Իտալիայի Սարդինա քաղաքում անցկացված IKA կարատեի աշխարհի գավաթի 12-րդ առաջնությունում գերազանց ելույթներ ունեցան հայ կարատեիստները: 2000 թ. Լոս Անջելեսում ու 2003 թ. Տորոնտոյում կայացած նախորդ առաջնությունների հաղթողներն այս անգամ էլ հաստատեցին իրենց բարձր կարգը եւ պահպանեցին ուժեղագույնի տիտղոսըՙ տուն վերադառնալով պարգեւների հարուստ ավարով: Մեր կարատեիստները նվաճեցին 4 ոսկե գավաթ, մեկ արծաթե գավաթ, 23 ոսկե, 11 արծաթե եւ 5 բրոնզե մեդալներ:
Տեղի ունեցած մրցումների մասին լրագրողների հետ հանդիպմանը պատմեցին Հայաստանի մարզական պատվիրակության ղեկավար, Արցախի հոգեւոր թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանը եւ կարատեի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Գրիգոր Միքայելյանը: Ի դեպ, ժամանակին նրանք զբաղվել են կարատեով: Պարգեւ Սրբազանը սեւ գոտի 1-ին դան է, Գրիգոր Միքայելյանըՙ սեւ գոտի 7-րդ դան: Հաշվի առնելով Պարգեւ Սրբազանի ծառայությունները կարատեի զարգացման գործում, մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիան դիմել է միջազգային ֆեդերացիային նրան պատվավոր դանի կոչում շնորհելու: Պարգեւ Սրբազանը ներկայումս կարատեի Հայաստանի ֆեդերացիայի պատվավոր նախագահն է: Նա հաղթանակի առթիվ շնորհավորեց բոլորինՙ նշելով, որ եթե նախկինում երազում էինք գոնե մեկ Խորհրդային Միության չեմպիոն ունենալ, ապա այսօր հայ կարատեիստների մեջ կան աշխարհի ու Եվրոպայի, միջազգային մի շարք մրցաշարերի չեմպիոններ ու մրցանակակիրներ: Առաջին անգամ Իտալիայում Հայաստանի դրոշի հետ ծածանվում էր նաեւ Արցախի դրոշը: Ի դեպ, Արցախում գործում է շոտոկան կարատեի ֆեդերացիան:
Գրիգոր Միքայելյանը տեղեկացրեց, որ մրցումներին մասնակցող 31 երկրների մարզիկները վիճարկում էին մեդալների 74 հավաքածու: Հայաստանը ներկայացված էր երիտասարդների եւ մեծահասակների թիմերով, որոնք գերազանց հանդես եկանՙ նվաճելով թիմային հաշվարկով չեմպիոնի տիտղոսը: Առաջին շրջանում մեր թիմը հաղթեց Իտալիայի ազգային հավաքականին, իսկ եզրափակիչումՙ Սարդինայի թիմին: Մեր թիմի կազմում մրցումներին մասնակցեցին 22 կարատեիստներ, որոնք ընդհանուր առմամբ 39 մեդալ նվաճեցին: Մինչեւ 75 կգ քաշային կարգում մեծահասակների մրցավեճում Հրաչիկ Վարժապետյանը նվաճեց ոսկե գավաթը: Նույնպիսի հաջողության հասավ նաեւ 75 կգ-ից բարձր քաշային կարգում հանդես եկած Տիգրան Մուրադյանը: Հայաստանի հավաքականն առաջին անգամ թիմային կատա մրցաձեւում դարձավ մրցանակակիրՙ արժանանալով արծաթե գավաթի: Մեր թիմն ընդամենը մեկ միավորով զիջեց Սլովենիայի հավաքականին:
Ինչ խոսք, հայ կարատեիստների նվաճումը տպավորիչ է: Մեդալների քանակն ավելի մեծ կլիներ, եթե, ըստ Գրիգոր Միքայելյանի, որն առաջին անգամ ընդգրկվել էր մրցավարների կազմում, որոշ դեպքերում մեր կարատեիստների հանդեպ սուբյեկտիվ մրցավարություն չլիներ: Ֆեդերացիայի նախագահը խոսեց նաեւ առկա ֆինանսական դժվարությունների մասին: Մրցումներին մասնակցելու ծախսերը հիմնականում հոգացել են մարզիկների ծնողները: Դրա հետեւանքով միայն 22 մարզիկ հնարավորություն ունեցան մեկնելու Սարդինա, այլապես կարող էին 30-40 կարատեիստներ մասնակցել աշխարհի գավաթի առաջնությանը, քանի որ մարզիկների քանակի որեւէ սահմանափակում չկար: Ճիշտ է, այս տարի առաջին անգամ պետբյուջեից 2 մլն դրամ է հատկացվել կարատեի Հայաստանի ֆեդերացիային, սակայն դա շատ չնչին գումար է մրցումների մեկնելու համար:
Առաջիկայում հայ կարատեիստներին նոր փորձություններ են սպասում: Հոկտեմբերին մեր մարզիկները կմասնակցեն IKA կարատեի բոլոր աստղերի 41-րդ առաջնությանը, իսկ նոյեմբերինՙ Կիպրոսի Լիմասոլ քաղաքում կայանալիք պատանիների ու երիտասարդների աշխարհի առաջնությանը: Հուսանք, որ այդ մրցաշարերից էլ հայ կարատեիստները մեդալների հարուստ ավարով տուն կվերադառնան:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ