Իսկ առայժմ ընկերությունը դրանք վարձակալել է 99 տարով
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
99 տարով «Միդլենդ ռիսորսըզից» վարձակալության վերցնելով Հայաստանի էլեկտրացանցերը, ՌԱՕ ԵԷՍ-ը չի խախտել Հայաստանի օրենքները, առուվաճառքի պայմանագիրը եւ լիցենզիան: Այս մասին երեկ հրավիրած մամուլի ասուլիս ժամանակ, պատասխանելով «Ազգի» հարցին, իր դիրքորոշումը վերահաստատեց ՌԱՕ ԵԷՍ-ի դուստր ընկերության «Ինտերէներգոյի» փոխտնօրեն Միխայիլ Պանտրովը: Նա հայտնեց, որ այդ պայմանագրի պատճենը Հայաստանի կառավարությանը չի տրվել, քանի որ, նախ նման դիմում չի եղել եւ երկրորդ, պարտադիր չէ, որ երկու տնտեսվարող սուբյեկտների միջեւ կնքվող պայմանագրի մասին տեղեկացվի նաեւ կառավարությունը:
«Ինտերէներգոյի» փոխտնօրենը նշեց, որ օտարման գործարքի դեպքում Հայաստանի կառավարությունն անպայման կտեղեկացվի: «Ե՞րբ կլինի դա» հարցին ընկերության փոխտնօրենը խորհուրդ տվեց սպասել, դրանով իսկ պարզ դարձնելով, որ ՌԱՕ ԵԷՍ-ն ընտրել է «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունը ձեռք բերելու, փաստորեն, շրջանցիկ տարբերակը:
Միաժամանակ կրկին շեշտվեց, որ ներկայումս ցանցերի սեփականատերը չի փոխվել եւ շարունակում է մնալ «Միդլենդ ռիսորսըզը»: Վերջինիս գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկն իր հերթին նշեց, որ իր ներկայացրած ընկերությունն այլեւս հետաքրքրված չէ Հայաստանում էներգետիկ բիզնեսով: Նա դա բնական համարեց, ասելով, որ դա պատժելի երեւույթ չէ: Սակայն նա հավաստիացրեց, որ ընկերության ներկայացրած ներդրումային ծրագիրը, որը հաստատել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, կկատարվի:
Ինչպե՞ս է ՌԱՕ ԵԷՍ-ի ինտերնետ էջում հայտնվել հաղորդագրություն, որ ընկերությունը ձեռք է բերել «Հայաստանի էլեկտրական ցանցերի» բաժնետոմսերի 100 տոկոսը եւ դրա համար վճարել 73 մլն դոլար: Այս հարցին Միխայիլ Պանտրովը պատասխանեց, որ միջազգային հաշվապահական տերմինոլոգիայով կառավարման իրավունք ձեռք բերելը թույլ է տալիս կառավարումն անվանել ընկերության ձեռքբերում: Իսկ 73 մլն դոլարը գործարքի արժեքն է:
Միխայիլ Պանտրովը հերքեց Հայաստանի էներգետիկ ոլորտում ՌԱՕ ԵԷՍ-ի մենաշնորհ հաստատելու մասին պնդումները, անվանելով դրանք «մի փոքր չափազանցված»: Նա, ներկայացնելով հայկական ԱԷԿ-ի ֆինանսական հոսքերը ռուսական հիշյալ ընկերության կառավարմանը հանձնելու օրինակը, ասաց, որ արդյունքում անցյալ տարի ատոմակայանը 18 մլն դոլարի շահույթ է ստացել, մարել նախորդ պարտքերը եւ վճարել վառելիքի դիմաց: Ընկերության ծրագրերից Միխայիլ Պանտրովը հիշատակեց ՌԱՕ ԵԷՍ-ի եւ «Գազպրոմի» կողմից Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը ձեռք բերելու եւ շահագործելու նպատակով համատեղ կոնսորցիումի ստեղծումը, որի առաջարկները ներկայացվել են Հայաստանի կառավարությանը:
ՌԱՕ ԵԷՍ-ի ներկայացուցիչը հայտնեց, որ ընկերությունը ձեռք է բերել Վրաստանի էլեկտրական ցանցերը եւ մասնակցում է Թուրքիայի էլեկտրական ցանցերի մասնավորեցման գործընթացներին: «Հնարավո՞ր է Հայաստանից էլեկտրաէներգիայի արտահանումը Թուրքիա» հարցին Միխայիլ Պանտրովը պատասխանեց, որ այստեղ քաղաքականացված հարցեր կան, բայց վերջին ժամանակներում իրավիճակը որոշակիորեն փոխվում է:
Համաշխարհային բանկի մոտեցման առնչությամբ «Ինտերէներգոյի» փոխտնօրենը նշեց, որ մի շարք բազային համարվող հարցերում իրենք Համաշխարհային բանկի հետ միանման մոտեցումներ ունեն: Այդ մոտեցումները հետեւյալն ենՙ այս ոլորտում Հայաստանին պետք է ռազմավարական ներդնող, որը պետք է լինի մասնագիտացված եւ ֆինանսապես կայուն: Սրանք, ըստ Միխայիլ Պանտրովի, այն լուրջ հիմքերն են, որոնք վերացնում են զանազան խոսակցությունների դրդապատճառները:
Եթե փորձենք ամփոփել, թե, ի վերջո, ո՞րն է այս գործարքի առնչությամբ ստեղծված ողջ աղմուկի պատճառը, ապա կարելի է եզրակացնել, որ դա Ռուսաստանի եւ Արեւմուտքի շահերի հակադրությունն ու բախումն էր: Դեռեւս Հայաստանի բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման առաջին փուլում, 2000 թ.-ին, Արեւմուտքը կտրուկ դեմ էր ռուսական ընկերությունների կողմից դրանց ձեռք բերելուն: Այդ հանգամանքը նկատի ունենալով էլ ռուսներն այս անգամ ընտրեցին վարձակալության միջոցով ցանցերը ձեռք բերելու ճանապարհը: