ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
Մարսելում հայկական յոթ գործող եկեղեցի կա: 16-րդ դարից, երբ Մարսելը դարձավ Միջերկրական ծովի գլխավոր առեւտրական կենտրոններից մեկը, հայերը (ի դեպ, նրանք շարժվում էին հենց ծովով) մեծ խմբերով հիմնվեցին նավահանգստում, եւ իրենց ավանդույթին հավատարիմ, կառուցեցին եկեղեցիներ: Առավել պաշտելին, յուրօրինակ մայր տաճարը Ս. Սահակ -Մեսրոպ թարգմանչաց եկեղեցին է: Չեմ կարծում, թե եկեղեցիների կառուցման պատմությունը կարելի է դարձնել այնպիսի օպերատիվ ժանրի իննքնուրույն թեմա, ինչպիսին է «Կիլիկիայից» կանոնավորապես զանգվածային լրատվամիջոցներին ուղարկվող ռեպորտաժների ժանրը: Բայց Սուրբ թարգմանչաց մայր եկեղեցին մեր ուշադրությունը գրավեց, ի թիվս այլ բաների, հայ կարկառուն գեղանկարիչ Գառզուի հիասքանչ կտավով: Այստեղ մենք եկեղեցու հովիվ հայր Զատիկ Ավետիքյանից իմացանք, որ Մարսելից 100 կմ վրա գտնվող Մանոսկ փոքր ու խաղաղ քաղաքը շրջակայքում հայտնի է Գառզուի հարուստ հիմնադրամով: Սուրբ հայրը պատմեց, որ նախկին եկեղեցու որմնանկարները հայ նկարչի ձեռքի գործն են:
Ցամաքում գտնվող ճանապարհորդ նավաստիների համար 100 կիլոմետրը հսկայական տարածություն է: Ափին գտնվելու յուրաքանչյուր ժամը ոսկու քաշ ունի, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ Մարսելում մենք պետք է մանրակրկիտ պատրաստվենք օվկիանոս դուրս գալուն: Չէ՞ որ հիանալի գիտակցում ենք, որ փոքր նավով օվկիանոս դուրս գալը, ըստ էության, վիթխարի պատասխանատվություն է: Սակայն հայր Զատիկի պատմածը չէր կարող մեզ չհետաքրքրել թեկուզ այն պատճառով, որ «Կիլիկիայի» ձեռնարկման շրջանակներում մենք ամենուրեք փնտրում ենք մշակույթի ազգային հուշարձաններ (հատկապես, եթե դրանք համամարդկային արժեք են ներկայացնում), որպեսզի արձանագրենք դրանք եւ տեղեկացնենք մեր հասարակայնությանը եւ հանրապետության ղեկավարությանը:
***
Մեզ Մանոսկ տարավ Մարսելի անասնաբուժական սանիտարական ծառայության ղեկավար Արման Կնյազչյանը: Ինձնից բացի, խմբի կազմում էին օպերատոր Սամվել Բաբասյանը, Արմեն Նազարյանը, որը տվյալ դեպքում լուսանկարչի դեր էր կատարում (ի դեպ, մամուլում հրապարակվող լուսանկարների մեծ մասը նրա աշխատանքներն են): Մանոսկը կանաչի մեջ թաղված փոքր, գողտրիկ ու հաճելի քաղաք է: Արմանն առաջինն այցելեց քաղաք եւ տարբեր տեղերում հարցուփորձ արեց անցորդներին: Արժեր տեսնել եւ լսել, թե մանոսկցիներն ինչպիսի հաճույքով եւ գործիմացությամբ էին բացատրում, թե ուր եւ ինչպես պետք է գնալ «Գառզու հիմնադրամ» հասնելու համար: Այդպես է կոչվում է թանգարանը, որտեղ արդեն սպասում էին մեզ: Արմանի հայուհի մայրը ծնվել եւ մեծացել է Ֆրանսիայում եւ, իհարկե, փայլուն տիրապետում է ֆրանսերենին: Ասեմ նաեւ, որ իմանալով «Կիլիկիայի» այցի մասին, նա երեք օր արձակուրդ էր վերցրել անձնակազմին օգնելու համար: Խեղճը չգիտեր, որ ստիպված կլինի երեք օր ու գիշեր քրտնաջան աշխատել: Ահա այստեղ էլ Սամվել Բաբասյանը չորս ժամ նկարահանում կատարեց, եւ այդ ամբողջ ընթացքում Արմանը հեշտությամբ եւ առույգորեն թարգմանում էր ուղեկցորդի հետաքրքրական պատմությունը:
Մեր տեսածն անհնար է խոսքերով արտահայտել: Թանգարանն ունի մի քանի ընդարձակ սրահ, որոնցից յուրաքանչյուրում արդեն տարիքն առած վրձնի մեծ վարպետը լուծում էր իր փիլիսոփայական խնդիրները գույնի, լույսի, առասպելական գառզուական «փշերի», «ասեղների» եւ բազմաթիվ ուղիղ ու նուրբ գծերի միջոցով: Այդ ամբողջ աշխատանքն ըստ էության դարձավ Գառզուի ստեղծագործության պսակը, որ նա իրականացրեց 76-ից մինչեւ 83 տարեկան հասակումՙ 1984-1991 թթ.: Աշխատանքի ընդհանուր խորագիրն է «Ապոկալիպսիս»: Որոշակի տրամաբանություն կա նրանում, որ նման աշխատանք ձեռնարկեց հենց Հայոց ցեղասպանությունը վերապրած Գառզուն:
Ես հազիվ էի հասցնում սղագրությամբ նոթատետրումս գրի առնել ուղեկցորդի հստակ արտահայտությունները յուրաքանչյուր կտավի մոտ (ինչպես պարզվեց, դրանք ոչ թե որմնանկարներ էին, այլ հատուկ կտավի վրա կատարված գեղանկարներ): Պարզվեց, որ հայ նկարիչն ամբողջ կյանքում երազել է հենց այդպիսի լայնընդգրկուն փիլիսոփայական աշխատանքի մասին, որը պետք է հնչեր որպես ահազանգ: «Ապոկալիպսիս» հունարեն նշանակում է հայտնություն: Նոր Կտակարանում դա մարգարեություն է «աշխարհի վերջի», «Քրիստոսի եւ հակաքրիստոսի պայքարի», «ահեղ դատաստանի» մասին: Պատահական չէ, որ նկարչի կենսագրությունը հիանալի իմացող հմուտ ուղեկցորդուհու կարծիքով, այդ աշխատանքը համեմատվում է Դանթեի «Աստվածային կատակերգության» հետ:
Նկատելի է գեղանկարչական այդ բարդ ստեղծագործության յուրօրինակ տարերգությունը, նույնիսկ ժամանակագրությունը: Ատոմային էլեկտրակայանների ահազդու ուրվագծերի վերեւում թռչում են ռմբակոծիչներ: Մեկ ուրիշ կտավի վրա պատկերված է մոնղոլների արշավանքը: Դրա կողքին յաթաղան բռնած ձեռքերով մարմնի վրա կա գազանային երեք գլուխՙ Թալեաթը, Էնվերը եւ Ջեմալը: Քիչ հեռվում նույնպիսի կերպարանք է Հիտլերի, Ստալինի եւ Պոլ Պոտի գլուխներով: Երկու կտավների վրա կերպարները կանգնած են գանգերից սարքված բուրգերի վրա, որոնք հիշեցնում են Վերեշչագինի հանրահայտ «Պատերազմի ապոթեոզ» կտավը: Եվ այդ ամբողջ անպատժելիությունը իրոք հանգեցնում է «աշխարհի վերջին», Ապոկալիպսիսին: Հսկայական կտավի վրա հեղինակը բացահայտում է «Բաբելոնյան պոռնիկի» կերպարը, այդ բառակապակցության մեջ տեսնելով ոչ թե բուն կնոջը, այլ համամարդկային արատը: Արվեստագետը շուրջ 100 մեծ կտավներ ներառող յուրօրինակ ատլաս-մենագրության մեջ ընդգրկում է մարդկության գրեթե ամբողջ ողբերգական պատմությունը: Դրանք ընդգրկում են թե խորհրդային եւ թե մյուս համակենտրոնացման ճամբարների տարրերը, թե Բարդուղիմեոսյան գիշերըՙ կաթոլիկների կողմից հուգենոտների կոտորածը, եւ թե Սոդոմն ու Գոմորը, որոնց բնակիչները հրով մոխրացվեցին իրենց անառակության պատճառով:
Ապշեցնում են բազմաթիվ վիտրաժները, որոնք ինչ-որ վարպետ ստեղծել է ըստ Գառզուի գծանկարների եւ նկարների: Դրանցից յուրաքանչյուրը լուսավորում է սրահները, բայց ընդսմին պատմողականության բեռ է կրում: Հեղինակը հեղափոխությունների չարագույժ պատկերը բացահայտում է նրանով, որ գիլյոտինը հերթով կտրում է մարդկանց գլուխները, ապա նույնն անում են ուրիշները, եւ այսպիսով տեղի է ունենում մարդկային ցեղի ոչնչացման հրեշավոր շղթայական ռեակցիա: Հատուկ սրահում կախված են կնոջը փառաբանող կտավներ: Ընդսմին Գառզուի, ինչպես նաեւ Վերածննդի տիտանների համար մերկ կինը ոչ միայն գեղեցկության, այլեւ մաքրության մարմնավորումն է: Իսկ ահա պոռնկությունն ու շվայտությունը նա ցուցադրում է կիսամերկ կնոջ միջոցով: Ուղեկցորդուհու խոսքերով, գոյություն ունի հատուկ կիսաթափանցիկ հագուստ, որը պոռնկության խորհրդանիշն է: Գառզուի գործերում նույնիսկ Մարիամ Աստվածածինը մերկ է: Նա ասես ելնում է վարդի թփերից եւ ամբողջովին պայծառ է: «Կանանց սրահի» կտավներից մեկի վրա պատկերված են մի խումբ մերկ կանայք, որոնք պաշտպանում են հենց կենտրոնում գտնվող հղի կնոջը: Եվ սա տեղի է ունենում արյուն եւ մահ բերող ճակատամարտերի ֆոնի վրա: Այսպիսով, նկարիչը բացահայտում է Հույսի եւ Հավատի կերպարըՙ շեշտելով, որ չնայած ամեն ինչին, Կյանքը շարունակվում է: Եվ պատահական չէ, որ այդ հիրավի մոնումենտալ ստեղծագործության հեղինակը վերջում խորհրդանիշերով ցուցադրում է «Թրի եւ արորի» գաղափարակիր պատկերը: Այն բոլոր մեխանիզմները, որոնք սպանում էին մարդկանց, կարելի է օգտագործել խաղաղ նպատակներով: Դրանք առաջին հերթին պետք է ծառայեն Սերմնացանին (կտավի վրա հենց սերմնացան է պատկերված):
Կարելի է երկար պատմել Գառզուի հիմնադրամի մասին, բայց խոսքս ավարտեմ մի նկարով: Պատկերված է մի զույգՙ տղամարդ եւ կին: Կինը ձախ ձեռքով գրկել է տղամարդու մեջքը, պահում է նրան, որպեսզի ամուր եւ վստահ կանգնի հողի վրա: Եվ հողի վրա ընկած է երկուսի մեկ ստվեր: Երկու մարդուց մեկ ստվեր է ընկնում:
Նավարկության ընթացքում գիրք եմ գրում, որտեղ հանգամանորեն կպատմեմ Մանոսկում Գառզուի հայտնվելու, եկեղեցուն կից կառուցված շենքի պատմության մասին: Իսկ առայժմ խոսենք «Կիլիկիայի» ձեռնարկման մասին: Ես տեղեկացա, որ Հայաստանից եկել են Մանոսկ, նկարահանումներ կատարել: Համենայն դեպս, հիմնադրամի տնօրենը մեզ ասաց, որ «հիշում է նման բան»: Այնպես որ, մենք նախակարապետ լինելու հավակնություն չունենք: Սակայն հարկավոր է այդ ամենը վերստին նկարահանել, պատկերազարդ հարուստ ալբոմ ստեղծել վրձնի մեծ վարպետի «Ապոկալիպսիսի» բոլոր կտավների նկարագրությամբ: Դա մեր պարտքն է: Եվս մեկ բան. նույնիսկ Մանոսկում քչերը գիտեն, որ իրենց պաշտելի նկարիչը հայ է:
«Կիլիկիա»- Մարսել-Մանոսկ