Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Հայաստանի վարչապետին երեկ ընդունել են Վրաստանի նախագահն ու խորհրդարանի նախագահը: Անդրանիկ Մարգարյանի եւ Միխայիլ Սաակաշվիլու հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարները: Հայաստանի վարչապետը հանդիպումից հետո մամուլին մեկնաբանություններ չի տվել: Մարգարյանին երեկ ընդունել է նաեւ Նինո Բուրջանաձեն: Վրաստանի խորհրդարանի նախագահը հայտարարել է, թե Հայաստանի վարչապետը խնդրել է, որ Վրաստանի եւ Հայաստանի կառավարությունները, ինչպես նաեւ երկու երկրների եկեղեցիները համատեղ վերջնականապես քննարկեն (Վրաստանի տարածքում) այս կամ եկեղեցու պատկանելության հարցը: «Ես միանշանակ ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի վարչապետի դիրքորոշումը բացարձակ կոռեկտ է, ճիշտ եւ բարեկամական: Կարեւոր եմ համարում, որ հայկական եւ վրացական եկեղեցիները համատեղ հայտարարություն անեին ու բոլորըՙ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Վրաստանում, ե՛ւ Սամցխե-Ջավախքում հասկանային, որ եթե նրանք հայ եւ վրացի բնակչության միջեւ կրքեր են բորբոքում, ապա ուղղակիորեն մեր թշնամիների ջրաղացին են ջուր լցնում», ասել է Բուրջանաձեն:
Վարչապետ Մարգարյանն ասել է, որ երկու շաբաթ անց Թբիլիսիում բացվելու է ծխախոտի ֆաբրիկա: Հայաստանի գործարարներից մեկը այդ գործում 4 մլն դոլար է ներդրել: Ֆաբրիկայի հումքը ստացվելու է Հայաստանից, աշխատուժը լինելու է տեղական, արտադրանքը սպառվելու է Վրաստանում: Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Հայաստանի եւ Վրաստանի վարչապետները միասին շրջել էին Սամցխե-Ջավախքի մի շարք բնակավայրերում, ապա ուղեւորվել Թբիլիսի:
Թեմայի մանրամասներըՙ 4-րդ էջում: