«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#135, 2005-07-22 | #136, 2005-07-23 | #137, 2005-07-26


ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԷԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հուլիսի 25-ին Երեւանի Կենտրոն եւ նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում` դատավոր Պարգեւ Օհանյանի նախագահությամբ, սկսվեց ՀՀ մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց սպանության փորձի նախապատրաստության հատկանիշներով գործի դատաքննությունը: Գործով միակ ամբաստանյալը` Գագիկ Գրիգորյանը իրեն մեղավոր ճանաչեց առաջադրված մեղադրանքում եւ խնդրեց որպես հիմք ընդունել, մասնավորապես, նախաքննության ժամանակ տրված իր երկու ցուցմունքները:

Ըստ մեղադրական եզրակացության, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանն (Խուճուճ Էդո) ու նրա ընկեր Գագիկ Գրիգորյանը 100 հազար դոլար են խոստացել Արտաշատի բնակիչ Միշա Խուդավերդյանին («Կծան Միշա» մականունով), որի դիմաց վերջինս պետք է Խոսրովի անտառում ականի վրա պայթեցներ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, նախարարներ Սերժ Սարգսյանին, Անդրանիկ Մանուկյանին, Հովիկ Աբրահամյանին, գործարար Գագիկ Ծառուկյանին, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին, իսկ Արտաշատում էլ 2004 թ. հոկտեմբերի 22-ին բերքի տոնի ժամանակ` հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Գործով վկա Է. Մադաթյանի եղբայրը` Գրիգոր Մադաթյանը Գագիկ Գրիգորյանի եւ Միշա Խուդավերդյանի շվումներին զուտ տնտեսական բնույթ վերագրեց: Ըստ նրա, Միշա Խուդավերդյանը 10 հազար ԱՄՆ դոլար գումար էր վերցրել Գ. Գրիգորյանից համատեղ անասնապահական ֆերմա ստեղծելու նպատակով: Ըստ գործի նյութերի, Է. Մադաթյանից վերցված գումարը Գագիկ Գրիգորյանը տվել է Մ. Խուդավերդյանին սպանության իրականացման համար անհրաժեշտ ական գնելու համար:

Է. Մադաթյանը հետախուզման մեջ է, իսկ Մ. Խուդավերդյանը, որը 2004 թ. նոյեմբերի 9-ին ներկայացել է ոստիկանություն եւ հայտնել նախապատրաստվող հանցագործության մասին, գործով անցնում է որպես վկա:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4