«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#134, 2005-07-21 | #135, 2005-07-22 | #136, 2005-07-23


«ԱՐՄԱՎԻԱՆ» ԵՆԹԱՐԿՎՈՒՄ Է ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՙ ՆԱԽԱՏԵՍԵԼՈՎ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԸ

Առայժմ միայն նախատեսում է

Այսուհետեւ «Արմավիան» հայկական ընկերություն է, կառավարումն իրականացվում է հայկական թիմի եւ հայաստանյան գրանցում ունեցող ընկերության կողմից: Ինչպես նշեց ընկերության կոմերցիոն տնօրեն Արթուր Զաքարյանը, «Արմավիան» ոչ միայն թղթի վրա կդառնա ազգային փոխադրող, այլեւ իրականումՙ լուծելով ինչպես սպասարկման մակարդակի, այնպես էլ կառավարման խնդիրները:

«Շուկայական հարաբերություններում մենք ներկայումս բախվել ենք լուրջ մրցակցության եւ խնդիր ենք դրել պահպանել ընկերության դիրքերը, ավելինՙ «Արմավիան» դարձնել առաջատարներից մեկը տարածաշրջանում», ասաց պրն Զաքարյանը: Նա նշեց նաեւ, որ ուղեւորահոսքերի առումով աճ է գրանցվել, որը չի բացատրվում միայն սեզոնային աճով, բացվել են նոր ուղղություններ (Տաշքենդ, Վորոնեժ), ավելացել են թռիչքների հաճախականությունները: Ինչ վերաբերում է ընկերության օդանավային պարկին, ապա նախատեսվում է թարմացնել, վարվում են բանակցություններ լիզինգային ընկերությունների հետ:

Արթուր Զաքարյանը նշեց, որ «Սիբիր» ավիաընկերության կողմից բաց օդանավերի վերաբերյալ լիզինգային պայմանագրով պարտավորությունները փոխանցվել են «Արմավիային», բացի այդ, կվարձակալվեն եւս 2 «Յակ-42», մեկՙ «Իլ-86» ինքնաթիռներ: Անցյալ տարվա հունվար-հունիս ամիսներին «Արմավիան» տեղափոխել է «Զվարթնոց» օդանավակայանի ընդհանուր ուղեւորների մոտ 38 տոկոսըՙ 164 հազար 300: Այս տարվա հունվար-մայիս ամիսներինՙ մոտ 172 հազար ուղեւոր, ընդհանուր ուղեւորափոխադրման մոտ 50 տոկոսը:

Հետաքրքրական է, որ «Արմավիայի» կոմերցիոն տնօրենը խոսեց չվերթերի որակի բարձրացման խնդրի մասին: Ի դեպ, այդ նպատակով ընկերությունը ստեղծել է նոր կառուցվածքային ստորաբաժանում: Բացի այդ, չնայած ամառային սեզոնին, ընկերությունը դեպի Եվրոպա ուղեւորությունների տոմսերի գներն իջեցրել է մոտ 20 տոկոսով, որոշ չափով իջեցվել են Մոսկվա կատարվող չվերթերի գները:

Չնայած «Արմավիայի» ներկայացուցիչների ներկայացմամբ իրավիճակը կարող է մոտ թվալ իդեալականին, իսկ սպասարկման որակի բարձրացման խնդիրն էլ դրված է ոչ թե բարձրացնել զրոյից, այլ որոշակի մակարդակից, սակայն իրականությունը խիստ տարբեր է: Մասնավորապես օրերս խմբագրություն էր դիմել Սանկտ Պետերբուրգից ժամանած մի ուղեւոր, որը հետադարձի տոմսը վերադարձնելու հարցում հայտնվել էր անելանելի վիճակում: Դեռեւս մեկ ամսվա ինտերվալ ունեցող տոմսը ոչ միայն հետ չեն վերցրել, այլեւ ուղեւորին ծաղրական տոնով պատասխանել են, թե թող վերադարձնի այնտեղ, որտեղից գնել է: Ստացվում է, որ «Արմավիան» խոսքով սկսել է փոփոխություններ իրականացնել իր համակարգում, սակայն հայկական ընկերություն ասվածն ավելի հստակ է եւ իրական, քան «Արմավիայի» կառավարման համակարգի ներկայացուցիչների ցանկությունները:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4