Հեռախոսի աղմուկը խանգարեց ընթերցանությունս, որ աղանդավորական գրականության եւ հոգեորսության մեթոդոլոգիայի մասին էր: Զանգողը հեռավոր մի ծանոթ էր, որից լուր չունեի մոտ տասը ամիս:
Քանի որ մինչ զանգը կարդում էի աղանդավոր մարդու հոգեբանական նկարագրի մասին, Վարոսի (անունը փոխված է նրա իսկ անվտանգության համար) տարտամ ձայնը մի կատակ-հարց ծնեց.
«Աղանդավորի պես ես խոսում, ի՞նչ է, դո՞ւ էլ...»: Պատասխանն ապշեցնող էր. «Մենք աղանդ չենք, է, մենք Աստծո խոսքն ենք...»: Հասկացա, որ պարտվել եմ, դեռ տասը ամիս առաջ...
Նախորդ անգամ Վարոսը զանգել էր մի անպատեհ ժամի: Ես ջերմություն ունեի եւ քանի որ չէի կարող զրուցել, կարճ կապեցի, չնայած հասկացել էի, որ նա սրտակից զրուցընկեր է փնտրում մելամաղձոտ տրամադրությունը ցրելու համար: Դրանից առժամանակ անց նա դարձել էր «Կյանքի խոսք» աղանդի անդամ: Իսկ հիմա դանդաղ ու կցկտուր խոսքով պատմում է, որ շաբաթ-կիրակի օրերին իր կազմակերպության անդամները վարձում են համալիրի մեծ դահլիճը, ուր «ծառայությունների» են գնում, լեզվախոսությամբ են զբաղվում, աղոթում են, գումար են հավաքում, «գիտե՞ս ինչ ծախսեր են պահանջվում այդ դահլիճի վարձակալության համար»: Տեսնես մշակույթի նախարարութունը գիտի՞ այդ ծախսերի եւ կասկածելի այդ հավաքույթների մասին, թե՞ միայն ես էի «վերջից առաջինը»:
Վարոսի միտքն ու խոսքը կարծես աղճատված էր, անընդհատ ասում էր. «Հույսդ միայն Աստծու վրա դիր, մնացածը սուտ է: Ախր դու չգիտես, թե ինչքան է Աստված քեզ սիրում, չգիտես, չգիտես...»: Զարմանալի է, որ աշխատանքը չէր թողել: Միաժամանակ ուրախալի էր լսել, որ այլեւս «լեւի» չի գնում, չի ծխում, չի խմում, սակայն կինն անգամ անհանգստանում է «հրեշտակ դարձած» ամուսնու շատախոսությունից, այն էլ միայն հավատքի թեմաներից:
Հիշեցի, որ նախորդ օրն էլ «Երկիր մեդիա»-ն էր ցույց տալիս, թե ինչպես էր «Կենաց խոսք» աղանդը «բարեգործություն» անում աղքատներին: Ի դեպ, դա զուտ գովազդային ֆիլմ էր, այնինչ այդ հեռուստաընկերությունը սովորաբար աչք է զարկում աղանդավորների նկատմամբ ամուր կեցվածքով: Պարզ ասվեց, որ Հայաստանում այս աղանդի կազմակերպիչների շնորհիվ անտուն եւ անօթեւան երեխաները մանկատներից անգամ ծնողների միջոցով հետ են բերվում եւ հանձնվում կազմակերպության անդամների ընտանիքներին, որտեղ նրանք, բնականաբար, շրջապատվում են հոգատարությամբ, ինչպես հայի յուրաքանչյուր ընտանիքում: Բնական է նաեւ այն, որ աղանդավորական ուսմունքին հարող ընտանիքներում այդ երեխաները եւս կդառնան «Կյանքի խոսքի» անդամներ:
Ի դեպ, հոգեգալստական շարժման յուրահատկություններով հայտնի այս աղանդը մի անգամ էլ հանդիպեց ինձ շուկայում վաճառողի տեսքով, իսկ ամենաուշագրավը մի երիտասարդ էր, որը ժամանակին ծեծելով մեր տան դուռըՙ բարեւներ եւ «նվեր գրականություն» էր ուզում փոխանցել ինձ... Երբ իմացավ, որ բախել է Հայ առաքելական եկեղեցու հավատավորի դուռը, նա ուղղակի փախավ: Իսկ այժմ իմ վաղեմի ծանոթը հեռախոսակապի մյուս ծայրից «բացատրում է» իրենց կազմակերպության հմայքները, երկրային կյանքի անիմաստությունն ու դատարկությունը:
Մոլորություններն ու մոլությունները մեր ժամանակներում տարբեր են, մեկը մարմնական զեխությունների սիրահար է, մեկը` մեքենաների, մյուսը` գարեջրի, երրորդը` ինտերնետի կամ խմիչքի գերին է: Մեր հասարակությունը կամաց-կամաց վերածվում է տարբեր խոտելի մոլությունների պատճառով բաժան- բաժան եղած պակասավոր խմբերի կույտի, որին տիրել ու կառավարել չցանկացողը պիտի պարզապես հիմար համարվի:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ