«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#134, 2005-07-21 | #135, 2005-07-22 | #136, 2005-07-23


ՀԱՏՎԱԾ «ԻՄ ԿՅԱՆՔԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ» ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ

ՄԱՐՈ ԱԼԱԶԱՆ

Վահրամ Ալազանը հաճախ էր շրջաններ գնումՙ ստուգելու տեղի գրական խմբակների աշխատանքները: Գրական երեկոներ եւ բանավեճեր էր կազմակերպում, ծանոթանում էր նրանց գրական ուժերին եւ ուղղություն էր տալիս աշխատանքներին: Մի անգամ Լենինականից վերադառնալովՙ զարմացած եւ հիացած պատմեց հետեւյալը.

- Առավոտյան շատ շուտ, առանց դուռը թակելու, հյուրանոցի իմ համարը մտավ իսկական անապաստան մի տղա. մազախռիվ, կեղտոտ ու մաշված հագուստով, քաղաքավարական տարրական կանոններից զուրկ:

- Ալազանը դուն ե՞ս:

- Այո, ես եմ:

- Վերցրու այս բանաստեղծությունը կարդա: Տպելու էՙ տպիր, տպելու չէՙ ճղիր, դեն գցիր:

Ալազանը պայուսակից հանեց եւ ինձ համար կարդաց այդ բանաստեղծությունը:

Հին աշխարհը չեմ տեսել

Հին աշխարհը չեմ տեսել

Ու ոչ մի բան չեմ հիշում,

Ու չեմ նրան երազել

Իմ հուշերի մշուշում:

Բայց երբ նայում եմ խաղաղ,

Մորս դեմքի դալուկին,

Ինձ թվում է , թե մի պարզ

Վիշտ է եղել կյանքը հին:

Հին աշխարհը չեմ տեսել

Ու ոչ մի բան չեմ հիշում,

Բայց թողել է նա մի թել

Մորս աչքի մշուշում:

- Բանաստեղծությունը կարդալուց հետո,- շարունակեց Ալազանը,- ավելի հանգամանորեն եւ զարմացած նայեցի այդ տղային եւ վերջնականապես համոզվեցի, որ այդ բանաստեղծության հեղինակն ինքը չէ, բայց եւ այնպես վերցրի տպագրության: Կասկածս փարատելու համար խոսեցի լենինականցի մի քանի գրողների հետ: Նրանք ասեցին, որ կա այդպիսի մեկը, որ իբր բանաստեղծություններ է գրում Հովհաննես Շիրազ ստորագրությամբ:

- Իսկ ինչո՞ւ նրան ձեր գրական խմբակներում չեք ընդունում:

- Նրա համար ի՞նչ գրական խմբակ, ի՞նչ գրականություն. ամբողջ օրը շուկայում եզդիներից յուղ ու մածուն է թռցնում,- պատասխանեց գրողներից մեկը:

- Բայց եւ այնպես դուք նրան ընդունեք ձեր գրական խմբակում. գուցե նա փոխի իր «մասնագիտությունը» եւ իսկական գրող դառնա:

Ապա Ալազանը բանաստեղծությունը ինձ մեկնելովՙ ասաց.

- Մեքենագրիր երկու օրինակից, տանեմ «Գրական թերթ»-ում տպեն, եթե այս բանաստեղծությունն իսկապես այդ անապաստան տղան է գրել, ապա նրանից մեծ բանաստեղծ դուրս կգա. ես պետք է ձեռքս վրան պահեմ, տեսնեմ ինչ կստացվի:

Շիրազի անդրանիկ բանաստեղծությունը տպվեց «Գրական թերթ»-ում:

Որոշ ժամանակ անց Շիրազից ստացանք մի նամակ, որտեղ չափածո խոսքով շնորհակալական խոսք էր գրել Ալազանին եւՙ մի նոր բանաստեղծություն: Ի դեպ Շիրազիՙ Ալազանին գրված բոլոր նամակները մի-մի չքնաղ բանաստեղծություններ էին:

Ալազանը Շիրազին անապաստների շարքերից դուրս քաշելու նպատակով ամեն ամիս որոշ գումար էր ուղարկում, բացի այդ, Լենինականի «Բանվոր» թերթի խմբագիր Հմայակ Սիրասին խնդրեց, որ իր հոնորարները տա Հովհաննես Շիրազին:

Ալազանիՙ Լենինականից վերդառնալուց մեկ ամիս անց, մեր տան դուռը ուժեղ բախեցին: «Երեւի մածուն ծախող եզդին կլինի» մտածեցի եւ դուռը բացեցի: Դիմացս կանգնած էր գզգզված մազերով, թափթփված ու հնամաշ հագուստով մի տղա: Նրա ամեն ինչ լինելու մասին մտածեցի, բայց որ նա կարող էր գրող լինել... մտքովս անգամ չանցավ:

- Ընկեր Ալազանը տունն է՞:

- Այո, խնդրեմ ներս մտեք,- ասացի ես խղճահար տոնով:

Նա առանց ինձ բարեւելու, առաց ոտքերը մաքրելու, ցեխաթաթախ, հնամաշ կոշիկներով իմ պլպլան հատակը դաջելովՙ Ալազանի առանձնասենյակը մտավ:

- Օ՜, Շիրազ ջան, արի, մոտ արի, աթոռը վերցրու ու նստիր:

Շիրազ անունը լսելովՙ ես զարմանքից ու հետաքրքրությունից դրդված անմիջապես մտա Ալազանի առանձնասենյակը եւ սկսեցի ուշադիր դիտել նրան:

Ալազանը, ձեռքը Շիրազի ուսին դնելով, ժպտալով ասաց.

- Շիրազ ջան, բանաստեղծություններիդ հոնորարները ստացա՞ր:

- Ի՞նչ:

- Տպվածդ բանաստեղծությունների փողը ստացա՞ր:

- Էդ ի՞նչըխ կեղնի, համ բանաստեղծություններս ես տպում, համ էլ փող ես տալիս:

- Այո, տպված բանաստեղծությունների համար փող են տալիս,- պատասխանեց Ալազանը:

- Էս լավ էղավ, սրանից հետո շատ կգրեմ, որ շատ հոնորար ստանամՙ բարձր տրամադրությամբ ու ծիծաղելով ասաց Շիրազը: Հետո ծոցագրպանից հանեց երկու նոր բանաստեղծություն եւ դրեց Ալազանի գրասեղանին: Ալազանը մեր ներկայությամբ բարձրաձայն կարդաց այդ բանաստեղծությունները, մի որոշ շտկումներ անելուց հետո, ինձ տալովՙ ասաց.

- Մարո ջան, այս բանաստեղծությունները հենց հիմա մեքենագրիր «Գրական թերթ»-ի այս համարի համար: Ապա Շիրազին դառնալով, նրան իր թեւի տակին սեղմելովՙ գորովագութ խոսքերով ասաց.

- Բայց Օնիկ ջան, քեզ մի բան ասեմ դու արդեն գրող ես, բոլորը քեզ գիտեն, դու քեզ գրողին վայել պետք է պահես, եղա՞վ:

- Եղավ, ազնիվ խոսք եմ տալիս, որ քո բոլոր ասածները սրբությամբ կկատարեմ,- ասաց Շիրազըՙ աշակերտի պես ուսուցչի առջեւ կանգնելով:

Նրանք միասին դուրս եկան եւ գնացին Գրողների տուն:

Եվ այսպես Ալազանի եւ Շիրազի միջեւ սկսվեց ջերմ ու հարազատ, եղբայրական մտերմություն եւ նույնքան անկեղծ նամակագրություն: Ես Շիրազին միշտ իմ տեսադաշտում պիտի պահեմ, որ նա իր հին «մասնագիտությամբ» չզբաղվի եւ իր հին ընկերների ազդեցության տակ չընկնի,- ասում էր Ալազանը եւ այդ նպատակով էլ Շիրազին տեղափոխեց Երեւան եւ տեղավորեց մի գյուղացու տանը:

Մի անգամ Ալազանը, Շիրազն ու ես Աբովյան փողոցում զբոսնում էինք: Մեզ մոտեցավ Չարենցը: Շիրազն իսկույն հեռացավ:

- Ա՛յ տղա Ալազան, էդ տղային շատ չե՞ս երես տալիս: Չլինի կարծում եսՙ նոր Տերյան ես հայտնաբերել,- ասաց Չարենցը բարձրաձայն ծիծաղելով:

- Տերյան չէ, բայց որ շնորհալի ու տաղանդավոր տղա է, դրանում ես համոզված եմ,- պատասխանեց Ալազանը:

Չարենցը Շիրազին, որպես գրողի չէր հավանում, սկսնակներից նրան շատ դուր էր գալիս Սուրեն Թարյանը: Չնայած այդ ամենինՙ Ալազանը հավաքեց Շիրազի հին ու նոր բանաստեղծությունները, կազմեց «Գարնանամուտ» խորագրով մի ժողովածու եւ հենց Չարենցի մոտ էլ, որն այդ ժամանակ Պետհրատի գեղարվեստական բաժնի վարիչն էր, հանձնեց տպագրության: Այսպիսով լույս տեսավ Շիրազի անդրանիկ «Գարնանամուտ» ժողովածունՙ Ալազանի առաջաբանով:

***

1935 թիվն էր: Ալազանն ու ես Ծաղկաձորի գրողների հանգստյան տանն էինք: Ալազանը մի քանի օրով Շիրազին էլ հրավիրեց հանգստանալու: Մի օր Ալազանը շատ լուրջ ու մտախոհ ասաց.

- Այ Մարո, դու չե՞ս զարմանում, թե այս աղքատիկ գավառաբարբառով խոսող տղան, ո՞նց կարող է այդպիսի չքնաղ բանաստեղծությունների ու նամակների հեղինակ լինել: Ճիշտն ասած, ես կասկածում եմ եւ այսօր մի բան եմ որոշել: Նա Շիրազին կանչեց մեր սենյակ, նրան թուղթ ու մատիտ տալովՙ ասաց.

- Շիրազ ջան, ես ու Մարոն գնում ենք անտառ զբոսնելու, դու լրիվ մենակ կմնաս. դուռն էլ կփակեմ, որ քեզ չխանգարեն: Մինչեւ մեր գալը դու մի քառատուն բանաստեղծություն գրիր: «Գրական թերթ»-ի այս համարի համար բանաստեղծություն չունեմ:

- Լավ, շատ լավ, ասաց Շիրազը:

Ալազանը, սենյակի դուռը փակելով, ասաց.

- Վախենում եմ այսօր Շիրազի տպագրվելու վերջին օրը լինի:

Մի քանի ժամից տուն դարձանք: Տեսանք Շիրազը հուզված, կարմրած, մազերը գզգզված, սենյակում գնում ու գալիս էրՙ թղթին ինչ-որ տողեր հանձնելով:

- Հը, Օնիկ ջան, մի բան գրե՞լ ես:

- Առ տես, թե ինչ եմ գրել:

Ո՜վ քեզ զարմանք, նա ոչ թե մի բանաստեղծություն, այլ մի ամբողջ պոեմ էր գրել «Արեւի երկիր» խորագրով: Այն ընթերցելուց հետո, Ալազանը կարծես կորած եղբորը գտավ, ուրախությամբ ու ցնծությամբ Շիրազի հետ գրկախառնվեց ու ասաց.

- Հիմա Օնիկ ջան, լրիվ համոզվեցի, որ այդ բոլոր բանաստեղծությունների ու նամակների հեղինակը դու ես:

- Յա, որ ես չեմ բա վո՞վ է,- զարմացած ասաց Շիրազը:

Նրանք նորից գրկախառնվեցին: «Շիրազ ջան, իմ գրկում էլ դու առաջ կգնաս, բոլորովին չմտածես»:

Այո, իմ աչքի առաջ Ալազանը հայրական հոգատարությամբ ու գուրգուրանքով Շիրազին դուրս հանեց անապաստանների շարքից եւ տեղավորեց հայ գրողների առաջավոր շարքերում, նրան հասցրեց հայ գրականության պատվավոր պատվանդանին:

Խոսքս ավարտեմ Շիրազի խոսքերով, որ մակագրել էր իր գրքի վրա եւ նվիրել Ալազանին: «Ալազանինՙ ինձ մկրտող ավազանին»:

Հավելում Հասմիկ Ալազանից

Ամիսներ առաջ մեր ընտանիքի վաղեմի բարեկամ, ծնունդով վանեցի Պատրիկ Սարոյանը ինձ նվիրեց Հովհաննես Շիրազիՙ հայրիկիսՙ Վահրամ Ալազանին նվիրված մի անտիպ բանաստեղծությունՙ գրված 1945-46 թթ., երբ հայրս գտնվում էր Կոլիմա (մահվան հովիտ) կոչվող ցուրտ ու դաժան պատժավայրում, որտեղ սառնամանիքները հասնում էին 70-72 աստիճան եւ ցրտահարությունից մահացությունը սովորական բան էր:

Գուցե այդ տարիներին Շիրազն էլ շատերի նման լսել էր, որ Ալազանը վախճանվել է Սիբիրում, եւ դա է եղել պատճառը, որ այդ բանաստեղծությունը վերնագրել է «Անշիրիմ Ալազանի շիրիմին»:

Սիրով այս բանաստեղծությունը հանձնում եմ ձեր ուշադրությանը:

ԱՆՇԻՐԻՄ ԱԼԱԶԱՆԻ ՇԻՐԻՄԻՆ

Ծաղիկներ, բացվեք իմ գերեզմանին,

Դեռ իմ արցունքը ձեր մեջ կցողա,

Ծաղիկներ, լացեք իմ գերեզմանին,-

Կյանքում անծաղիկ ես շատ լաց եղա...

Վրասՙ սպիտակ շուշանների տեղՙ

Ձյունն է սպիտակ պատանքս գործում,

Մինչ ես անպատանք թաղվեցի այստեղ,

Միակ լացողս ձյունն է այս կոծում:

Ծաղիկներ, երգեք իմ գերեզմանին

Մենակությունից սիրտս կդողա,-

Լուր տարեք հեռու իմ Հայաստանին,

Դեռ մորս արցունքն այնտեղ կցողա...

Որտեղի՞ց որտեղ ընկանք, ոՙվ աստված,

Եվ ո՞վ էր տեսել ճերմակ անապատ,

Ա՛խ, այս ճերմակը սեւ է, անաստված,

Այս ի՞նչ ճերմակ է մեր գլխին բերում,

Այս սեւո՞վ է մեզ հյուսիսն համբուրում:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ, 1945-46 թթ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4