«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#134, 2005-07-21 | #135, 2005-07-22 | #136, 2005-07-23


«ԵՐԵՎԱՆՅԱՆ ՖԱՅԼԱԲԱԶԱՐ ԿԱՄ ԱՆԴՈՒՌ, ԱՆԼՈՒՍԱՄՈՒՏ ՕՖԻՍ»

Այսօր հաճախ ենք լսում նոր բացվող աշխատատեղերի եւ աշխատանքի տեղավորող գործակալությունների մասին, սակայն, չգիտես ինչու, գործազուրկների թիվն այդպես էլ չի կրճատվում: Նոր բացվող աշխատատեղերը բարեկամների եւ ծանոթների համար են, իսկ գործակալությունների միջոցով աշխատանք գտնելու համար առնվազն անհրաժեշտ է բարձրագույն կրթություն եւ օտար լեզուների իմացություն: Իսկ ի՞նչ պետք է անեն բարձրագույն կրթություն չունեցողները կամ էլ թոշակառուները, առավել եւս, եթե նրանք ընտանիքի միակ կերակրողն են: Այնուամենայնիվ, ապրելու համար միջոցներ են պետք: Միջոցներ... որոնք շատերը փնտրում են այսպես կոչված ֆայլաբազարում: Բոլորին քաջ հայտնի ֆայլաբազարըՙ յուրօրինակ աշխատանքային այդ բորսան, գտնվում է հենց Երեւանի կենտրոնումՙ կրկես տանող ճանապարհին: Այս «անդուռ ու անլուսամուտ օֆիսում» (ինչպես ասում են իրենքՙ ֆայլաբազարում աշխատանք փնտրողները) «գրանցված» են հարյուրավոր գործազուրկ արհեստավորներ եւ բանվորներ, «օֆիս», որը նման չէ մյուսներին, բայց ունի եւ թելադրում է իր կանոնները: Այստեղ էլ աշխատանքային օրը սկսվում է ժամը 8-ին եւ ավարտվում օրվա վերջին: Այստեղ էլ կան հանգստյան օրեր: Ի դեպ, երկուշաբթի օրն էլ ունի իր հատուկ անվանումըՙ «վեշերի օր» (բեռների օր): Ի տարբերություն Ազգային ժողովիՙ այստեղ տարբերակումը հստակ է. երիտասարդներն աջ կողմում, թոշակառուներըՙ ձախ: Եվ եթե ԱԺ-ում դյուրին է անցնել մի ճամբարից մյուսը, ապա ֆայլաբազարում դա գրեթե անհնար է: Յուրաքանչյուրն ունի իրեն հատկացված տեղը: Չնայած այս ամենինՙ այստեղ բոլորն ունեն միեւնույն կարգավիճակը... պետությունը նրանց անվանում է գործազուրկներ, իսկ իրենք իրենցՙ «եգիպտական ստրուկներ»:

Պատի տակ շարված կամ որեւէ տեղ տեղափոխված այս մարդկանց փոխարեն խոսում են իրենց գործիքները, որոնք տարիներ շարունակ ծառայել են նրանց եւ այսօր էլ դարձել են նրանց «ճիտին պարտքը». յուրաքանչյուրը մտքում պտտում է իր հոգսերի անվերջ երգը, իսկ նրանց հայացքները փնտրում են մեկին, որը գուցե կարողանա լուծել այդ օրվա հացի խնդիրըՙ աշխատանքի դիմաց առաջարկելով հազար, լավագույն դեպքումՙ մի քանի հազար դրամ: Շատերի կարծիքով, սա էլ փող մուրալու մի ձեւ է: Բայց նրանք ամենեւին էլ մուրացկաններ չեն: Նրանց մեջ կան արհեստավարժ վարպետներ:

«Մեզ օգնելը միայն գործ առաջարկելն է, թեկուզ Քոչարյանն էլ գա, պիտի աշխատենք», ասում են ֆայլաբազարում կանգնողները: Բայց այստեղ նրանց հանգիստ չեն տալիս: Հաճախ ոստիկանները փորձում են ցրել աշխատանք փնտրող այդ մարդկանց բազմությունը, չկարծելով անգամ, որ զրկում են նրանց մի կտոր հացից:

Ութ տարի շարունակ վարպետ Արմենին կարելի է հանդիպել ֆայլաբազարում: Թեեւ մասնագիտությամբ Արմենը ներկարար է, բայց, ինչպես ընկերներն ասացին, բացի քաղաքի գրանցումից, ամեն ինչ անում է: Շատերի նման նա էլ չի ցանկանում գրանցվել որեւէ աշխատանքային գործակալության մատյաններումՙ ասելով. «Ես աշխատեմ, օֆիսն ուտի՞»: Նա լավ գիտակցում է, որ սա ընտանիքը կերակրելու լավագույն միջոցը չէ, այնուամենայնիվ, գիտակցաբար գնում է այդ քայլին:

Թեեւ այս մարդիկ մերժում են գրասենյակների միջնորդությունը, նման գրասենյակի կամ գրասենյակների անհրաժեշտությունն ակնհայտ է: Իհարկե, խոսքն այն գրասենյակների մասին չէ, որ իրենց ծառայության դիմաց գանձում են բավականին շոշափելի գումարներ: Խոսքն այնպիսի գրասենյակների մասին է, որոնց առաքելությունը միայն աշխատանք փնտրողներին օժանդակելը պիտի լինի: Դրանց առկայությունը բացառելու է շաբաթներով աշխատանք փնտրողների ջանքերը, առավել եւս եթե հաշվի առնենք, որ նրանցից ոմանք գալիս են Երեւանի մերձակա շրջաններիցՙ ամեն օր զգալի գումարներ ծախսելով ճանապարհների վրա: Բացի այդ, այլեւս չի լինի նաեւ սնվելու խնդիրը: Առավոտից երեկո կանգնելով ֆայլաբազարումՙ վերջիններս սնվում են ինչպես պատահիՙ հաճախ գնելով այն, ինչ վաճառում են փողոցներում, ինչը թանկ է եւ վտանգավոր առողջության համար: Միջին տարիքի մեկն առաջարկեց. «Ինչո՞ւ մեզ նման մարդկանց համար էժան մի ճաշարան չեն բացում»: Առաջարկը տեղին է, բայց ինչո՞ւ էժան եւ ոչ թե ձրի: Չէ՞ որ բարեգործական բազում կազմակերպություններ են գործում Երեւանում:

Կարծում ենք, պետությունը, ինչպես նաեւ բարեգործական, բարեսիրական կազմակերպությունները պետք է շուտափույթ լուծում տան խնդրին: Եթե ուզում ենք կառուցել քաղաքակիրթ հասարակություն, ապա պետք է ձերբազատվել ֆայլաբազարներիցՙ դրա հետ մեկտեղ հեշտացնելով աշխատանք փնտրողների գործը:

ԼՈՒՍԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ, ԷԴԻՏԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ԵՊՀ լրագրության ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրս


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4