Զբաղեցնում են շատ հայտնի ընկերություններ
Հարկային պետական ծառայությունը հրապարակեց հետաքրքրություն ներկայացնող եւս մեկՙ առավել խոշոր 300 հարկատուների եւ այս տարվա առաջին կիսամյակում նրանց վճարած հարկերի մեծությունների ցուցակը: Ցանկը գլխավորում է Հայաստանի արդյունաբերական հսկանՙ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որի վճարած 12,3 մլրդ դրամի հարկերը կրկնակի գերազանցում են երկրորդ խոշոր հարկատուիՙ «Արմենտելի» վճարած հարկերի գումարը: Կոմբինատը նաեւ ամենախոշոր շահութահարկ վճարողն է, որը 6 ամսում կազմել է մոտ 4,5 մլրդ դրամ: Ինչպես արդեն նշեցինք, երկրորդ տեղում «Արմենտելն» է 6,4 մլրդ դրամով, որից շահութահարկըՙ 2,6 մլրդ դրամ: Երրորդ տեղում գտնվող «Հայռուսգազարդի» հարկային վճարումները կազմել են 4,8 մլրդ դրամ, սակայն շահութահարկի գծով վճարումները մեծ չեն, ինչը թերեւս բացատրվում է ընկերության լայնածավալ ներդրումային ծրագրերով: 1 մլրդ դրամը գերազանցող հարկեր վճարած մյուս ընկերություններն են «Հայաստանի էլեկտրական ցանցերը», «Գրանդ-Տոբակոն», ՀԱԷԿ-ը, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը», իսկ 9-րդ տեղում գտնվող «Ոռոգում» ընկերությունը վճարել է 934 մլն դրամ: Առաջին խոշոր 9 հարկատուներն ընդհանուր առմամբ վճարել են մոտ 33 մլրդ դրամ:
Խոշոր հարկատուների հաջորդ խումբը սկսվում է 10-րդ տեղում գտնվող «Մաքուր երկաթի գործարան» ընկերությունիցՙ 780 մլն դրամ հարկերի չափով մինչեւ 60-րդ տեղում գտնվող «Մուլտի գազ» ընկերությունըՙ 99 մլն դրամ գումարով: Այս հիսնյակում ընդգրկված են Հայաստանի առավել հայտնի բանկերըՙ «Կոնվերս», «Արդշինինվեստբանկ», «Հայխնայբանկ», «Հայէկոնոմբանկ», «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան», «Ինեկո», «Անելիք», «Առէքսիմբանկ», «Հայգյուղփոխբանկ»: Ոգելից խմիչքների արտադրության ձեռնարկություններից առավել շատ հարկեր վճարում են Ավշարի գինու գործարանը, Երեւանի կոնյակի գործարանը, Երեւանի շամպայն գինիների գործարանը, «Վեդի-Ալկոն», «Էրեբունի-Ալկոն», «Երեւանի գարեջուրը» եւ այլն:
Սակայն վերոնշյալ հատվածում գտնվելը դեռ չի նշանակում, թե այնտեղ գտնվողները բացառապես առավել պարտաճանաչ հարկատուներն են: Օրինակՙ խոշորագույն ներկրող «Ֆլիտֆուտ» ընկերությունը, չնայած վճարել է մոտ 250 մլն դրամ հարկ, այս հատվածում գտնվող մեկ-երկու ընկերություններից է, որոնք շահութահարկ չեն վճարել: Մի՞թե շաքարավազի կամ ալյուրի ներմուծումը շահույթ չի բերում, հատկապես եթե նկատի ունենանք, որ այս ընկերությունը առաջին տարին չէ, որ զբաղվում է այդ բիզնեսով: Հակառակ դրան, օրինակ, վառելիք ներմուծող խոշորագույն «Ֆլեշ» ընկերության վճարած մոտ 152 մլն դրամի գերակշիռ մասը շահութահարկի բաժինն էՙ ավելի քան 132 մլն դրամը: Շահութահարկի ցուցանիշները տվյալ ընկերության բարեխիղճ հարկատու լինելու թերեւս լավագույն ապացույցներից են:
«Ռաֆայել-Տաթեւ» ընկերությունը, որին է պատկանում Երեւանի խոշորագույն Մալաթիայի տոնավաճառը, առաջին կիսամյակում վճարել է մոտ 191 մլն դրամ, որից շահութահարկը կազմել է ընդամենը 550 հազար դրամ: Հատկապես վերջին ցուցանիշն առնվազն ծիծաղելի պետք է թվա, քանի որ մեկ-երկու խոշոր տաղավարի առեւտրականներից տոնավաճառի սեփականատիրոջ գանձած մեկ ամսվա գումարն այդքան կկազմի, իսկ թե ինչ ահռելի շրջանառություն ունի հիշյալ տոնավաճառը, երեւի ոչ ոքի հարկ չկա ասելու: Նույնը վերաբերում է այս ցանկում գտնվող «Փեթակ», «Սուրմալու» եւ ընդհանրապես այստեղ չգտնվող մյուս տոնավաճառներին, որտեղ կատարվում է մեր երկրի մանրածախ ապրանքաշրջանառության ավելի քան մեկ երրորդը:
Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր «Արմենիան քափըր փրոգրամը» վեց-յոթ տարվա ընդմիջումից հետո վերջապես սկսել է շահութահարկ վճարել, ինչի փոքր ծավալները սակայն չեն դադարում տարակուսանք հարուցելՙ ընդամենըՙ 43 մլն դրամ: «Կոտայք» գարեջրի գործարանի վճարած հարկերը նույնպես տարակուսանքի տեղիք են տալիս: Հայտնի է, որ այս ընկերության արտադրանքն ավելի մեծ սպառում ունի շուկայում, քան «Երեւանի գարեջուրը», բայց ի տարբերություն առաջինի վճարած 353 մլն դրամի, վճարել է ընդամենը 74 մլն դրամ, իսկ շահութահարկ ընդհանրապես չի վճարել:
Այս ցուցակում գտնվող մի շարք այլ ընկերություններ նույնպես բավարար հիմքեր ունեին վերեւի հորիզոնականներում հայտնվելու համար: Դրանք ե՛ւ «Արաքս» ու Լուսակերտի թռչնաֆաբրիկաներն են, ե՛ւ Երեւանի ալրաղացն է, ե՛ւ «Թամարա» ու պաղպաղակի արտադրության մյուս ընկերությունները, ե՛ւ «Ջերմուկ գրուպն» է, որն ընդամենը 26 հազար դրամ է հարկ վճարել 6 ամսվա ընթացքում, ե՛ւ Երեւանի ոսկերչական գործարանըՙ 21 հազար դրամ հարկային պարտականություններով, ե՛ւ շատ ուրիշներ, որոնք գտնվում են կամ անգամ չեն գտնվում այդ ցանկում: Սակայն պատկերն այս ընկերությունների հարկային վճարումների առումով մտահոգիչ է:
Դատելով վերոնշյալից, ակնհայտ է դառնում, որ հարկային մուտքերի ավելացման բավականին լուրջ հնարավորություններ կան եւ պատահական չէ, որ Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի կառավարության առջեւ դրված կարեւորագույն խնդիրներից է համարել հենց այս հանգամանքը, շեշտելով համախառն ներքին արդյունքի նկատմամբ հարկերի հավաքման խիստ ցածր տոկոսը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ