«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#135, 2005-07-22 | #136, 2005-07-23 | #137, 2005-07-26


ՇՎԵՅՑԱՐԻԱՅՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎՈՒՄ Է ՓԵՐԻՆՉԵՔԸ

«Հայոց ցեղասպանությունը միջազգային մեծ սուտ է» հայտարարության համար

Հուլիսի 24-ին լրացավ Լոզանի պայմանագրի ստորագրման 82-րդ ամյակը, որը իրավական հիմք հաղորդելով քեմալական ազգային պատերազմներին, ճանաչել էր ժամանակակից Թուրքիայի տարածքային ամբողջականությունն ու պետական անկախությունը: Տարեդարձն առանձնակի ակտիվությամբ նշվել է ինչպես Թուրքիայում, այնպես էլ Շվեյցարիայում: Հատկանշական է, որ Լոզանի 82-րդ ամյակին նվիրված միջոցառումները Թուրքիայում կազմակերպել են ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական եւ Ձախ-ժողովրդավարական կուսակցությունները, իսկ Շվեյցարիայումՙ Բանվորական կուսակցությունն ու Քեմալական մտածողության միությունը:

Թուրքական հանրային հեռուստատեսությունն այդ միջոցառումները պայմանավորեց վերջին շրջանում Լոզանի պայմանագրի վիճարկմամբ, իսկ կառավարամետ «Ենի շաֆաք» թերթըՙ երկրում քեմալական սկզբունքների անձեռնմխելիության համար պայքարող քաղաքական ուժերի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության իշխանությունների դեմ սադրիչ գործունեությամբՙ նշելով, թե «միջոցառումները վերածվեցին ուժի ցուցադրման»:

Համենայն դեպս, հուլիսի 23-24-ին Վինթերթուրում եւ Լոզանում «Լոզան-2005» անվամբ կազմակերպված միջոցառումներին բացի Բանվորական կուսակցության եւ Քեմալական մտածողության միության անդամներից, եվրոպաբնակ թուրքերից, մասնակցել է Թուրքիայից ժամանած 200 հոգանոց մի մեծ խումբ, կազմված գիտական եւ հասարակական գործիչներից, ինչպես նաեւ «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» նախկին նախագահ Ռաուֆ Դենքթաշը: Նրանք «Կեցցե՜ անկախ Թուրքիան», «Կորչի՛ ամերիկյան իմպերիալիզմը» կարգախոսներով Լոզանում երթ են կազմակերպել, որն ավարտվել է հանրահավաքով:

Ըստ «Հյուրիեթի», միջոցառումներին մասնակցելու ցանկություն է ունեցել Թուրքական պատմական ընկերության նախագահ Յուսուֆ Հալաչօղլուն, սակայն շվեյցարական դատախազության կալանման որոշումը նրան զրկել է այդ հնարավորությունից: Մեր կողմից ավելացնենք, որ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար Հալաչօղլուի նկատմամբ Շվեյցարիան դեռեւս մայիսի սկզբներին հետախուզում էր հայտարարել: Մայիսի 7-ին «Հայոց ցեղասպանությունը միջազգային մեծ սուտ է» խոսքերով նրան էր պաշտպանել Բանվորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը:

Հուլիսի 23-ին Վինթերթուրում, երբ Փերինչեքը կրկնում է այս խոսքերը, քաղաքի դատախազի սանկցիայով շվեյցարական իրավապահ մարմինները ելույթի պահին, հենց դահլիճում նրան ձերբակալում են եւ հարցաքննելու համար տանում դատախազություն: Հարցաքննությունը տեւում է շուրջ 3,5 ժամ: Թուրքիայի արտգործնախարարության միջամտությամբ Փերինչեքն ի վերջո ազատ է արձակվում:

Արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը խստագույնս դատապարտում է Թուրքիայում գործող քաղաքական կուսակցության առաջնորդի ձերբակալությունը եւ ի պատասխան «Հյուրիեթի» հարցի, մատնանշում. «Տեղեկանալով մեծարգո Փերինչեքի ձերբակալության մասին, իսկույն միջամտել ենք: Նրա հարցաքննությանն անմիջականորեն ներկա է եղել Ցյուրիխում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Մեհմեդ Էմրեն: Ես իրադարձությունների մասին ամբողջ գիշեր իրազեկել եմ մեծարգո վարչապետ Էրդողանին: Թուրքիայում գործող քաղաքական կուսակցության ղեկավարի նկատմամբ ցուցաբերված այս մոտեցումն անընդունելի է»:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4