«Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի նախաձեռնած «Պահպանենք մեր մշակույթը» խորագիրը կրող հանրապետական փառատոնը շարունակվում է մարզերում: Արտաշատի քաղաքային զբոսայգուն հարող հրապարակում Երեւանից ժամանած հյուրերին աղ ու հացով, կարմիր գինով, երգ ու պարով դիմավորեցին եւ ուղեկցեցին բացօթյա համերգասրահի բեմահարթակ, որտեղ նրանց հատկացրել էին պատվո տեղեր:
Փառատոնն Արարատի մարզում անցկացնելու համար մարզպետ Ալիկ Սարգսյանը հոգացել էր ամեն մի մանրուքի մասին: Փառատոնին մասնակցում էին ՀՀ գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, ՀԹԳՄ նախագահ, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանը, ՀԵԸ նախագահ, պրոֆեսոր Դավիթ Ղազարյանը, Երեւանի կամերային թատրոնի գեղ. ղեկ. Արա Երնջակյանը, ՀՊԳՄ Վանուշ Խանամիրյանը: Ջերմ ու շնորհակալական խոսքեր հնչեցին փառատոնի կազմակերպիչների հասցեին: Մարզպետ Ալիկ Սարգսյանը փառատոնի անցկացումն Արարատի մարզում անվանեց «իրադարձություն, որի շնորհիվ մարզի ազգաբնակչությունը մոտիկից հնարավորություն է ունենում շփվելու բարձրարժեք արվեստի ու մեր մշակույթի անվանի գործիչների հետ, որոնց հեռուստացույցով են միայն տեսել...»:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ