«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#135, 2005-07-22 | #136, 2005-07-23 | #137, 2005-07-26


ԱՐՄԱՆԻԻ «ԲԱԶՄՈՑԸ» ԱՄԵՐԻԿՅԱՆ ԺՈՂՈՎԱԾՈՒՈՒՄ

Տաղանդավոր մենակատարուհի Նորա Արմանիի «Բազմոցի վրա» ներկայացումն ընդգրկվել է «Արդի ամերիկյան դրամատուրգների գործերի ժողովածու» հատորում, որը հրատարակվելու է Մ. Նահանգներում մինչեւ այս տարվա վերջը, հաղորդում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը հուլիսի 2-ի համարում: Հատորում տեղ են գտնելու ընդամենը 5 պիես:

Անցյալ տարվա ցնցող հաջողությունից ոգեւորված Նյու Յորքի «Միդթաուն ինտերնեշնլ թեաթր ֆեստիվլ» թատրոնն այս տարի եւս այդ պիեսը ներառել է իր խաղացանկում: «Դա բարեհաջող կերպով մշակված իսկապես հրապուրիչ թատերական մի պիես է, որտեղ Արմանին ամբողջական ազատությամբ դրսեւորում է ինքն իրեն», այսպես է բնորոշել ներկայացումը «Թոքինգ բրոդվեյը», իսկ Արմանիին «Թեաթր մանիա կոմը» (Theater Mania.com) բնութագրել է որպես «վկայված երգչուհի, պարուհի, բանաստեղծուհի եւ դերասանուհի: «Նրա կերպարը նույնքան հրապուրիչ է, որքան վերնագրի բազմոցը: Դա ջերմություն է ճառագայթում եւ լավատեսություն», ավելացնում է կայքէջը:

Պիեսը նախատեսված է նաեւ ներկայացնել «Ուորքշոփ» թատրոնում հուլիսի 30-ին եւ օգոստոսի 2-ին: Ավելացնենք, որ այս միանձնյա շոուն իր անգլերեն եւ ֆրանսերեն տարբերակներով բազմիցս ներկայացվել է Լոս Անջելեսում, Չիկագոյում, Դետրոյթում, Հյուստոնում, Ֆիլադելֆիայում, Բոստոնում, Մոնրեալում, Լիոնում, Փարիզում եւ Կահիրեում: Հոկտեմբերին նախատեսված է նաեւ ներկայացնել Ժնեւում (Շվեյցարիա): Ներկայացումների ռեժիսորն է փարիզաբնակ Ֆրանսուա Քերգուրլեյը, որը պիեսներ է բեմադրել Ֆրանսիայում, Կենտրոնական Եվրոպայում, Միջին Արեւելքում եւ Թուրքիայում:

Մրցանակների արժանացած Նորա Արմանին ավելի քան 25 քաղաքներում է ներկայացրել իր հանրահայտ «Կայք Արարատում», «Նանտո նանտո», «Աշխարհի զույգերը: Թեման սերն է» եւ «Ձյան փաթիլներ ապրիլին» պիեսներն անգլերենով, ֆրանսերենով, ռուսերենով, արաբերենով, իտալերենով եւ հայերենով: Նա նաեւ դերեր է ստանձնել «Թագավորը եւ ես» (Կահիրե), «Զենքեր եւ մարդիկ» (Լոնդոն) պիեսներում, «Լաբիրինթոս», «Վերջին կանգառը», «Վերնաժամկետը 7 օրից», «Նոր Եվան» եւ այլ ֆիլմերում: Հունիսին հայկական կինոյի պատմության մասին դասախոսություններով հանդես է եկել Լոնդոնի համալսարանում եւ «Պոեզիայի ակումբում»:

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4