«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#135, 2005-07-22 | #136, 2005-07-23 | #137, 2005-07-26


ԺՏԵՄ` ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է ՏԵՐԸ...

«Թե չէ մի ղաչաղ կդառնանք մենք էլ»

Այսպես է կոչվում Հյուսիսային եւ Գլխավոր պողոտայի, Կողբացու եւ Աբովյան փողոցների տեղահանված եւ տեղահանվող բնակիչների, Դալմայի այգիների հողօգտագործողների խորհրդի, համարակալման ու անհատական ծածկագրերի դեմ պայքարող կազմակերպության հասարակական միավորումը` ԺՏԵՄ` ժողովուրդն է տերը երկրի քաղաքացիական միավորման:

Երեկ միավորման ներկայացուցիչները հավաքվել էին Երեւանի քաղաքապետարանի դիմաց, հավաքված բազմությունն ավելի հոծ էր, քան երբեւէ: Անգամ շոգը չէր արգելել մարդկանց կարգախոսներով ու պլակատներով հավաքվել այստեղ եւ ստորագրահավաք կազմակերպել: Նրանք որոշել էին մի վերջին անգամ դիմել քաղաքապետին եւ հաջողության չհասնելու դեպքում դիմել զանգվածային միջոցառումների` «ապօրինությունները դադարեցնելու, հակասահմանադրական գործողություններ իրականացնող պաշտոնյաներին պատժելու, տուժած քաղաքացիների իրավունքները վերականգնելու համար»:

Դալմայի նախկին այգետերերից մեկը` Խաչատրյան Համբարձումը, բարձրաձայն պատմում էր, որ մի քանի օր առաջ ԴԱՀԿ-ի աշխատակիցները եղել են Դալմայի այգիներում, ծեծուջարդ կազմակերպել, ծեծել են նույնիսկ կանանց ու տարեցներին` փորձելով բռնությամբ կոտրել մարդկանց դիմադրությունը:

Ըստ երեւույթին, սոցիալական բողոքի տարերային ալիքները փորձում են կենտրոնանալ, եւ որքան էլ անլուրջ վերաբերվեն դրան իշխանությունները, մարդիկ իրենց իրավունքները պաշտպանելու համար նույնիսկ սկսել են խոսել ինքնապաշտպանական` «ֆիդայական» ջոկատներ կազմակերպելու մասին:

Կ. Դ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4