«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#135, 2005-07-22 | #136, 2005-07-23 | #137, 2005-07-26


ԿՈՄԻՏԱՍԻ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԵՐԳԵՐԸ

Հուլիսի 20-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրենությունը կազմակերպել էր հիրավի պատմական համերգ. առաջին անգամ կատարվեցին գերմանացի բանաստեղծների տեքստերի հիման վրա ձայնի եւ դաշնամուրի համար Կոմիտասի գրած գերմանական երգերը: Կատարողները աշխարհահռչակ երաժիշտներ էինՙ Հասմիկ Պապյանը (սոպրանո, Ավստրիա) եւ Վարդան Մամիկոնյանը (դաշնամուր, Ֆրանսիա):

Համերգը կոչվում էր «Նվիրում Կոմիտասին» եւ կազմակերպվել էր հայ մեծ երգահանի մահվան (22.10.1935, Փարիզ) 70-րդ տարելիցի կապակցությամբ: Կոմիտասի ստեղծագործության եւ անձի նկատմամբ չթուլացող հետաքրքրությունը կյանքի կոչեց նրա պատվին գրված վիթխարի թվով հետազոտություններ եւ երաժշտական ստեղծագործություններ (դրանցից մեկը Էդգար Հովհաննիսյանի «Անտունի» բալետն է, որը վատ չէր լինի վերականգնել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում): Կոմիտասի երաժշտությունը նվաճում է նոր լսարաններ եւ նոր կատարողների: Դրա օրինակներից մեկը Երեւանում անգլիական «Hiliard Ensemble» վոկալ համույթի ելույթն է: Ընդհանուր գործընթացում կարեւոր դեր է խաղում պրոֆեսոր Գեւորգ Գյոդակյանի խմբագրությամբ Հայաստանի ԳԱ-ում արդեն 14 տարի թողարկման պատրաստվող Կոմիտասի երգերի ժողովածուի հրապարակումը:

Եվ, այնուամենայնիվ, Կոմիտասի երկրային կյանքն ու ստեղծագործությունը պահպանում են շատ անհայտ էջեր: Նույնիսկ մասնագիտական շրջանակներում անբավարար չափով գիտեն Կոմիտասի երաժշտությունը եւ գիտատեսական ժառանգությունը, իսկ բացը լրացնելու համար հարկավոր են նրա անգին աշխատանքների կատարում եւ հրապարակում:

Գրախոսվող համերգը նշանավոր էր նախ եւ առաջ նրանով, որ ամենուրեք հայկական վոկալ դպրոցը փառաբանող Հայաստանի ժողովրդական արտիստուհի Հասմիկ Պապյանի շնորհիվ կայացավ Կոմիտասի անհայտ վոկալ երկերի պրեմիերա: Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում պահվող նոտաները (9 երգ) այդ օրը ծնվեցին համերգային կյանքի համար: Զուսպ ոճով, գեղարվեստական առումով ավարտուն այդ գործերը կիսաբաց արեցին Կոմիտասի կենսագործունեության գերմանական ուսումնառության ժամանակաշրջանի քողը:

Հիշեցնենք մի քանի հանրահայտ փաստ: 1896 թ. մայիսին Կոմիտասը Բեռլին է մեկնում մասնագիտական կրթությունը կատարելագործելու: Բեռլինի կոնսերվատորիայի այն ժամանակվա տնօրեն Յոզեֆ Յոախիմի երաշխավորությամբ (կոմիտասագետ Ռոբերտ Աթայանի վկայությունն է) նա ընդունվում է Ռիխարդ Շմիդտի մասնավոր դպրոց եւ միաժամանակ Բեռլինի համալսարան: Կոմիտասին կոմպոզիցիա եւ դիրիժորական արվեստ էր դասավանդում Շմիդտը: Նա երաժշտական գեղագիտություն, պատմատեսական գիտություններ եւ միջնադարագիտություն էր ուսումնասիրում խոշորագույն մասնագետներիՙ համալսարանի պրոֆեսորներ Մաքս Ֆրիդլենդերի, Գոթֆրիդ Հենրիխ Բելլերմանի (որը հայտնի է նաեւ որպես կոմպոզիտոր) եւ Օսկար Ֆլայշերի ղեկավարությամբ: Վերջինիս դերը Կոմիտասի կյանքում առանձնահատուկ էր: 1899 թ. նա Մաքս Զայֆերգտի հետ Բեռլինում կազմակերպում է Միջազգային երաժշտական ընկերություն (1927 թ. այն վերակազմվեց Միջազգային երաժշտագիտական ընկերության) եւ Կոմիտասին դարձնում դրա անդամ: Ավելինՙ «Armenische Kirchenmusik» («Հայկական եկեղեցական երաժշտություն») հոդվածը ներառում է 1890 թ. Լայպցիգում հրապարակված ընկերության գիտական աշխատանքների առաջին հատորում: Արժե նաեւ նշել, որ ավելի ուշՙ 1901 թ. Կոմիտասը Բեռլինում ելույթ է ունենում միջազգային երաժշտական կոնգրեսում, նույն թվականին Մարբուրգում առաջին անգամ լույս է տեսնում «Armeniens Volkstumliche Reigentanze» («Հայ գեղջուկների պարը») հոդվածը, 1913 թ. նա կրկին ելույթ է ունենում Բեռլինի կոնգրեսում, 1912 թ. Լայպցիգում հրատարակվում են մշակված երգերի (մեներգերի ու խմբերգերի) երկու հատորները:

Բեռլինում 1899 թ. հունիսին քրդական ժողովրդական երգերին նվիրված դիպլոմային աշխատանքով ավարտված ուսումնառությունը հարուստ էր նաեւ զուտ երաժշտական կոմպոզիտորական հետաքրքրություններով: Հաստատակամորեն տիրապետելով դաշնամուրին, Կոմիտասը գրում է երկու փոքր դաշնամուրային պիեսՙ «Նոկտյուրն» եւ «Սգո քայլերգ», բայց շուտով նրա միտքն ուղղվում է վոկալ երաժշտության ասպարեզ: Գերմաներենի եւ գիտական գրականության ուսումնասիրությունն ընթանում էր գերմանական հին ու ժամանակակից երաժշտության ճանաչողությանը զուգահեռ: Ռ. Վագների հանդեպ սիրո վկայություն կարող է ծառայել գերմանացի ակնառու կոմպոզիտորին նվիրված հոդվածը: Բելլերմանը հարստացնում էր Գրիգորյան օրհներգային արվեստի եւ եվրոպական հոգեւոր-ծիսական ավանդույթի գիտելիքները:

Այս առումով հետաքրքրական են կոմպոզիտորի գերմաներեն երկու աշխատանքներըՙ «Բաբելոնի գետերի մոտ» թիվ 134 սաղմոսը եւ a capella խառը երգչախմբի համար գրված «Armenische Kirchengesange» («Հայկական ժամերգություններ») գործը կամ այսպես կոչված Բեռլինյան պատարագը: Այն ստեղծվեց 1897 թ., կատարվեց 1899 թ. Բեռլինում եւ առաջին անգամ հրապարակվեց երկերի ժողովածուի «Հոգեւոր երկեր» 8-րդ հատորում (Երեւան, 1998): Ծանոթագրություններում հրատարակության խմբագիր Գ. Գյոդակյանը նշում է, որ 1892 թ. փորձի համեմատությամբ Բեռլինյան պատարագի 12 համարները ցուցադրում են, «թե ինչ հսկայական ուղի է անցել Կոմիտասը կոմպոզիտորական վարպետությանը տիրապետելու ճանապարհին» (էջ 246):

Սակայն եթե «Armenische Kirchengesange»-ի նպատակը հայկական շարականները գերմաներենի եւ եվրոպական ավանդույթի պայմաններին հարմարեցնելն էր, ապա ձայնի եւ դաշնամուրի համար գրված 9 երգերը պետք է Ռ. Շմիդտին ցուցադրեին Կոմիտասի կողմից կամերային վոկալ երաժշտության ոճի յուրացման աստիճանը: Յոհան Վոլֆգանգ Գյոթեի, Նիկոլաուս Լենաուի, Թեոդոր Շտորմի, Յուլիուս Շտուրմի, Յոհան Լյուդվիգ Ուլանդի եւ Յոհան Ամբրոսիուսի խոսքերով գրված այդ երգերն ստեղծվել են գլխավորապես 1897թ.: Կոմիտասի կենսագիրները գրեթե չեն հիշատակում դրանք: Միայն հայտնի մենագրության հեղինակ Ալեքսանդր Շահվերդյանը, մեջբերելով Շմիդտի խոսքերը «երաժշտական աշխարհի համար նորություն» հանդիսացող Կոմիտասի «հայկական ոճի» մասին, իմիջիայլոց ասում է, թե «Ռ. Շմիդտի առաջադրանքով գրված այդ աշակերտական աշխատանքները բավական անդեմ, սենտիմենտալ երգեր են» (Մոսկվա, 1989, էջ 46):

Սակայն, ինչպես ցույց տվեց Հ. Պապյանի եւ դաշնակահար Վ. Մամիկոնյանի կատարումը, Կոմիտասի գերմանական երգերն անհնար է անվանել անդեմ կամ սենտիմենտալ: Դիմելով ռոմանտիզմի ժամանակաշրջանի գերմանացի հայտնի բանաստեղծներին, Կոմիտասը ձգտում էր պահպանել բնորոշ ժանրային մոդելը, որը միավորում է Ֆ. Շուբերտի, Ռ. Շումանի, Յ. Բրամսի, Հ. Վոլֆի քնարական երգերը: Գերմանական մեծ դպրոցի մերձավորությունը չի ստեղծում պատճեններ, թեեւ վերջ ի վերջո կոմպոզիտորների նմանությունը երբեք չի բացառվել: Գլխավորն այն է, որ այստեղ առկա է «հանդիպական ոճ», այսինքնՙ հեղինակային ոճի «հանդիպում» արդեն հայտնի ոճի հետ: Կոմիտասի հեղինակային ոճը հայկական ասկետիզմն է, մի քանի ուրվագծերով պոեզիայի եւ երաժշտության կցատեղում ծնված անհրաժեշտ քնարական պատկերն ստեղծելու կարողությունը: Մտերմիկ ապրումների, պահերի, տպավորությունների ուրվագծման համար Կոմիտասին երբեմն բավականացնում է նաեւ մեկ քառյակը: Կոմիտասի մտածողության ռացիոնալիզմը թույլ է տալիս այդ վոկալ մանրանվագներում հաղթահարել գերմանական ոճի վերամբարձությունը, ինչը հատկապես արտացոլվեց դաշնամուրային նվագակցության պարտիայի մեկնաբանման մեջ:

Հասմիկ Պապյանը, լինելով օպերային բարձրակարգ երգչուհի եւ ընտրելով երգերի որոշակի հերթագայություն, ստեղծեց յուրօրինակ վոկալ շարք: Պահպանելով երգերի ոճաբանությունը, Պապյանը չհրաժարվեց պատկերները զգացմունքների, ապրումների ուժով հագեցնելուց, ինչը սովորաբար մասշտաբային է դարձնում նրա մեկնաբանումները: Երգչուհու ինտոնացիոն առումով զուլալ, ստորին ռեգիստրում տեմբրայնորեն հագեցած ձայնը նոր շնչով է բացվում վերին ռեգիստրում (ի դեպ, այստեղ շատ են զգացվում նրա ձայնի տեմբրի ազգային հատկանիշները): Գերմանական երգերում Պապյանի խոսքային առոգանության արտահայտչականությունը հարստացվեց ինտոնացիոն իմաստի երանգներով: Վերջապես կարեւոր է, որ Պապյանը Կոմիտասի երաժշտությունը ներկայացրեց որպես մոռացված գլուխգործոցներ եւ ոչ թե որպես ուսանողական երկեր:

Տպավորվեցին «Komm, o Nacht»-ի («Եկ, գիշեր», խոսքՙ Շտուրմի) ձեւի պլաստիկան, «Meeresstille»-ի («Ծովի անդորրը», խոսքՙ Գյոթեի) հայեցողականությունը, «Gluckliche Fahrt»-ի («Երջանիկ նավարկություն», խոսքՙ Գյոթեի) պոռթկունությունը եւ «Sturmesmythe»-ի («Փոթորկի ասքը», խոսքՙ Լենաուի) Շուբերտի ոգով ծավալուն բալլադը:

Երգչուհու մեղմ ու սահուն ձայնը վարպետորեն ընդգծվում էր Վարդան Մամիկոնյանի նվագով: Հայտնի վիրտուոզ մենակատարն առաջին անգամ հանդես եկավ կոնցերտմայստերի դերում: Մամիկոնյանը յուրաքանչյուր հնչյունի վերաբերում էր ինչպես ոսկու փշուրի. լսելի էին ֆակտուրայի բոլոր գծերը: Երաժշտական միտքը բյուրեղային մաքրություն ու թափանցիկություն ուներ:

Գերմանական երգերից բացի համերգի ծրագրում ընդգրկված էր 14 երգ (երեքըՙ «բիս»-ով), որոնք Կոմիտասը գրել է հայկական ժողովրդական նյութի հիման վրաՙ սկսած թախծոտ «Գարուն ա»-ով եւ վերջացրած դրամատիկ «Կռունկով»: Առաջին անգամ կատարվեց «Մանկական աղոթքՙ Հայր մերը», որը Կոմիտասն ստեղծել է 1915 թ. ցեղասպանության օրերին: Կոմպոզիտորի այդ սեփական մեղեդին մնացել է միաձայն. հատկապես համերգի համար դրա դաշնամուրային դաշնակումն իրականացրել է Դ. Երաժիշտը:

Հնարավորություն չկա նկարագրելու հրաշալի երաժիշտ կատարողների ներկայացրած զգացմունքների (հուզիչ-անպաշտպանից մինչեւ վեհաշուքն ու ողբերգականը) ողջ սպեկտրը: Երեկոն իրոք դարձավ նվիրում Կոմիտասինՙ արվեստագետին եւ մարդուն, որի ոգին ապրում է ամեն հայի մեջ:

ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտոր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4