճշմարտության հաղթանակով ավարտեց այդ դրաման: Գավաթը արժանի եղավ «Արարատին», ոչ թե «Արարատը»ՙ գավաթին:
Ավելի քան երկու ժամ բացարձակապես լռած Երեւանը հանկարծ թնդաց այնպիսի ցնծագին աղաղակով, որ կարծես «Արարատի» այն հրավառ մրրիկի հաղթական բյուրապատկված արձագանքը լիներ, կարծես մեկեն լուսավորել էր իջած գիշերն անգամ: Բառացիորեն համաժողովրդական խելահեղ ցնծություն էր: Բոլորը դուրս էին վազում տներից, իրար գրկում, իրար համբուրում, բացականչող մարդկանց ու շչակող մեքենաների հեղեղներ էին հոսում փողոցներով, ամբողջ մայրաքաղաքից բարձրանում էր «Ա՛-րա՛-րա՛տ» վանկարկումը բյուրաձայն: Մեծ, փոքր, կին, տղամարդ, ծեր ու երեխաՙ բոլորը, բոլորը, նույն կենտրոնաձիգ ուժից մագնիսացված, շտապում էին դեպի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակը: Ինքս էլ, երբ դուրս վազեցի տնից, գրկեցի առաջին պատահած մարդունՙ պատանի էր...
Իսկ ի՜նչ էր կատարվում հրապարակում մինչեւ ուշ գիշեր: Չի մոռացվի երբեք, բայց չեմ էլ կարող նկարագրել հիմա. կոկորդս սեղմվում, աչքերս լցվում են հիշելով անգամ, իսկ երեկ իրիկուն, երբ մեր այս հեռու Կասյան փողոցից հասա հրապարակ ու տեսա ծովացած բազմությունն այնտեղ, արցունքը մեկեն հոսեց աչքերիցս, չեմ ամաչում ասելու: Մի համընդհանուր եղբայրությամբ ու բարությամբ ու սիրով էր ալեծածանվում այդ ծովացած բազմությունը: Անարյուն պայքարով արդար, գեղեցիկ հաղթանակի ստեղծած եղբայրությունն ու բարությունն ու սերը հայերի միջեւ, որոնք մի պահ հոգեկան արդար հատուցում էին ստացել անցյալի դեռ կտտացող իրենց դառն ճակատագրի դիմաց: Դա մի հանպատրաստից կատարյալ տոնախմբություն էր, ուր մի տեսակ կաթարսիս էր ապրում ժողովուրդը մարզական այդ դրամայում իր շնորհալի զավակների ցուցաբերած ոգեշունչ, ասպետական արիությունից հետո: Ու նոր հասկացա իսկապես, թե ինչու մարզական խաղերի մեջ կրոնական խորհուրդ էին տեսնում հին հույները: Լինե՜ր հիմա մի հայ Հերոդոտոս կամ Դեմոսթենես, որ ողջույնի ճառ ասեր, ահա երբ կրկին ու կրկին ալեծածանվելով բարձրանում էր «Ա՛-րա՛-րա՛տ» վանկարկումը, որ արդեն ավելին էր նշանակում, քան մեր խմբի անունը միայն: Լինե՜ր մի հայ Պինդարոս, որ ահա, լսելով «Ի՛շ-տո՛-յա՛ն» անվան ալեծածանումը նաեւ, մի ներբող հյուսեր ի պատիվ հայրենադարձ համեստ ընտանիքի այդ շնորհալի զավակին, բնավորությամբ էլ, ասում են, բարեսիրտ մարդ, որ իր տոհմի անունը պանծացրեց:
Տոն էր, անշուշտ, ոչ միայն Երեւանում, այլեւ աշխարհասփյուռ հայության մեջ, ամեն կողմ: Վստահ եմ, հայությունից ուծացածներն էլ այսօր կհայտարարեն, որ իրենք հայ են: Սրա մեջ նշույլն անգամ չկա միշտ ու ամենուրեք խորշելի ազգայնամոլության: Որովհետեւ անարդարված ու ինքնահաստատման ձգտող մի ամբողջ ժողովրդի հոգուց ժայթքած բնական, ազնիվ, արդար զգացումների տոն էր, եղբայրացնող, բարիացնող ու հենց ««յընդհանուրս սէր սփռող» տոն...
Այս առավոտ, մթերային խանութում, երկու տարեց կին սկսեցին բուռն վիճել մի դատարկ բանի համար, ինչպես լինում է հաճախ:
- Ամո՜թ է,- ասաց մի երիտասարդ տղաՙ դառնալով նրանց: - Երեկ մեր «Արարատը» հաղթեց, իսկ դուք այսօր կռվում եք: Չեղավ, չէ՞...
Կանայք նայեցին տղային ու լռեցին, ամոթահար: Ժպտացին իրար:
Ու կրկին արցունք եկավ աչքերիս: