Երգչուհի Ռուզան Ավետիքյանը, որը 15 տարի սովորել է երգիչ, ժողովրդական արտիստ Հովհաննես Բադալյանի մոտ եւ այժմ էլ դասավանդում է Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկական ուսումնարանում, հայտնի է ոչ միայն հին ժողովրդական, այլեւ նույն տարրերի ընդգրկմամբ նոր երգերի կատարմամբ:
Ամերիկյան «Ջի ռեկորդս» ընկերության հրավերով սեպտեմբերի 23-ին ամերիկյան հանրահայտ «Ալեքս» թատրոնում Ռուզան Ավետիքյանը եւ Ալլա Նավասարդյանը հանդիսատեսին կներկայանան հայկական ժողովրդական երգացանկով: Ինչպես նշեց Ռուզան Ավետիքյանը, համերգի երգացանկն ընդգրկում է այնպիսի երգահանների ստեղծագործություններ, ինչպիսիք են Սայաթ-Նովան («Նազանի»), գուսան Հավասին («Ալվան վարդերս»), Արմեն Մանդակունյանը («Սերս մի մարի»), ժողովրդական շարաններ, ինչպես նաեւ նոր երգեր: «Ծրագիրը մեծ անակնկալ է լինելու իր ձեւի մեջ, այնտեղ մեզ են միանալու սփյուռքում հայտնի պարային խմբեր, որոնք արդեն իսկ զբաղվում են մեր ուղարկած երգերի հիման վրա պարային բեմադրություններ ստեղծելով», նշեց երգչուհին:
Ամերիկահայ հանդիսատեսին հայկական երաժշտությունը ներկայացնելու հնարավորություն ստացած երկյակը սիրով եւ ջանասիրությամբ է պատրաստվում համերգին: Նրանք աշխատում են նաեւ զգեստների վրա, որոնք թեեւ ժամանակակից են, բայց ներառում են ժողովրդական տարազի տարրերն ու նախշերը:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ