Կյանքը ցույց է տալիս, որ Հայաստանում իշխանավորներն առանձնահատուկ ուշադրության են արժանացնում այն խնդիրները, որոնց լուծումը հրահանգել է անձամբ նախագահը: Հակառակ դեպքում պրոբլեմը տարիներ գոյություն կունենա, այնպես որ առանց դրա արդեն անհնար է լինում պատկերացնել մեր կենցաղը, եւ հանկարծ կարծես երկնքից խնդիրը լուծելու պատվեր է իջեցվում: Այդպես էլ տասնամյակներ երեւանցիների նյարդերն ու առողջությունը սղոցող աղմուկը: Նախագահի հանձնարարականից հետո քաղաքապետի մոտ հավաքվել են գիշերային բոլոր ակումբների տնօրենները, խնդիրն արդեն 2 ամիս փողհարվում է տարբեր ատյաններում, համապատասխան հրահանգներ են հղվում ամենատարբեր ծառայությունների: Իսկ երեկ քաղաքապետարանի ավանդական ճեպազրույցի ժամանակ փոխքաղաքապետ Արման Սահակյանը հայտարարեց. «Անկախ այն բանից, թե ում անձի հետ է կապվում տվյալ օբյեկտը, գիշերային ակումբը կամ սրճարանը, բոլորը խստագույնս պատժվելու են»: 137 սպասարկման օբյեկտների տնօրեններ գրավոր նախազգուշացումներ են ստացել:
Խնդիրը կարեւորվել է նաեւ վարչական իրավախախտումների վերաբերյալ փոփոխությունների նախագծի նոր փաթեթում: Ի դեպ, ոչ միայն այս խնդիրը: Ըստ Արման Սահակյանի, նոր փաթեթն առանձնահատուկ նշանակություն ունի այն առումով, որ փոփոխություններում առաջարկվել է նաեւ որոշակի գործառնական լծակներ տալ քաղաքապետարանին: Այսինքն, քաղաքապետարանը միայն հռետորական ծրագրերով չի զբաղվելու, թե փողոցային առեւտուրը վատ է, պետք է վերացնել, թե ծառերը չի կարելի հատել, այլ առաջին անգամ վերահսկելու եւ պատժելու հնարավորություն է ստանալու: Օրինակ, առեւտրի եւ սպասարկումների վարչությունն այսուհետեւ վերափոխվելու է առեւտրի եւ սպասարկումների վերահսկողության վարչության: Այս նոր լծակից որքան կշահի քաղաքը, հայտնի չէ: Այդպիսի լծակներ այսօր ունեն թաղապետարաններն ու ոստիկանությունը, բայց երբեք էլ լիարժեք չեն օգտագործում: Այլապես քաղաքային խնդիրներն այսքան երկարակյաց չէին լինի:
Դրսից Հայաստան եկած մեր հայրենակիցներից մեկին Երեւանում ամենից շատ զարմացրել էին շինանյութերի վաճառքի կետերը: Ոչ միայն ծայրամասերում, այլեւ քաղաքի կենտրոնական հատվածներում այդ վաճառասրահներն ավելի շատ շինանյութերի բազաներ են հիշեցնում: Եվ սա էլ կամաց-կամաց անցնում է մշտական խնդիրների շարքը: Ինչպես սգո պարագաների բացօթյա վաճառքը, որի դեմ էլ, ինչպես շինանյութերի պարագայում, առայժմ քաղաքապետարանը տեսական պայքար է մղում:
Օղակաձեւ զբոսայգին կկոչվի երիտասարդական
Քաղաքապետին կից երիտասարդական խորհուրդն օրերս առաջին անգամ հանդիպել է քաղաքապետի հետ: 40 տարբեր կազմակերպություններ ու բուհեր ներկայացնող երիտասարդներն առաջարկել են օղակաձեւ անունը փոխարինել երիտասարդականով: Թե որն էր հիմնավորումը, ինչու երիտասարդներին ձեռ չի տալիս օղակաձեւը, այդպես էլ չիմացանք: Այս ինքնատիպ առաջարկով նրանք պարզապես որոշել են կարեւորել իրենց նորաստեղծ խորհուրդը, ինչու չէ, նաեւ միանգամից հայտնվել ուշադրության կենտրոնում: Եվ պիտի խոստովանել, դա նրանց հաջողվեց: Թե չէ ո՞վ էր իմանալու դրա ստեղծման մասին:
Ի դեպ, ըստ փոխքաղաքապետի, 2006 թվականի համաքաղաքային ծախսերի մեջ անպայման առանձին կետով հատկացումներ կառանձնացվեն երիտասարդության նախաձեռնությամբ ու օգնությամբ իրականացվող քաղաքային միջոցառումների համար:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ