Ստուգայցերը շարունակվում են
Ժամանակակից Երեւանը ժամանակակից քաղաք դառնալու համար դեռ երկար ճամփա ունի անցնելու: Եթե նկատի առնենք այն բոլոր գործոնները, որոնք նրա բնակչի կյանքը դժոխքի են վերածում, ապա իր առողջությունը հարգող յուրաքանչյուր մարդ գլուխը բռնած պիտի փախչի այստեղից: Եվրոպական ծագում ունենալով հանդերձ մեր այսօրվա կենցաղով շատ ավելի մոտ ենք ասիացուն: Եվ պատճառը կանաչի անխնա սպանդը չէ, որ իրականացրին սրճարանային, հյուրանոցային, դղյակաշինության մոլուցքի մեջ ընկած նորօրյա գործարարները: Պատճառը միայն տրանսպորտային միջոցներով գերհագեցած փողոցները չեն, որ առատորեն կապար են արտանետում մթնոլորտ եւ աննկատ քայքայում մեր թոքերը: Պատճառն անվերահսկելի փողոցային վաճառքն ու դրսից բերվող կասկածելի սննդի ծավալները չեն: Սրճարանների, ակումբների ու ռեստորանների, հասարակական սննդի ու հանգստի հաստատությունների հախուռն մուտքը այլ խնդիրներ եւս առաջ բերեց: Երեւանը ներծծվել է աղմուկով, որ արդեն տասնամյակ ու կես բթացնում է նրա բնակչի զգացողությունները, դարձնում դյուրագրգիռ, որի պատճառը հաճախ ինքն էլ չի գիտակցում: Պատկերացրեք այս բոլոր ախտերի համատեղ ներգործության արդյունքն այն քաղաքացու վրա, որն աշխատանք չունի եւ ամեն օր ստիպված է մտածել ապրուստի մասին:
Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ հակահամաճարակային հսկողության տեսչությունը 1 ամիս առաջ ուսումնասիրություններ է կատարել մայրաքաղաքի բոլոր տարածքներում, ուր սրճարաններ ու ռեստորաններ կան, եւ ուր առավոտից իրիկուն կամ օրվա հստակ ժամերի հնչում է բարձր երաժշտություն: Պարզվել է, որ Երեւանի ամենաաղմկոտ օբյեկտները Հրազդանի կիրճի եւ օղակաձեւ զբոսայգու սրճարաններն են, Պռոշյան փողոցի «Նոր Ձորաբերդ» եւ «Ուրարտու» ռեստորանները: Խախտումները զանգվածային են օղակաձեւ զբոսայգում, Հրազդանի կիրճում, օպերային թատրոնին հարող տարածքում: Հասարակական հանգստի համար նախատեսված եւ հաստատությունից դուրս հասարակությանը մեծ տհաճություններ ու նյարդային լարվածություն պատճառող օբյեկտների տերերն առաջին այցի ժամանակ պարզապես նախազգուշացվում են (այդպիսի 39 օբյեկտ արդեն գրավոր նախազգուշացում է ստացել), երկրորդ անգամ նույնը կրկնվելու դեպքում նրանց սպառնում է տուգանքը:
Քաղաքապետարանի, տեսչության աշխատակիցների, ոստիկանության քաղաքային վարչության համատեղ այցից հետո ինչն է փոխվել քաղաքում: «Ազգի» այս հարցադրմանը պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության պետի տեղակալ Մարիետա Բասիլիսյանը պատասխանեց. «Մի շարք կազմակերպություններում ստիպված եղան հրաժարվել կենդանի երաժշտությունից եւ դրա փոխարեն համապատասխան սարքեր ու սարքավորումներ ձեռք բերելով` սկսել են օգտագործել ձայնագրություններ: Մինչ այժմ աղմուկի նորմաները խախտողների համար նախատեսվել էր 1000-1200 դրամ տուգանք: Այժմ այդ գումարը վարչական իրավախախտումների մասին օրենքում փոփոխություններից հետո տատանվում է 30-40 հազարի սահմաններում` կախված «մեղմացուցիչ» հանգամանքներից»: Ըստ Մարիետա Բասիլիսյանի, իրենք զիջողամտություն են ցուցաբերում այն օբյեկտների նկատմամբ, որոնց տերերն անմիջապես ընդունում են մեղքը եւ խոստանում շտկել վիճակը: Սակայն սա երեւի այն դեպքն է, երբ ոչ մի «մեղմացուցիչ» հանգամանք չպետք է հաշվի առնել: 19 տնտեսվարող սուբյեկտներ (հանրային սննդի օբյեկտներ) դրամական տուգանքների են ենթարկվել 30-50 հազար դրամի սահմաններում: Աբովյան փողոցում գտնվող «Համբարձում եւ Նվարդ» բարի տնօրենը 2 անգամ տուգանվել է, վերջին անգամ հուլիսի 14-ին` 70 հազար դրամով: «Քաոսի» տնօրենը տուգանվել է 30 հազար դրամով, նույն չափով նաեւ 16 բացօթյա սրճարան-տաղավարների տնօրեններ: «Երեկ երեկոյան խմբով էլի շրջել ենք քաղաքում եւ ոչ մի տեղ բարձր աղմուկ չկար, իսկ ընդհանրապես, մեր աշխատակիցներից մեկն ամեն օր շրջում է քաղաքում», ասում է տեսչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ տարածքային կենտրոնի պետ Մարիետա Հախվերդյանը:
Խնդրի պատասխանատուները քաղաքապետարանը, տեսչությունն ու թաղապետարաններն են: Սակայն միայն թաղապետարանները իրավական լծակները գործնականում կիրառելու հնարավորութուն ունեն: Այսինքն, նրանք են պարտավոր եւ իրավասու սահմանափակել տվյալ օբյեկտի գործունեությունը կամ ընդհանրապես փակել: Ի դեպ, վարչական իրավախախտումների մասին օրենքի 180-րդ հոդվածը սահմանում է, որ լռություն պետք է պահպանվի գիշերվա ժամը 22.00-06.00: Սակայն աղմուկը մեզ հետապնդում է օրվա բոլոր ժամերին: Փողոցային առեւտրի դեմ պայքարի իմիտացիայում տարիներ շարունակ անտեսվում կամ շրջանցվում են հենց մայթի վրա ձայնասկավառակներ վաճառողները: Գովազդի վայրի մեթոդն այս վաճառողների համար նույնն է` որքան բարձր միացնես երաժշտությունը, այնքան լավն է ապրանքդ եւ այնքան ավելի մրցունակ կլինես: Ձայնասկավառակների առուվաճառքով զբաղվողները, անկասկած, համապատասխան թույլտվություն ունեն թաղապետարաններից, բայց եթե թույլտվություն տրվում է, պիտի սահմանվեն նաեւ վաճառքի պայմանները: Ինչպես փողոցային առեւտրի պարագայում, այս դեպքում էլ թաղապետարանները համառ «անտարբերություն» են ցուցաբերում:
Ինչ վերաբերում է ստուգայցային այս օրերին քաղաքի շատ հատվածներում տիրող հարաբերական անդորրին, ապա դժվար թե շարունակական լինի: Այլ դրդապատճառներից զատ աղմուկի դեմ պայքարը մեզանում շռայլություն է համարվում: Աղմուկը հալածում է նաեւ փոխադրումների մենատեր երթուղայիններում, ուր մինչեւ տեղ հասնելդ ստիպված ես հանդուրժել վարորդի ճաշակին համապատասխան երաժշտություն: Անգամ տանը, սեփական հարկի տակ Երեւանի բնակիչը նյարդերը հանգստացնելու հնարավորություն չունի: Հարեւանի տնից լսվող բարձրաձայն խոսակցությունների, նրա կենցաղի մանրամասներին ակամա հաղորդակցվելու տհաճությունը ոչինչ է մերձակա բարից, ռեստորանից, ակումբից նույնիսկ գիշերային ժամերին հնչող խելագարեցնող աղմուկի, որոշ մայրուղիներում տրանսպորտի դժոխային ժխորի համեմատ:
Չպետք է մտածել, թե մեր օրգանիզմը հարմարվում է աղմուկի երկարատեւ, մշտական ազդեցությանը: Դա նույնն է, ինչ ծխախոտի թույնը, հետեւանքները հետո են զգացվելու: Աստիճանաբար հաշմվող ու թուլացող նյարդային համակարգը խոցելի է դառնում ամեն մի հիվանդության նկատմամբ: Այնուամենայնիվ, այս առումով նվազագույն առաջընթաց նկատելի է: Բնակիչների բողոքի ճնշման տակ շատ հաստատություններ (հիմնականում` գիշերային ակումբներ), կենտրոնից ծայրամասեր տեղափոխվեցին: Այդպիսի ճակատագրի արժանացավ, օրինակ, «Օմեգա» գիշերային ակումբն անցած տարի: Բայց ծայրամաս տեղափոխվելուց հետո այս անգամ էլ ընդվզեցին ծայրամասի բնակիչները: Այսինքնՙ հաստատությունը տեղափոխելով խնդիրը չլուծվեց: Նույն ժամանակում Լեոյի 7 հասցեի «Սեզամ» գիշերային ակումբը հատուկ որոշմամբ դադարեցրեց գործունեությունը:
Եվ դժվար թե վարչական նոր պատժաչափերը զսպաշապիկ դառնան աղմկային մոլուցքով բռնվածների համար, աղմուկ, որ բիզնեսի բաղկացուցիչ մաս են համարում: Գուցե խնդրի լուծմանը խոչընդոտող պատճառը նրա լուծմանը նպաստող միջոց պետք է դարձնել: Այսինքն, տուգանքի 30-40 հազար դրամի չափը տասնապատիկ բարձրացնել, մինչեւ սպասարկման օբյեկտների տերերն ու մյուս աղմկարարները հասնեն այն գիտակցության, որ շարքային քաղաքացին նաեւ լռության ու հանգստի իրավունք ունի:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ