ՌՈԲԵՐՏ ԴԱՇՏՈՅԱՆ
Պատմական Երեւանի հոգսերը կադեմիկոս Ալեքսանդր Թամանյանի կողմից 1924-1932 թ.թ. կազմված եւ հաստատված հատակագծերից, ինչպես նաեւ 450 հազար բնակչի համար 1935 թ. նախագծված «Մեծ Երեւան»-ի սխեմայից Երեւանի հետագա հատակագծեր կազմողները, ցավոք, աստիճանաբար հեռացան... Արդյունքում, Երեւանը սկսեց կորցնել իր պատմական զարգացման օրինաչափությունները հաստատող նաեւ 19-րդ դարի երկրորդ կեսից մինչեւ 20-րդ դարի առաջին քառորդում կազմավորված պատմական միջավայրն ու այնտեղ կառուցված պատմաճարտարապետական հուշարձանները ու վերածվեց չափից դուրս «վարդագույն» քաղաքի:
Այդ առումով Երեւանի իշխանավորներին ու մասնագիտական բարոյական նորմերը «կորցրած» քաղաքաշինարար-ճարտարապետներին ժամանակին խորհուրդ էր տալիս ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Էդ. Տիգրանյանը. « Վերջապես, նույնիսկ անկախ այդ շրջանի շենքերի գեղարվեստական որակից, չէ՞ որ դա մեր քաղաքի (քաղաքների) պատմությունն է եւ իր մեջ կրում է պատմական օրինաչափություններ, որոնց ժխտումը հարյուր տարվա դատարկություն է ստեղծում ժողովրդի շինարարական եւ մշակութային գործունեության մեջ, կամ, մեղմ ասած, պատմական կեղծիքն օրինականացնելու վտանգ է առաջացնում: Հայ ճարտարապետությունը միայն միջնադարով չէ, որ պետք է հրամցնել...» :
Ակադեմիկոս Ա. Թամանյանի կողմից կազմված եւ հաստատված Երեւանի գլխավոր հատակագծերի հիման վրա, Երեւանի պատմական կենտրոնում, հատկապես լայնահուն Գլխավոր պողոտայի տարածքում, պետք է քանդման ենթարկվեին Երեւանի պատմական կենտրոնի շատ տներ, երեւանյան բակ-տներ, որը եւ իրականացվեց հետագայում: Մեծն Թամանյանը կարող էր իրեն թույլ տալ նման մոտեցում սոցիալիստական Երեւանի` «այգի քաղաքի» կազմավորման համար: Նա շնորհիվ իր հանճարի, կարողացավ ընդամենը 15-35 տարվա պատմություն ունեցող այդ տների փոխարեն նախագծել ու կառուցել Կառավարական տունը (որի ճարտարապետության օրինակով ձեւավորվեց եւ շունչ առավ Հրապարակը), Ժողտունը` այսօրվա օպերայի շենքը եւ շատ այլ շենքեր` պատիվ բերելով հայ դասական ճարտարապետությանը...
Իրերի բերումով այդ տարածքում պահպանվել է այսօրվա Բուզանդի, Կողբացու, Արամի եւ Աբովյանի փողոցների միջեւ ընկած ու յուրովի վերակառուցման արժանի պատմական մի միջավայր: Այնտեղ մինչեւ օրս գոյատեւում են տուֆակերտ շատ տներ, որոնք արժանի են պահպանման, նորոգման, վերակառուցման ու նորովի օգտագործման: Դրանցից առանձնացնենք Աբովյան փողոցի վրա պահպանված այսօրվա երկհարկ Սիլ պլազայի ու հարեւանությամբ գտնվող բնակելի եւ Բուզանդի փողոցի վրա գտնվող տները: Պատմական այդ միջավայրն ու այդտեղ պահպանված եւ այսօր արդեն 95-120 տարվա պատմություն ունեցող տներն ունեն պատմաճարտարապետական եւ շինարարական արվեստի մեծ արժեք եւ արժանի են պետական հոգածության: Դրանք խիստ հետաքրքրական են նաեւ զբոսաշրջիկների համար:
Ալեքսանդր Թամանյանի քաղաքաշինական հավատամքը
Մեծն Թամանյանի քաղաքաշինական հավատամքը շատ հստակ ընդգծվում է Երեւանի գլխավոր հատակագծերում (նկ.1), որտեղ նախատեսված էր նաեւ, որ այսօրվա Հանրապետության հրապարակից սկիզբ առնող նորաբաց մայրուղիներով այդ Հրապարակը եւ այսօրվա Մյասնիկյանի անվան հրապարակն առավելագույնս պետք է կապվեին բնության պարգեւ հանդիսացող ձյունածածկ լեռներին, լեռնաշղթաներին ու սարալանջերին, Հրազդանի կիրճին...
Երեւանի հետագա հատակագծերը, ցավոք, իրականացրեցին մայրաքաղաքի առավելագույնս մեկուսացումը շրջակա բնությունից, համահունչ` «ձեւով ազգային, բովանդակությամբ` սոցիալիստական» գաղափարախոսությանը: Իսկ մեր օրերում արմատավորվող վայրի շուկայական հարաբերությունները նպատակաուղղեցին անսանձ «ուժեղներին» դեպի Երեւանի պատմական կենտրոն: Նրանք սկսել են այն վերաձեւել ըստ իրենց ճաշակի ու շահի` այդ նպատակին ծառայեցնելով վարձու ճարտարապետներին... Նման անհանդուրժելի իրավիճակը հղի է ոչ միայն կանաչ տարածքների մեծ մասի կառուցապատման վտանգով, այլեւ Երեւանի շատ փողոցներ վերածվելու են յուրօրինակ թունելնե րի, բնությունը վարագուրող փողոցների եւ փակուղիների:
Այդ չարաբաստիկ բախտին են արժանացել Երեւանի կենտրոնում գտնվող, օրինակ, Ագաթանգեղոսի փողոցը: Համաձայն Ա. Թամանյանի կողմից 1932 թ. կազմված հատակագծի, այն պետք է ազատորեն դուրս գար դեպի Հրազդանի կիրճ ու հեռանկարում գնար ու փարվեր Հայկական Պարին: Սակայն այսօր այն դեմ է առնում Տիգրան Մեծ հրատարակչության եւ կից` բազմահարկ մամուլի տան շենքերին : Իսկ Խորենացու փողոցը դեմ է առնում` պատմական Կոնդը ավերելու գնով կառուցված «Դվին» հյուրանոցին: Ամիրյան փողոցը Կոնդով անցնելով դեմ է առնում «Հրազդանի» ձորում տարօրինակ դիրք գրաված «Հրազդան» հյուրանոցին: Թումանյանի փողոցը` դեպի Սարիթաղ, դեմ է առնում վերջին տարիներին կառուցված սրճարանին, որը անհիմն դիրք գրավելով` վարագուրում է Օղակաձեւ այգում կառուցված գեղեցիկ շատրվանը: Մինչ այդ ոտնձգությունը, այն իմաստավորում էր փողոցի այդ թեւի շարունակությունը դեպի շատրվաններ-այգի ու հեռուստաաշտարակի թեք լանջը:
Եթե բարձրանանք Բաղրամյան պողոտայով դեպի Արաբկիր, ապա կտեսնենք, թե ինչպես Պռոշյան փողոցը դեմ է առնում «Դվին» հյուրանոցին, այն դեպքում, երբ այն կարող էր ազատորեն դուրս գալ դեպի Փոքր Արարատ: Կիեւյան փողոց, փառք Աստծո, ազատորեն անցնում է կամուրջը եւ շարունակվելով արդեն որպես Լենինգրադյան փողոց, գնում է դեպի բնություն, դեպի Հայկական Պար: Սակայն Կասյան փողոցը, վերեւից իջնելուց, ցավոք, դեմ է առնում կամարակապ բնակելի շենքին, որը վարագուրում է սիգապանծ Արարատը: Եթե փորձենք Կասյան փողոցի վերջնամասից դիտել այդ վարագուրող շենքը եւ այն էլ` «Առավոտ լուսո, արեգակն արդար», ապա կզգանք Արարատի վեհությունը (համոզված ենք, որ եթե Բարեկամության հրապարակի նախագծման ժամանակ կենդանի լիներ Թամանյանը, ապա այդ հրապարակը թերեւս այլ լուծում ստանար): Կոմիտասի պողոտան ներքեւում, արի ու տես, դեմ է առնում երբեմնի «Հաշվիչ մեքենաների» ինստիտուտի անդեմ բազմահարկ շենքին, ու կտրվում ազատ ելքից դեպի բնություն, իսկ վերեւից իջնելուցՙ Րաֆֆու դպրոցի մոտ, դեմ է առնում «Գեոդեզիայի ու քարտեզագրության կենտրոն» ինստիտուտի ժամանակակից բազմահարկ շենքին, որը շատ «հուսալի» կերպով վարագուրում է պողոտայի ազատ ելքը դեպի արեւմուտք, դեպի հեքիաթային գույներով շնչող երեւանյան արեւամուտը ...
Կոմիտասի պողոտայի հետ խաչվող Վրացական փողոցըՙ դեպի ներքեւ դեմ է առնում Հ.Քոչարի փողոցի վերջում կառուցված Երքաղնորոգնախագիծ ինստիտուտի (այսօրվա, նաեւ` Անշարժ գույքի բորսայի) բազմահարկ շենքին: Այն դեպքում, երբ կարելի էր այդ փողոցով քայլելով դեպի ներքեւ` մտովի խորհրդի նստել դիմացդ վեր հառնող Փոքր ու Մեծ Արարատների հետ (սովետական գաղափարախոսության պայմաններում դաստիարակություն ստացածներիս համար թերեւս կգտնվեր բացատրություններ, բայց ոչ արդարացում, թե ինչու սովետահայ ճարտարապետները շատ խնամքով վարագուրում էին Արարատը մեր ամենօրյա հայացքից):
Իսկ ինչո՞ւ է նույն սխալը կատարվում մեր օրերում: Չէ՞ որ քաղաքաշինության մեջ թույլ տրված սխալը` հանցագործություն է: Չէ՞ որ նոր սերնդի արժանապատվությունը եւ երախտապարտությունը պետք է դաստիարակվեն նաեւ ազգային քաղաքաշինության եւ ճարտարապետության ոգով, պատմաճարտարական հուշարձանների ու շրջակա միջավայրի պահպանության համար տարվող պետական հոգատարության օրինակներով:
Ահա, թե ինչի է բերում, երբ տասնամյակներ շարունակ պատմական Երեւանին հիմնականում զրկել են գլխավոր ճարտարապետի կոչմանն արժանի` նվիրվածությամբ ու ոգով լի քաղաքաշինարարից: Իսկ կատարողներ միշտ էլ կգտնվեն, որոնք , օրինակ, կավերեն պատմական Կոնդի միջավայրը եւ այնտեղ կկառուցեն այդ միջավայրին խորթ Փոստատան ալյումինե-ապակյա բազմահարկ անիմաստ շենքը, «Դվին» հյուրանոցը (որը արժանի էր կառուցելու ոչ պատմական միջավայրում), ինչպես նաեւ մրցակցության մեջ մտած մենատներ:
Այս օրերին, օրինակ, Լենինգրադյան փողոցը եւս վարագուրում են Արարատից ու Հայկական Պարից` կառուցապատելով ռեստորաններով, սաունաներով, բենզալցակայաններով, խանութներով, որի համար ջանք ու եռանդ չի խնայում, հավանաբար, նաեւ քաղաքապետարանը... Հերթի է դրվել Բաղրամյան փողոցի` Պռոշյան եւ Օրբելի փողոցների միջեւ ընկած հատվածը: Այդտեղ պետք է արգելվի շենքերի միջեւ նոր տների կառուցումը, իսկ թեք լանջի վրա քանդվող եւ տեղում կառուցվող տները պետք է լինեն մեկ-երկու հարկից ոչ ավելի, որը, հասկանալի է, կառուցող մեծահարուստներին ձեռնտու չէ:
Հյուսիսային պողոտան
Վերջին տարիներին Երեւանի քաղաքաշինության եւ ճարտարապետության բնագավառում խորացող` այսպես կոչված շուկայական հարաբերությունների պայմաններում, բացվել եւ կառուցապատվում է Հյուսիսային պողոտան: Այս պողոտայի բացման հիմնավորումը նրա նախաձեռնողները կապում են միայն Թամանյանի կազմած Երեւանի հատակագծում առկա այդ պողոտան ներկայացնող «երկու գծի» հետ: Սակայն «միամտորեն» լռում են այն մասին, որ Թամանյանը այդ երկու գիծը նշել է` ելնելով իր հատակագծի այդ հատվածում լուծում տրված քաղաքաշին ական կարեւորագույն խնդրին: Նախատեսվել էր, որ մասշտաբային հոյակերտ Ժողտնից` օպերայի շենքից սկսած Հյուսիսային պողոտան պետք է ազատ ընթացք ունենար դեպի Կառավարական տուն եւ այնտեղից` դեպի Արարատ: Երեւանի Հյուսիս-հարավ ձգվող առանցքի այդ հատվածում պետք է տիրապետող դառնային ձեռակերտ ճարտարապետական ոգեղեն փ ա ր ո ս ն ե ր` օպերայի շենքը հյուսիսում, իսկ հարավում` Կառավարական տան նիստերի դահլիճը (որը չկառուցվեց), իսկ հեռանկարում` Արարատը: Քաղաքաշինական այդ գ ե ղ ե ց ի կ գաղափարն իրականացնելու համար, Թամանյանը ստիպված է եղել (...սրտի կսկիծով) քանդել-հեռացնել այն ժամանակվա Կուլտուրայի տան ողջ համալիրը: Այն կառուցվել էր 1910 թ. որպես գիմնազիաՙ երկհարկ, սեւ տուֆով, որի նախնական տեսքից պահպանվել է միայն Աբովյանի փողոցի վրա գտնվող դահլիճի շենքը` այսօրվա «Առնո Բաբաջանյան սրահը»: Սակայն այդ համալիրն այսօր ոչ միայն կ ա ն գ ու ն է, այլեւ 1950-60 -ականներին կամարակապվեց (ցավոք) ս պ ի տ ա կ ֆելզիտով: Իսկ 70-ականներին` այդ գեղեցիկ կամարաշարի վրա կցակառուցվեց մասշտաբային-անհոգի Հեղափոխության թանգարանի` այսօրվա Պատկերասրահի շենքը: Հեղափոխության-Պատկերասրահի մասշտաբային տձեւ շենքը աններելի հարված է հասցրել Թամանյանի նախագծած Հրապարակի ոգեղեն անսամբլին ու նրա մասշտաբայնությանը ( որի միակ լուծումը` այդ անճաշակ մասշտաբի վերացումն է...) :
Այսօր բացվող Հյուսիսային պողոտան օպերայի մոտից ոչ թե ազատորեն անցնելու է դեպի Կառավարական տուն ու Արարատ, այլ դեմ է առնելու պատկերասրահիՙ առանցքից խիստ շեղված ու թեք կանգնած կցակառույց շենքին... Այդ պողոտայում կառուցվող մասշտաբային անդեմ, սուր անկյուններով ՊԱԿ-ի շենքը հիշեցնող` 21-րդ դարի շենքերն արդեն ճնշում ու մասամբ վարագուրու մ են Թամանյանի վեհաշուք օպերայի շենքը (նկ.2):
Այստեղ տեղին է հիշել հետեւյալ հայտնի խորին խորհուրդը.
- Ու՞մ է պետք այն ճանապարհը, որը չի տանում դեպի Տաճար:
Տաճարներից մեկը` օպերայի շենքն է, իսկ մյուսը` պետք է դառնար Կառավարական տան չկառուցված նիստերի դահլիճի մասշտաբային շենքը ու հեռանկարում` բնական տաճարը, Արարատը: Սակայն այսօր Հյուսիսային պողոտան` այն կառուցապատող օպերայի շենքի վեհությունը նսեմացնող շենքերի մասշտաբով եւ Պատկերասրահի կցակառույցով ու Արամի փողոցով ձգվող Չարենցի անվան Գրականության եւ արվեստի ինստիտուտի շենքով, զրկվելու է այդ ձեռակերտ ու անձեռակերտ ոգեղեն փարոսներից:
Այդ մտահոգության թելադրանքով, նախկին քաղաքապետին եւ գլխավոր ճարտարապետին 2002 թ. մարտ ամսին փոխանցվել էր վերլուծական նամակ` «Հյուսիսային պողոտա. քաղաքաշինության նոր հոգսեր» վերտառությամբ: Նամակում մտահոգություն էինք հայտնել նաեւ կառուցվելիք բազմահարկ շենքերի բարձրության վերաբերյալ: Բարձրությունը, ըստ գլխավոր ճարտարապետի «...արդեն գիտեն. առավելագույնը օպերայի շենքի 2-րդ հարկի վերին նիշն է»: Սակայն համոզված էինք, որ կառուցվելիք շենքերի բարձրությունը շատ ավելին է լինելու, քան խոստանում էր գլխավոր ճարտարապետը, որը ցավալիորեն հաստատվում է այսօր (նկ.2)... Առաջարկում էինք` ի պաշտպանություն օպերայի շենքի վեհության, Հյուսիսային պողոտայում համադրել արժեքավոր 1-3 հարկանի հինը, որոնց գծագրերն են հիմնականում պահպանված, ժամանակակից տեխնոլոգիաներով հարուստ 5-6 հարկանի նոր շենքերով (որը, խոնարհաբար, կդառնար օպերայի դասական վեհ շենքի համար որպես «պատվանդան»): Պատվաբեր լուծում` սկզբունքային եւ արժանապատիվ ճարտարապետ-մտավորականի համար, եւ ոչ թե հնաբնակների տեղահանության վրա ձեռքերը տաքացնող գավառական ճարտարապետ ու նրանց իրենց կամքը թելադրող «ուժեղների» համար (նկ. 2):
Քաղաքաշինության բնագավառում կատարված այդ արատավոր ինքնագործունեությունը շարունակում է իր սեւ գործը նաեւ ՀՀ-ի անկախացման տարիներից ի վեր, որովհետեւ պատմական Երեւանի համար այդ կարեւորագույն` գլխավոր ճարտարապետի (պետք է լինի` քաղաքաշինարար-ճարտարապետ) պոստը գրավելու մեխանիզմը մնացել է նույնը: Ռ ա զ մ ա վ ա ր ա կ ա ն կարեւորության այդ բնագավառը ղեկավարում են նույնպես գավառական մտածելակերպ ունեցող «ուժեղները»: Այդ պոստում նշանակված թ ու յ լ ի կ ճարտարապետներն իրենց լեզվական ընդունակությունները չարաշահելով, երբեմն էլ վկայակոչելով Ա.Թամանյանին, կարողանում են պատմական միջավայրն ավերելու գնով ու տեղում ազգային ճարտարապետության զարգացման համար արժեք չներկայացնող բազմահարկ շենքեր կառուցելով` իրենց պատառը փախցնել... Այսինքն` փողի վրա նստած, այլեւս վերեւներից փող չպահանջել...
Երեւանի քաղաքաշինությունը «ուժեղների» ձեռքում է
Ակադեմիկոս Թամանյանին փոխարինելու եկած քաղաքաշինարարները եւ ճարտարապետները, ինչպես պարզ դարձավ, քայլել են ու շարունակում են քայլել բոլորովին այլ ճանապարհով ու Երեւանը շարունակում է կորցնել շրջապատող հրաշք բնապատկերի հետ առավելագույնս հաղորդակցվելու նախաստեղծ հնարավորությունից ու պատմաճարտարապետական հուշարձաններից: Այդ արատավոր մտածելակերպը հանցագործ իներցիայով շարունակվում է խորանալ հատկապես ՀՀ-ում արմատավորվող, այսպես կոչված շուկայական հարաբերությունների պայմաններում:
Նախկին գլխավոր ճարտարապետի եւ քաղաքապետի մասնագիտական ունակությունների հետ է կապվում, օրինակ, նաեւ Շահումյանի հրապարակի նախաստեղծ ճարտարապետական արտահայտչականության արժեզրկման գործընթացը` անհոգի ճարտարապետություն ունեցող մասշտաբային «Կոնգրես» հյուրանոցի (մանկական կոնստրուկտորի մակարդակ ունեցող) շենքի անիմաստ պարտադրանքով: Իսկ վաղը` արդեն նոր ղեկավարների պայմաններում ավերված պատմական արժեք ունեցած «Սեւան» հյուրանոցի տեղում վեր կխոյանա մեկ այլ օտարածին ճարտարապետության հյուրանոցի շենք` խորթ ու անհաղորդ Շահումյանի հրապարակին:
Այսօր արդեն Երեւանի պատմական կենտրոնի միջավայրի վերացման վրա «ձեռքերը տաքացրած» ղեկավար ճարտարապետներն ու նրանց հովանավորող Երեւանի «ուժեղները» այլեւս` «փողի վրա նստած` փող չեն պահանջի»... Այստեղ «ուժեղները» չակերտների մեջ են, որովհետեւ նրանք իրենց ուժը կարող են ցուցադրել, երբ իրենց ձեռնտու է արժեք ներկայացնող պատմական միջավայրն ավերելն ու դատարանի ձեռքով կենտրոնի բուն բնակիչներին` միայն իրենց հատուկ, «մեծապատիվ» բարոյական նորմերը պարտադրել... Եւ արդյունքում` դառնալ Կենտրոնի բնավեր, դառնություններ կրած բնակիչների ավերված տների տեղում կառուցած բազմահարկերի տերեր: Այո, «մարդկային լկտիությունը աստվածներից զորավոր է...»:
Եթե Երեւանի քաղաքապետին հաջողվի կասեցնել Երեւանի «ուժեղների» ներխուժումը դեպի պատմական կենտրոն, ապա դեռ հնարավոր կլինի, միջավայրին հարազատ մնալով, վերակառուցել Երեւանի պատմական կենտրոնից պահպանված` մազապուրծ Աբովյան-Բուզանդի-Կողբացու-Արամի փողոցների միջեւ ընկած հատվածը, որը կարելի է վերածել, օրինակ, ժողովրդական ստեղծագործության` բրուտագործության առարկաների, խաչքարերի, ազգային երաժշտական գործիքների եւ այլնի պատրաստման գործող արվեստանոց-թանգարանի եւ արժանացնել զբոսաշրջիկների ուշադրությանը:
Քաղաքապետարանը պետք է արգելի Հանրապետության հրապարակի հարեւանությամբ մասշտաբային նոր շենքերի կառուցումը, որոնք կարող են տեսանելի դառնալ հրապարակից: Առանց այդ էլ Քաղաքաշինության եւ այլ նախարարությունների համալիրը, ինչպես նաեւ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցը, էլ չենք ասում` Պատկերասրահի կցակառույցը, անցանկալի ու աններելի հարված հասցրել են Թամանյանի քաղաքաշինության կենտրոնի` Հրապարակի մասշտաբայնության եւ անսամբլի ռիթմի ընկալմանը:
Երեւանը հին է Հռոմից... Այո, շատ եւ շատ հին է. վկան` Հրազդանի կիրճում պահպանված մշակույթի հետքերով հարուստ քարայրները: Սակայն, ցավոք, մեր քաղաքաշինարար-ճարտարապետները, հատկապես Երեւանի գլխավոր ճարտարապետները, հավանաբար որոշել են աշխարհ տեսած զբոսաշրջիկներին Երեւանում ցույց տալ (միգուցե` զարմացնել) բացվող ժամանակակից նոր փողոցները եւ այնտեղ կառուցվող անդեմ շենքերը: Այն դեպքում, երբ նրանց կհետաքրքրեր պատմական կենտրոնում դեռ պահպանվող 19-րդ դարի 50-ականներից մինչեւ 20-րդ դարի առաջին քառորդում կառուցված եւ Երեւանի պատմական շունչն ու ոգին կրող 1-3 հարկանի դեպի բակ տանող սալահատակված տները` փայտյա նախշազարդ շքեղ պատշգամբ եւ գողտրիկ այգի ունեցող տները, եւ երբեմնի` երեւանյան առանձնահատուկ բակ-տները:
Այդ առումով հատկանշական է Հյուսիսային պողոտան, որը բացվում եւ կառուցապատվում է պատմական միջավայրում, որի հետ կապված նախկին գլխավոր ճարտարապետը համոզմունք էր հայտնել, որ իրենք, ճարտարապետները, առանց ընդհանուր նախագծի եւ մրցույթի անցկացման` Հյուսիսային պողոտայի կառուցապատման օրինակի հիման վրա, պետք է հասկանան, «թե որն է հայ ճարտարապետության` 21-րդ դար մտնող փողոցի նոր խոսքը»: Կարաբալան եթե հայտնվեր իր արձանի տեղը, թերեւս կասեր իր երախտիքի խոսքը:
Եզրակացություն
Երեւանի պատմական դեմքը աղավաղելու եւ մեզ բնության պարգեւ տրված գեղեցկություններից զրկելու գործընթացի դեմն առնելու անհրաժեշտ (բայց ոչ բավարար) պայմաններից առաջինն այն է, որ Երեւանի քաղաքապետի ու նրա առաջին տեղակալի` Երեւանի գլխավոր ճարտարապետի, պաշտոնները պետք է դառնան ընտրովի: Նրանք որպես թիմակից թեկնածուներ` իրենց քաղաքաշինական, պատմաճարտարապետական միջավայրի եւ այնտեղ դեռ պահպանվող հուշարձանների նկատմամբ հստակ վերաբերմունքով եւ այլ ծրագրերով պետք է ներկայանան ազնիվ ու արդար ընտրության կարոտ երեւանցիներին: