«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#135, 2005-07-22 | #136, 2005-07-23 | #137, 2005-07-26


ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԹԻ ԱՐՁԱՆՆ ԷԼԻ ԱՅՐՎԱԾ ԽՈՏԵՐՈՎ ՈՒ ԱՂԲՈՎ Է ՇՐՋԱՊԱՏՎԱԾ

«Սասունցի Դավիթ» կայարանամերձ հրապարակի փնթի ու անխնամ վիճակի մասին հարկադրված ենք գրել ամեն տարի, այս տարի առավել եւս, որովհետեւ արդեն մեկ շաբաթից ավելի ջրավազանը լցվել է ջրով, որի երեսին, հատկապես երեկոյան ժամերին, լող են տալիս տարածքի սննդի տոնավաճառից քամու թռցրած տոպրակներն ու թղթերը, իսկ ցերեկըՙ ամռան սաստկացող շոգին չդիմացող երեխաները: Ջրավազանը վերականգնելու գաղափարն, իհարկե գովելի է, սակայն առանց շրջապատի մաքրության հարցը լուծելու դրա գոյությունը դառնում է անօգուտ ու նաեւ վտանգավոր երեխաների առողջության համար: Իսկ «Սասունցի Դավթի» արձանի շուրջը ծաղկապատելը, պարզվում է, ծանրագույն խնդիր է Էրեբունի թաղապետարանի համար, որը գերազանցապես զբաղված է քաղաքապետարանից մայթեզրերին եւ բակերում առեւտրի նոր օբյեկտներ բացելու թույլտվություն ստանալով: Մեկ ամիս առաջ թվաց, թե տարածքը մաքրվում է եւ շուտով կծաղկապատվի, սակայն առ այսօր արեւից խանձված խոտերից ու աղբից բացի այլ բան չի երեւում:

Կայարանամերձ հրապարակը գորշությունից չի ազատվի, քանի դեռ չի լուծվել նախկին «Սասունցի Դավիթ» կինոթատրոնի տեղում արդեն մի ամբողջ հավերժություն կանգնած կիսակառույց հյուրանոցի հետագա ճակատագիրը: Մի քանի այլ կիսակառույց շինությունների հետ այս տարի քաղաքապետարանում քննարկվել է նաեւ այս կիսակառույցը վերջնական տեսքի բերելու հարցը, սակայն դեռ սայլը տեղից չի շարժվում, քանի որ նախագծի հետ կապված որոշ հարցեր հստակեցված չեն սեփականատիրոջ հետ:

Մեր քաղաքի եւ առհասարակ հանրապետության կիսակառույց եւ ամայի շինությունների պես այս կառույցի որոշ հատվածներից սոսկալի գարշահոտություն է փչում, կողքով պատահաբար անցնելիս ստիպված ես փակել քիթդ, քանի որ դրանք վաղուց վերածվել են հասարակական զուգարանների:

Թվում էր, թե այս տարի ի վերջո պիտի լուծվեր այս տարածքի բարեկարգման հարցը, եւ մոտակա շենքերի բնակիչներն ու մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանից օգտվողներն այլեւս պիտի ազատվեին ամենօրյա տհաճությունից, բայց արդեն իսկ ակնհայտ է, որ 10 տարուց ավելի տեւած ձգձգումը մեկ տարով էլ է ավելանում:

Հետաքրքրական է, մյուս տարի է՞լ ենք ստիպված լինելու անդրադառնալ կայարանամերձ հրապարակի անխնամ ու աղտոտ վիճակին, թե՞ այդ հարցերը կարելի է լուծել այս տարվանից: Չէ՞ որ դեռ այնքան էլ ուշ չէ:

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4