Այս տարի ծիրանի առատ բերքը մի շարք խնդիրներ է առաջացրել գյուղացիական տնտեսություններում: Ինչպես նշեց Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանը, բանջարեղենի մթերման, գնումների, վճարման հարցով մասնավոր ձեռնարկությունները կարծես թե շահագրգռված չեն եւ չեն ընդառաջում գյուղացիներին: «Անցած տարի 200 հազար տոննա բանջարեղեն ենք արտադրել, այս տարի ակնհայտ է, որ այդ ցուցանիշն ավելի է լինելու: Արդեն ավարտվել է մոտ 15.000 տոննա ծիրանի մթերումը: Արարատի պահածոների գործարանը դեռեւս պարտքեր ունի (նախորդ տարվա մթերումներից): Արտադրված գյուղմթերքների իրացումը լուրջ խնդիր է, առատ բերքն ու բանջարեղենը քաղաքաբնակներին հասնում է կրկնակի գնով (վերավաճառողների պատճառով):
70-ամյա Հովսեփ հայրիկը դժգոհում էր. մոտ 2 տոննա ծիրան է հավաքել ու դրա միայն կեսն է կարողացել հանձնել Արարատի պահածոների գործարան, այն էլ կգ-ը 30 դրամով:
60-ամյա Հայկ Աբալյանը նույնպես դժգոհ էր, որ շողշողուն, ոսկեգույն ու կարմրաթուշ ծիրանի բերքը ստիպված օղու հումք է դարձնելու, ու հիշում էր ժամանակները, երբ քաղաքի տարբեր մասերում կազմակերպվում էին բացօթյա տոնավաճառներ, մրգի շուկաներ: Ո՞ւմ են ձեռնտու այդ վերավաճառողների այսպես կոչված «բիրիքանոցները», ինչո՞ւ քաղաքաբնակը չի կարող գյուղմթերքները գնել հենց աճեցնողից:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ