Վերջերս բազմաթիվ հակասական մեկնաբանություններ են հրապարակվում արագացող Ղարաբաղյան գործընթացի առթիվ։ Մեր խնդրանքով փորձագիտական պարզաբանումներով հանդես է գալիս ՀՀ պաշտպանության նախարարի պաշտպանական քաղաքականության գծով խորհրդական, քաղաքագիտության դոկտոր, գեներալ-մայոր, Ռուսաստանի ռազմագիտության ակադեմիայի իսկական անդամ, ԱՄՆ ազգային պաշտպանության համալսարանի հակաահաբեկչական պայքարի փորձագետ Հայկ Քոթանջյանը։
- Ձեր կարծիքով, Ղարաբաղյան կարգավորմանն ուղղված ո՞ր մոտեցումները կարելի է համարել հեռանկարային։
- Առաջին հերթին ես ուշադրություն կհրավիրեի Եվրոընկերակցության հեղինակավոր կազմակերպությունների մակարդակով վերջերս ստուգված այդ մոտեցումների բավականաչափ բազմազան բնույթի վրա։ Այս առումով կարեւոր է միջազգային անկախ դիտորդների գնահատականը ժողովրդավարության եվրոպական չափանիշներին ԼՂՀ խորհրդարանի վերջերս անցկացված ընտրությունների համապատասխանության վերաբերյալ։ Իմ կարծիքով, ստեղծված իրավիճակում քաղաքականության արվեստը պետք է լինի, նախ եւ առաջ, տվյալ բազմազանության բացառիկ կարեւորության ըմբռնումը։ Երկրորդ, պետք է պատրաստ լինել կարգավորման քաղաքական գործընթացը չսահմանափակել միայն մեկ մոտեցմամբ, այլ ակնկալել դրա իրագործման տարբեր մոտեցումների ու միջոցների համադրում։ Տվյալ բազմազանության մեջ ես որպես կառուոցողական ռեսուրս կնշեի եվրոհարեւանության հիմնարար արժեքներ արտացոլողները.
* ԵԱՀԿ Ղարաբաղի գծով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին արած առաջարկությունները Ղարաբաղի հակամարտությունը ԼՂՀ-ն եվրոինտեգրման մեջ ներգրավելու, ինչպես նաեւ, որպես տարածաշրջանի երկարաժամկետ կայունության ապահովման միջոց, Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կազմում ընդգրկելու նպատակահարմարությունն ընդունելու անհրաժեշտության վերբերյալ (ԵԱՀԿ 14-րդ ամառային նստաշրջան Վաշինգտոնում, հուլիս, 2005 թ.)։
* Կոսովոյի նախադեպը հաշվի առնելով, ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման լրացուցիչ հանրաքվե անցկացնելու նպատակահարմարության վերաբերյալ 2004 թ. վերջերին ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ պարոն Պիեռ Լելյուշի արած առաջարկությունը։
* Միջազգային իրավական նորմերին համապատասխան 1991 թ. դեկտեմբերի 8-ին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անցկացրած օրինական հանրաքվեի միջոցով ԼՂՀ-ի կարգավիճակը որոշելու նպատակահարմարության վերաբերյալ ԵԽԽՎ 2005 թ. հունվարի 25-ի թիվ 1416 բանաձեւը։
* Տարածաշրջանային հակամարտություններին նվիրված Դարտմուտի խորհրդաժողովի ռուս-ամերիկյան աշխատանքային խմբի շրջանակներում Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների երկխոսության 8-րդ փուլում մշակված «Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հաշտության գործընթացի սահմանափակ համաձայնագրի» նախագիծը (24-26 հունիս, 2005 թ., Մոսկվա)։
- Այդուհանդերձ, ինչպե՞ս եք վերաբերվում այն բանին, որ Ղարաբաղյան գործընթացի պաշտոնական եւ ոչ կառավարական հայ մասնակիցներից ոմանք որոշակի դրական վերաբերմունք են արտահայտում հիշյալ մոտեցումներից միայն մեկի նկատմամբ եւ չեն ընդունում մյուս մոտեցումները։
- Իհարկե, ես մտադիր չեմ վիճարկել այս կամ այն քաղաքական գործչի կամ փորձագետի նախասիրությունների եւ անձնական ընտրության իրավունքը։ Սակայն, ըստ իս, Ղարաբաղի հակամարտության լուծման մեջ Եվրոատլանտյան ընկերակցության մասնակցության խորացման պայմաններում առանձնակի կարեւորություն է ստանում մոտեցումների ողջ բազմազանության կառուցողական ռեսուրսի օգտագործմանն ուղղված ջանքերի համադրումը։ Խոսքը կարգավորման բարդացող գործընթացում կոնկրետ մոտեցումների գերիշխանության կամ ենթակայության համաձայնեցված փոփոխման պայմաններում տարբեր մոտեցումների կիրառման համակարգման մասին է։ Ավելի լավ քաղաքական համակարգման ենթակա որոշ առաջնային ուղղությունների ( այդ թվումՙ կարգավորման ընթացքի հայ մասնակիցների դերերի) թվում ես կառանձնացնեի հետեւյալները.
* 1991 թ. հանրաքվեի օրինականության փաստի, ինչպես նաեւ Եվրոընկերակցության համար կարեւոր տարածաշրջան Հարավային Կովկասի անվտանգության ապահովմանը 14 տարի արդյունավետորեն մասնակցող Ղարաբաղի պետականության կենսունակության եւ ժողովրդավարական ուղղվածության զարգացման փաստի հիման վրա բարեկամական պետությունների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանն ուղղված ԼՂՀ պետական կառույցների գործունեության շարունակումը։
* ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ միջազգային մյուս կազմակերպությունների շրջանակներում ԼՂՀ-ն որպես հակամարտ կողմ բանակցություններին մասնակից դարձնելու ՀՀ կառույցների գործունեության շարունակումը։
* Պատերազմի արդյունքների հիման վրա հաշտության համաձայնագրի եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի համաձայնագրի կնքման, ռազմական գործողությունները չվերսկսելու երաշխիքային հայտնի սկզբունքների, ինչպես նաեւ տարածաշրջանային կայունության, անվտանգության եւ ԼՂՀ-ի ու ՀՀ-ի եվրոինտեգրման պայմանով ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման լրացուցիչ հանրաքվեի անցկացման առաջնահերթության վերաբերյալ առաջարկությունների առաջմղումը Մինսկի գործընթացի շրջանակներում։
* Եվրոհարեւանության արժեքներից ելնելով, Լեռնային Ղարաբաղի օրինական, անկախ եւ ժողովրդավարական պետականության իրավապաշտպանության շահերի ամբողջ սպեկտորի առթիվ ՀՀ եւ ԼՂՀ պետական կառույցների, ինչպես նաեւ հայության ոչ կառավարական կազմակերպությունների գործունեության համադրումը։
- Ի՞նչ կասեիք Ղարաբաղյան կարգավորման ռազմավարության մասին, նկատի ունենալով վերջերս Վաշինգտոնում կայացած ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի արդյունքները։ Ինչպե՞ս եք գնահատում ԵԱՀԿ ԽՎ Լեռնային Ղարաբաղի գծով ներկայացուցիչ Գորան Լենմարկերի կարծիքը Կովկասում բազմաթիվ ազգությունների գոյության կապակցությամբ Լեռնային Ղարաբաղին անկախություն տալու նախադեպի ստեղծման աննպատակահարմարության մասին։
- Ես կընդգծեի միջազգային ընկերակցությանն ապատեղեկացնելու եւ միջազգային կազմակերպությունների ուշադրությունն ու ռեսուրսները չարարկելու ադրբեջանական կողմի հերթական փորձերին ԵԱՀԿ ԽՎ կշռադատված հակազդեցության փաստի կարեւորությունը։ Երկրորդ հարցի պատասխանը տրված է Հայաստանի ԱԺ-ում ղարաբաղյան լսումների ժամանակ պարոն Սերժ Սարգսյանի կարդացած զեկուցման մեջ։ Պարոն Լենմարկերին առարկելու հիմնավորման էությունն այն է, որ նախկին Խորհրդային Միության, այդ թվումՙ Կովկասի, ժողովուրդների ինքնորոշման արդեն հայտնի եւ հնարավոր հայտերը չեն կարող օրինականորեն լուծվել տվյալ ժողովուրդների եւ էթնիկական փոքրամասնությունների բնակության պետությունների սահմանադրական նորմերին եւ օրենսդրական չափորոշիչներին համապատասխան։
Միակ բացառությունը 1991 թ. դեկտեմբերի 8-ի օրինակազմիչ հանրաքվեի միջոցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անկախ պետության ստեղծման աննախադեպ փաստն է ԽՍՀՄ սահմանադրության եւ «ԽՍՀՄ-ի կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքի իրավակիրառության ժամանակաշրջանում։ Անդրադառնալով Կովկասի տարածաշրջանային հակամարտություններին, կարեւոր է նշել, որ Լեռնային Ղարաբաղի հանրաքվեն, ի տարբերություն մյուս դեպքերի, անցկացվեց նախքան 1991 թ. դեկտեմբերի 21-ին Ալմա Աթայում ԽՍՀՄ գոյության պաշտոնական դադարեցման հռչակագրի ընդունումը։
Խորհրդարանական լսումների ժամանակ պաշտպանության նախարարն առաջին հերթին ընդգծեց Ադրբեջանին Լեռնային Ղաղաբաղին չենթարկվելու, Լեռնային Ղարաբաղի միջնատարածք չլինելու եւ Հարավային Կովկասի եվրոինտեգրմանը մասնակցելու պայմաններով ԼՂՀ ժողովրդի անվտանգ զարգացումը երաշխավորելու հրամայականների սկզբունքային բնույթը։ Նշելով Ղարաբաղի 1991 թ. հանրաքվեի իրավաբանորեն անթերի արդյունքները, նա արտահայտվեց ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի հովանու ներքո տեղում եւ կեցության ներկա վայրերում Լեռնային Ղարաբաղի բնիկների նոր հանրաքվեի անցկացման հարցում հնարավոր փոխզիջման օգտին։ Վերջին հանգամանքը պայմանավորված է նրանով, որ չնայած բոլոր բարի մտադրություններին, հանրաքվեներից առաջ փախստականների վերադարձը հղի է իրադրության ապակայունացմամբ եւ կարող է իրական սպառնալիք դառնալ կարգավորման գործընթացի խորացման համար։
Նման հանրաքվեի կարեւոր պայմանը կարող է դառնալ դրա օրինականությունը, որը հիմա արդեն հիմնված կլինի ոչ միայն ԽՍՀՄ օրենսդրության, այլեւ Կոսովոյի առնչությամբ ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի ընդունած փաստաթղթերի իրավասու լուծումների վրա։ Նոր հանրաքվեի ժամանակ կարելի է ենթադրել, որ ընտրություն կկատարվի ինքնորոշման երեք գլխավոր տարբերակների միջեւ.
* Ղարաբաղի գտնվելը եվրոպական տիպի համադաշնության վերափոխվելիք Ադրբեջանի կազում (ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի առաջարկությունը «մասնական պետության» կազմավորման միջոցով Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ Խորհրդային Ադրբեջանի գաղութային ժառանգության հաղթահարման վերաբերյալ),
* ԼՂՀ անկախ կարգավիճակի հաստատումը (ԽՍՀՄ սահմանադրությանը եւ օրենսդրությանը համապատասխան ԼՂՀ անկախացման իրավաբանական եւ քաղաքական փաստը),
* ինչպես նաեւ Հայաստանի հետ Ղարաբաղի վերամիավորումը (ԵԱՀԿ ԽՎ հատուկ զեկուցող պարոն Լենմարկերի առաջարկությունը)։
- Ինչպե՞ս կմեկնաբանեիք Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկության վերաբերյալ բաքվեցի պալատական քարոզիչ Վաֆա Գուլուզադեի խիստ բացասական կարծիքը, ըստ որի դա «Ադրբեջանից Ղարաբաղի անջատման օրինականացման նպատակով մտահղացված խորամանկություն է»։
- Նախեւառաջ կարեւոր է պարզել տվյալ դիրքորոշման սկզբունքային էությունը եվրոհարեւանության ժողովրդավարական արժեքների հանդեպ վերաբերմունքի կապակցությամբ։ Նրա կարծիքը հատկանշական է Ադրբեջանի իշխանամերձ հակաէլիտայի համար, որը ակտիվորեն շահարկելով եվրոատլանտյան ինտեգրման արժեքները, իրականում դրանց դեմ է հանդես գալիս անթաքույց գաղութատիրության հակաժողովրդավական դիրքերից։ Սա բնավ էլ պիտակ չէ. վերջին տարիների նրա ելույթների ուսումնասիրությունը հենց դա է վկայում։ Ղարաբաղի առթիվ նրա դիրքորոշումը թե ամերիկացի եւ թե եվրոպացի անկախ վերլուծաբաններին քանիցս ապշեցրել է իր արմատական գաղութատիրական պաթոսով։ Գովերգելով ժողովրդավարության արժեքները, նա, ժողովրդավարության տրամաբանությանը հակառակ, Ղարաբաղը տեսնում է միայն որպես խորհրդային նմուշի գաղութային վասալ միասնական ադրբեջանական պետության կազմում։ Ըստ էության, վերջերս նույն դիրքերից է հանդես գալիս Ադրբեջանի փոխարտգործնախարար պարոն Արազ Ազիմովը։ Սրանով է բացատրվում փորձագետների տարակուսանքն այն կապակցությամբ, որ ինչպես համանման քաղաքագետները, այնպես էլ Ադրբեջանի իշխանությունները լռության են մատնում Ղարաբաղին խոստացած «աշխարհում գոյություն ունեցող ինքնավարություններից ամենաբարձրի» համապատասխան սահմանադրական-իրավական հիմքը։Այլ կերպ ասած, Բաքուն եվրոպական արժեքների ազատական-ժողովրդավարական քարոզչության քողի տակ խաղարկում է ժողովրդավարությունն արժեզրկող գաղութատիրական բլեֆը։
Երկրորդ, կարեւոր է եվրոինտեգրման ինդեալների ընդունման հավաստիացումների ֆոնի վրա կողմնորոշվել, որ հանրաքվեն ժողովրդի կամքի արտահայտման հանրաճանաչ միջոց է, որը միջազգային իրավունքին համապատասխան անցկացվում է ինքնորոշված ժողովրդի, եւ ոչ թե գաղութային մետրոպոլիայի բնակչության մեջ։ Նշենք թարմ օրինակներ. ինքնորոշման հանրաքվեներ հաջողությամբ անցկացվեցին ոչ թե Եթովպիայի, այլ Էրիթրեայի, ոչ թե Ինդոնեզիայի, այլ Արեւելյան Թիմորի սահմաններում։ Դրա հետ մեկտեղ, ՄԱԿ-ը եւ ԵԱՀԿ-ն պատրաստվում են Կոսովոյի ալբանացիների ինքնորոշման հանրաքվե անցկացնել տեղական ազգային ինքնակառավարման մարմինների հետ գործակցելով, եւ ոչ թե Հարավսլավիայում (Սերբիա եւ Չեռնոգորիա)։
Հուսադրում է այն, որ Ադրբեջանում, ինչպես եւ Հայաստանում, վերլուծաբանների ընկերակցությունը հայացքների ավելի լայն ընդգրկում ունի եվրոհարեւանության մեր հարավկովկասյան բաժանման իրողությունների եւ հեռանկարների վերաբերյալ։ Վստահ եմ, որ հարեւան երկրի մասնագետների մեջ կան մարդիկ, որոնք ըմբռնում են եվրոհարեւանության ձեւավորման ընթացքում Լեռնային Ղարաբաղի ազատ ժողովրդի նկատմամբ գաղութատիրությունը վերականգնելու փորձերի ապարդյունությունը։
- Ս. թ. մարտի 30-ին ղարաբաղյան լսումների ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության հիմնական դրույթները համակարգված են։ Ի՞նչ է նկատի առնվում համակարգվածություն ասելով։
- Արդեն 2002 թ. պաշտպանության նախարարը խնդիր առաջադրեց համակարգել պաշտպանության նախարարությունում տվյալ ուղղությանն առնչվող մշակումները։ Կարեւոր է նշել, որ ՀՀ զինված ուժերի ստեղծման ակունքներում պաշտպանության նախարարության ղեկավարությունը, ի դեմս նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի, նորաստեղծ ռազմական քաղաքականության բաժնին առաջադրեց Հայաստանի ազգային անվտանգության ռազմաքաղաքական կողմի մշակման խնդիրը։ Վերջինս լուծվեց 1992 թ. «ՀՀ ռազմական քաղաքականության հիմունքների» հրատարակությամբ, որը նպաստեց ռազմական շինարարության անվտանգ կողմնորոշիչների, ինչպես նաեւ անկախ Հայաստանի արտաքին պաշտպանական քաղաքականության գերակայությունների ձեւավորմանը Ղարաբաղի բնակչության հանդեպ ադրբեջանական զորքերի բռնության սաստկացման պայմաններում։
Հետագայում այդ ռազմաքաղաքական հիմքի վրա փորձ ձեռնարկվեց մշակելու ՀՀ ռազմական դոկտրինայի նախագիծ։ 2002 թ. պաշտպանության նախարարի ղեկավարությամբ, հաշվի առնելով մշակումների եւ անվտանգության միջավայրի փոփոխությունների խորացման տվյալները, աշխատանք սկսվեց Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության էսքիզային տարբերակի վրա։ Տվյալ մշակման հայեցակարգային ուրվագիծը «Գոլոս Արմենիի» թերթում հրապարակվեց 2003 թ. փետրվարի 11-ին «Ազգային անվտանգություն. կողմնորոշիչներ եւ գերակայություններ» վերնագրով։
Այսպիսով, պաշտպանության նախարարության ղեկավարությունը, նման տեղեկատվության հրապարակման հարցում հետխորհրդային երկրների մեծամասնության համար ավանդական դարձած խիստ սահմանափակումներին հակառակ, որոշեց տարածաշրջանի պետություններին թափանցիկության օրինակ ցույց տալ Հարավային Կովկասի երկրների եվրոինտեգրման հրամայականների առումով Հայաստանի ազգային անվտանգության հեռանկարների սեփական ընկալումը միջազգային ընկերակցությանը տրամադրելու տեսանկյունից։ Տվյալ հրապարակումը կոչված էր յուրօրինակ ավանդ լինելու տարածաշրջանի պետությունների ռազմաքաղաքական եւ ռազմական վարքագծի կանխատեսելիության մակարդակի բարձրացման մեջ։ Ցավոք, Հայաստանի ռազմական գերատեսչության բարի կամքի տվյալ պրոֆեսիոնալ քայլին, որն ուղղված է կողմերի անվտանգության ռազմավարությունների լավագույն ըմբռնմանը, Ադրբեջանն առ այսօր չի արձագանքել։ Ավելի ճիշտ, նա իներցիայով արձագանքում է ամենայն հայկականի առավելապես կույր փնովմամբ եւ ռազմաշունչ ճամարտակությամբ։ Ինչպես հայտնի է նախագահ Իլհամ Ալիեւի վերջերս արած հայտարարություններից, նորությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում սպառազինությունների մրցավազք ծավալելու Ադրբեջանի ղեկավարության բացահայտ կոչերն են։
- Ո՞րն է Սերժ Սարգսյանի հիշատակած ազգային անվտանգության ռազմավարության զեկուցագրի հիմնական դրույթների էությունը։
- Ս. թ. փետրվարին ՀՀ պաշտպանության նախարարը ՀՀ զինուժի ղեկավար կազմի առջեւ կարդացած զեկուցման մեջ փաստորեն շարադրեց Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության էսքիզային տարբերակը։ Հայոց պետության քաղաքական պատմության մեջ առաջին անգամ ազգային անվտանգության ապահովման համար պատասխանատու բարձրագույն պաշտոնատար անձը համակարգված ամբողջականությամբ ճշգրտեց ազգային շահերը, մեր պետությանն սպառնացող վտանգները եւ, վերջին հաշվով, ուրվագծեց տեսանելի ապագայում ՀՀ կայուն զարգացման ուղղությունն ու բովանդակությունը։ Հայաստանի ազգային անվտանգության գերակայությունները սահմանված են Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության կառուցման համատեքստում։
Նախարարի շարադրած ռազմավարության հավատամքը ՀՀ-ի, որպես սոցիալական եւ իրավական պետության կայուն ժողովրդավարական զարգացման ապահովման ներքին եւ արտաքին գործոններին ուղղված Հայաստանի կողմնորոշման բազմավեկտորությունն է։ՀՀ անվտանգ ապագայի կառուցումը դիտարկվում է տարածաշրջանային եւ միջազգային ինտեգրման համատեքստում, նկատի առնելով, որ Հայաստանի անվտանգությունը, բացի դրա ներպետական նշանակությունից, նաեւ շրջանային եւ միջազգային անվտանգության կառուցման անկապտելի մասն է։ Այս իմաստով Հայաստանը դիտարկվում է ոչ միայն որպես միջազգային անվտանգության սպառող, այլեւ ինչպես տարածաշրջանի, այնպես էլ համաշխարհային ընկերակցության անվտանգության ապահովման ակտիվ մասնակից։
Զեկուցումն սկսվում է միջազգային ընկերակցությունում Հայաստանի տեղի եւ դերի ռազմավարական գնահատումից։ ՀՀ ազգային անվտանգության հիմնարար դրույթներում տրված են Հայաստանի ազգային անվտանգության եւ դրա երաշխիքների, ազգային անվտանգության ապահովման համակարգի, ինչպես նաեւ այդ անվտանգությանն սպառնացող վտանգների սահմանումները։ Հայաստանի ազգային անվտանգությանն սպառնացող մարտահրավերները բացահայտված են սիմետրիկ եւ ասիմետրիկ արտաքին եւ ներքին սպառնալիքների սահմանումներով։
Իր զեկուցման մեջ պաշտպանության նախարարը շարադրում է Հայաստանի ներքին եւ արտաքին անվտանգության ռազմավարությունը։ Հայաստանի ներքին անվտանգության ռազմավարությունը կառուցվածքային առումով ներառում է ՀՀ միջազգային ինտեգրումը ժողովրդավարացման, սահմանադրության եւ օրենսդրության բարեփոխման, ինստիտուցիոնալ, ինչպես նաեւ տնտեսական եւ սոցիալական բարեփոխումների միջոցով։
Զեկուցողն արտաքին անվտանգության ռազմավարությունը ներկայացրեց տարածաշրջանային եւ միջազգային մակարդակներով։ Տարածաշրջանային մակարդակն ընդգրկում է Վրաստանի, Իրանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ՀՀ հարաբերությունները։ Նույն տեղում եվրոհարեւանության արժեքների տեսանկյունից քննարկվում է Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ Արտաքին անվտանգության միջազգային մակարդակը բացահայտված է ԱՊՀ եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում Հայաստանի բազմավեկտոր քաղաքական, պաշտպանական եւ տնտեսական համագործակցության ռազմավարության մեջ, ինչպես նաեւ եվրոինտեգրման տեսանկյունից (Եվրոխորհուրդ, ԵԱՀԿ, Եվրոմիություն, ՆԱՏՕ)։ Տվյալ բաժնում քննարկվում են առանցքային պետություններիՙ Ռուսաստանի Դաշնության եւ ԱՄՆ-ի հետ ՀՀ փոխշահավետ հարաբերությունների զարգացման հեռանկարները։
Զեկուցման մեջ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում համահայկական միասնացման ռազմավարության, ինչպես նաեւ պաշտպանական բարեփոխումների ռազմավարության բաժինները։ Նախարարի զեկուցումն ավարտվում է ամփոփմամբ, որտեղ սահմանվում են Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության գերակայությունները։
- Կարելի՞ է արդյոք եզրակացնել, որ պաշտպանության նախարարի զեկուցման հիմնական բնութագրերի հրապարակումը պետք է ընկալել որպես տարածաշրջանի երկրների միջեւ եվրոհարեւանության վստահության հաստատմանն ուղղված բարի կամքի դրսեւորում։
- Անկասկած, այո։ Խոսքը պրոֆեսիոնալ մակարդակով եվրոհարեւանության չափանիշները գործնականորեն յուրացնելու Հայաստանի ռազմական գերատեսչության մտադրության եւս մեկ վկայության մասին է։ Եվրոպայի սովորական զինված ուժերի պայմանագրի շրջանակներում իր պաշտպանունակությունն ուժեղացնելով, պաշտպանության նախարարությունը դրա հետ մեկտեղ փորձում է ստուգել Հարավային Կովկասի ժողովրդավարական եւ կայուն զարգացման ուղիների որոնման առումով ինչպես իր դաշնակիցներին ու գործընկերներին, այնպես էլ տարածաշրջանի մյուս երկրներին ազգային անվտանգության ռազմավարությանը փոխադարձաբար տեղեկացնելու ավանդույթի հաստատման հնարավորությունները։ Չէ՞ որ, ըստ էության, Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը, Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի նկատմամբ իրենց անվտանգության քաղաքականության կողմնորոշումների տարբերություններով հանդերձ, գտնվում են ՆԱՏՕ-ի հետ անհատական գործընկերության հավասարակշիռ հարաբերությունների միասնական տարածքում։ Հայաստանը տվյալ ռազմաքաղաքական փաստը Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի հետ ՀՀ ռազմավարական գործընկերության, ինչպես նաեւ ԱՄՆ-ի հետ գործընկերության խորացման հետ մեկտեղ համարում է տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության կատարելագործմանն ուղղված Հարավային Կովկասի պետությունների ջանքերի հնարավոր համաձայնեցման ռեսուրս։
Տվյալ ճարտարապետության ստեղծման կառուցողական գործոն պետք է համարել եվրոհարեւանության հարավկովկասյան մասին միանալու Լեռնային Ղերաբաղի հայտը, որը ցուցադրվեց ԼՂՀ խորհրդարանի վերջերս անցկացված ընտրությունների ժողովրդավարության եւ թափանցիկության փաստով։ Տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության կատերելագործման եւ Հարավային Կովկասի երկարաժամկետ կայունության ապահովման մեկ այլ գործոն կարող են դառնալ Ղարաբաղի հայերի նկատմամբ Խորհրդային Ադրբեջանի գաղութային ժառանգության ժողովրդավարական հաղթահարման ուղիների լայն սպեկտորին նվիրված բանակցությունները, որտեղ կօգտագործվեր տարածաշրջանի պետությունների եվրոհարեւանության շահերն արտահայտող մոտեցումների ողջ բազմազանությունը, ներառյալ օրինական Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերը։