«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#135, 2005-07-22 | #136, 2005-07-23 | #137, 2005-07-26


ՎԱՐՉԱՊԵՏՆԵՐ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ԵՎ ՆՈՂԱՅԻԴԵԼԻՆ ՋԱՎԱԽՔՈՒՄ

Վիրահայությունը պահանջում է Ջավախքը չարժանացնել Նախիջեւանի ճակատագրին

Հայ-վրացական այսպես կոչված դարերի խորքից եկող բարեկամությունն ու եղբայրությունը սկսվում են սահմանային Բավրա-ժդանովական կետից: Սա է Հայաստանն արտաքին աշխարհի հետ կապող քրիստոնեաբնակ միակ ճանապարհը: Դատելով միջպետական համարվող այս ճանապարհից, կարող ենք գնահատական տալ հայ-վրացական ներկա հարաբերություններին: Ճանապարհի վրա անդադար փոսեր են:

Բավրայիցՙ Սաթխա

Կիրակի կեսօրին Վրաստանի վարչապետն իր հայ գործընկերոջը դիմավորեց հայ-վրացական սահմանագլխին: Ոտքի վրա կարճատեւ զրույցից հետո Նողայիդելին եւ Մարգարյանն ուղեւորվեցին Նինոծմինդայի շրջանի Սաթխա գյուղ, որտեղ, տեղացիների պատմելով, կյանքի պայմանները բարվոք չեն: Տեղի միջնակարգ դպրոցի տնօրենն ասում է. «Դժվարությունները շատ են, հատկապես տնտեսական: Ով ի վիճակի չէ տոմս գնելու, հեռանալու Ռուսաստան եւ այլ վայրեր, ստիպված հանդուրժում է այս պայմանները: Մեզ վրա պլան են դրել, որ Ջավախքը հայաթափ չլինի»:

Սաթխան Վրաստանի Սամցխե-Ջավախք երկրամասի խոշոր գյուղերից էր: Տեղացիներից Հարություն Արոյանի ասելովՙ նախկինում 700 տնտեսություն ունեցող գյուղից այժմ մշտապես բնակվում է 400 ընտանիք: Մնացածները հիմնականում արտագաղթել են Ռուսաստան:

Երկու երկրների վարչապետները գյուղացիների առաջ կարճատեւ ելույթում նշեցին, որ կառավարությունների նպատակն է Սաթխայում, ինչպես նաեւ տարածաշրջանի մյուս գյուղերում ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի մարդիկ կարողանան բնականոն կյանքով ապրել: Անդրանիկ Մարգարյանը եւ Զուրաբ Նողայիդելին ուղեւորվեցին Գանձա, որտեղ ծնվել է հայ նշանավոր բանաստեղծ Վահան Տերյանը:

«Իմ գերեզմանին դուք չմոտենաք»

Գանձայի եկեղեցում ավելի քան 150 տարի հայերենով աղոթք է հնչել, ինչը, գյուղացիների ասելով, նրանց հայ մնալու կարեւոր երաշխիքներից է: Վարչապետներ Մարգարյանն ու Նողայիդելին միասին մոմ վառեցին Սուրբ Կարապետ եկեղեցում, որը կառուցվել է 1852 թ. Վահան Տերյանի պապիՙ Տեր Ղազարի նախաձեռնությամբ:

Գանձան ունի երկու դպրոց, որոնցից մեկըՙ Վահան Տերյանի անունով կոչվողը, վթարային վիճակում է: Վրաստանի նախագահի անմիջական նախաձեռնությամբ կառուցվում է նոր դպրոց, որը կկրի Տերյանի անունը եւ կբացվի սեպտեմբերի 1-ին:

Վարչապետներն այցելեցին Վահան Տերյանի տուն-թանգարան, ապա մասնակցեցին հայ գրողի ծննդյան 120-ամյակի առիթով կազմակերպված տոնակատարությանը: Ամբիոնից ելույթ ունեցավ նաեւ Հայաստանի վարչապետը. «Երկու կառավարությունների ցանկությունն է ստեղծել պայմաններ, որ ջավախահայությունը կարողանա ապրել իր հողի վրա»: Հայաստանի վարչապետը նշեց, որ Վրաստանի կառավարությունը տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման համար ունի ծրագրերՙ ճանապարհաշինություն, դպրոցաշինություն, տնտեսական ենթակառուցվածքի ստեղծում: Մարգարյանը ցանկություն հայտնեց, որ դարերից եկող երկու ժողովուրդների բարեկամությունը չխաթարվիՙ անկախ որեւէ ուժի սադրանքից եւ ցանկությունից: «Մի մտածեք, որ բոլորը մեր բարեկամներն են, մենք ենք վրացի ժողովրդի հետ մեր ապագան կերտելու, մենք ենք մեր ձեռքերով մեր պետությունները հզորացնելու», ասաց Հայաստանի վարչապետը:

Հայաստանի եւ Վրաստանի վարչապետները Գանձայից ուղեւորվեցին Նինոծմինդա, շատ կարճ հանդիպում ունեցան քաղաքի հրապարակում հավաքված հայերի հետ, ապա ուղեւորվեցին Ախալքալաք, միասին մոմ վառեցին քաղաքի Սուրբ Խաչ եկեղեցում: Եկեղեցու բակում Մարգարյանը եւ Նողայիդելին պատասխանեցին հավաքվածների բողոքներին եւ լրագրողների հարցերին: Տարեց մի մարդ ասաց. «Դուք գնալու եք Թբիլիսի եւ Երեւան ու մեզ մոռանաք»: Եկեղեցու բակում վարչապետներին սպասում էին երկու պաստառներ:

«Ո՛չ, Ջավախք-Կարս երկաթգծին»

Ախալքալաքում գործող «Ջավախքի երիտասարդական միության» ակտիվիստները «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի, «Ջավախք» ժողովրդական շարժման եւ «Վիրք» կուսակցության անունից նամակներ հանձնեցին երկու երկրների վարչապետներին:

Ի՞նչ են պահանջում Սամցխե-Ջավախքի հայերը վարչապետներից: 1. Դադարեցնել շրջանի հայերի նկատմամբ խտրական քաղաքականությունը, 2. Սամցխե-Ջավախքում եւ Ծալկայում հայոց լեզվին տալ տարածաշրջանային լեզվի կարգավիճակ, 3. Վրաստանի հայկական դպրոցներում պահպանել հայերենով ուսուցման ավանդույթը, ուսումնական ծրագրի մեջ ներառել հայ ժողովրդի պատմությունը որպես պարտադիր առարկա, 4. դադարեցնել հայկական մշակութային ժառանգության վրացականացման եւ ոչնչացման պետական քաղաքականությունը, 5. կարճ ժամկետում կառուցել ճանապարհներ, որոնք Ջավախքը կկապեին Հայաստանին եւ Թբիլիսիին:

Հայաստանի վարչապետն իրատեսական է համարում ծրագիրը, ըստ որի 2007 թ.-ից Վրաստանի կառավարությունը ճանապարհաշինության վրա 120 մլն դոլար ներդրումներ կանի: Այս գումարից 100 միլիոնը տրամադրելու է Մ. Նահանգները, մնացած 20 միլիոնըՙ վրացական կառավարությունը: Ենթադրվում է, որ մինչեւ 2009 թ. կվերանորոգվեն Ախալքալաք-Ախալցխա, Ախալցխա-Ծալկա-Թբիլիսի, Ախալքալաք-Կարզախ (վրաց-թուրքական սահման) եւ Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհները:

«Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթուղու կառուցումը Վրաստանի ներքին խնդիրն է», լրագրողների հետ զրույցում ասաց Անդրանիկ Մարգարյանըՙ հավելելով, որ Վրաստանը պատրաստ է աջակցելու Հայաստանին Կարս-Գյումրի-Թբիլիսի երկաթուղու վերագործարկման հարցում: Վրաստանը, ըստ Մարգարյանի, ցանկություն ունի կապվելու Թուրքիայի հետ եւ, բնական է, ավելի ձեռնտու է վերագործարկել եղած երկաթուղինՙ Կարս-Գյումրին, քան կառուցել նորըՙ Կարս-Ախալքալաքը:

«Ջավախքի երիտասարդական միության» առաջնորդ Վահագն Չախալյանը համոզված է, որ Կարս-Ախալքալաք երկաթուղին չի կառուցվի, «մենք ունենք բոլոր ռեսուրսները եւ հնարավորությունները թույլ չտալու դրա կառուցումը»: Չախալյանը նշում է, որ վերջին շրջանում շրջանառության մեջ է դրվում «վիճելի եկեղեցիներ» տերմինը: Ընդհանուր առմամբ ջավախահայությունը համոզված է, որ Վրաստանի իշխանությունները փորձում են հայաթափել, վրացականացնել Ջավախքը, տիրանալ հայկական մշակութային ժառանգությանը:

«Որ Ջավախքը Նախիջեւան չդառնա»

Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում վարչապետներին ուղղված պաստառներից երկրորդի վրա գրված էրՙ «Որ Ջավախքը Նախիջեւան չդառնա»: Ըստ էության այն, ինչ պահանջում են ջավախահայերը, այնքան էլ սոցիալական, ավելի ճիշտՙ ոչ այնքան սոցիալական երանգ ունի, որքան քաղաքական: Վրաստանի իշխանությունները 10 տարուց ավելի կրկնում են նույն միտքը. «Այն խնդիրները, որ առկա են Ջավախքում, ընդհանուր են Վրաստանի մյուս շրջաններում»:

Վրաստանի խորհրդարանում Ախալքալաքից պատգամավոր Համլետ Մովսիսյանն ասում է, որ երբ սոցիալական խնդիրները տարիներով չեն լուծվում, առաջանում են քաղաքական խնդիրներ: Վերջին ամիսներին հայաբնակ շրջաններում կատարվում են դեպքեր, որոնք բնույթով զուտ քաղաքական են: Այսպիսին էին Սամսար գյուղի միջադեպը եւ դրա անմիջական շարունակությունըՙ Ախալքալաքի որոշ հայերի հարձակումը քաղաքի վրացական դպրոցի վրա:

Հիշեցնենք, որ հուլիսի կեսերին Թբիլիսիից երիտասարդների, հոգեւորականների եւ, ըստ տեղացիների, ոստիկանության միասնական խումբ էր ժամանել հայկական Սամսարՙ բարեկարգման աշխատանքներ տանելու գյուղի հայկական եկեղեցում, որը վրացիները փորձում են յուրացնել: Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը նկատում է, որ Թբիլիսիից Սամսար ժամանած արշավախումբը չէր ներկայացնում մայրաքաղաքի համալսարանը:

«Ամեն մի այսպիսի խումբ, որ գալիս է Սամսար կամ Վրաստանի այլ բնակավայրՙ բարեկարգելու պատմական հուշարձանները, պետք է ունենա Վրաստանի մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության դեպարտամենտի թույլտվությունը, ինչն այդ արշավախումբը չուներ», ասաց Բայբուրթյանը: Նա դժվարացավ ասել, թե ում է պատկանում Սամսարի եկեղեցին, բայց. «Սամսարի բնակիչները 180 տարի աղոթում են այդ եկեղեցում: Գյուղից 15 կմ հեռու վրացական Կոթելիա գյուղն է: Այնտեղ վրացիներն ունեն իրենց եկեղեցին: Եթե Սամսարում վրացիներ էլ ապրեինՙ ուրիշ բան, բայց այդ եկեղեցին նրանցն է, ովքեր 180 տարի աղոթք են անում այնտեղ»:

Վիրահայությունը դժվարություններ է ունեցել Գամսախուրդիայի, Շեւարդնաձեի, դժվարություններ ունի Սաակաշվիլու իշխանության օրոք: Սակայն վերջին ամիսների իրադարձությունները, որոնք առնչություն չունեն սոցիալականի հետ, մտահոգիչ են: Նախ Ծալկայի շրջանում տեղացիների (կարդալՙ հայերի) եւ Վրաստանի լեռնային շրջաններից այնտեղ ժամանող սվանների միջեւ բախումներ թույլ չտալու նպատակով տեղակայվում են վրացական ՆԳՆ ոստիկանական ուժեր: Վերջիններս ոչ թե կարգ ու կանոն են պաշտպանում, այլ դիմում են հրազենի օգնությանըՙ տեղացիներին վախեցնելու նպատակով: Նրանք անգամ կրակ են բացում տեղացի երիտասարդներից մեկի վրա եւ ծանր վիրավորում, դաժանաբար ծեծում են Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հայկ Մելտոնյանին եւ երեք տասնյակ հայերի:

Այս բոլոր իրադարձությունները հավանաբար պետք է դիտարկել որպես նույն շղթայի տարբեր օղակներ:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Երեւան-Ջավախք-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4