«Ահաբեկչի» ազգանուն փոխելը քրեորեն պատժելի է, բայց տեղավորվում է «խաղի» կանոնների մեջ
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
Արեւմուտքը, մասնավորապես Մ. Նահանգները, Վրաստանի միջոցով վերջին ամիսներին տանում է Ռուսաստանին եւ Հայաստանին վարկաբեկելու կեղտոտ խաղ: Իրադարձությունների ընթացքը ցույց է տալիս, որ առաջնայինը Ռուսաստանին Կովկասում վարկաբեկելն է, իսկ Հայաստանին ինչ-որ կերպ վախեցնելը, որպեսզի վերջինս ավելի զգույշ լինի Մոսկվայի հետ ռազմական համագործակցության հարաբերություններում: Վարկաբեկման եւ վախեցման համար ընտրվում է ամերիկացիների համար «սիրելի» ահաբեկչությունը, որի դեմ պայքարի քողի տակ նրանք իրենց ազդեցությունն են հաստատում կամ ամրապնդում այն տարածաշրջաններում, որոնք ավանդաբար եղել են ռուսական ռազմական ազդեցության ոլորտում:
Այս տարվա մարտի 15-ին Մ. Նահանգների իշխանությունները ձերբակալեցին 18 հոգանոց մի խումբ, որին մեղադրում են ռուսական արտադրության զենք եւ զինամթերք ապօրինի ճանապարհով ԱՄՆ ներկրելու փորձի մեջ: Մի քանի օր շարունակ ամերիկյան ազդեցիկ թերթերըՙ գլխավորությամբ «Նյու Յորք թայմսի», գրեցին, որ հանցախումբը գլխավորել է Հայաստանի քաղաքացի Արթուր Սոլոմոնյանը: Ամերիկյան մամուլում նշվում էր, որ զենքերը նախատեսված էին ահաբեկչական «Ալ Ղաիդա» կազմակերպության համար, անգամ հաղորդվում էր, թե մաքսանենգները պատրաստ են եղել հարստացված ուրան ձեռք բերել, ինչը կարելի է օգտագործել Նյու Յորքի մետրոյում պայթեցումների համար: Այս ուռճացված, շատ դեպքերում անհեթեթ թվացող պատմության մեջ անընդհատ ակնարկվում էին ռուսական մաֆիայի, Հայաստանում եւ Վրաստանում ռուսական ռազմակայանների անունները:
Ընդամենը մի քանի օր անց, երբ արդեն համաշխարհային լրատվամիջոցներով վարկաբեկվել էր Հայաստանի անունը, Երեւանում ԱՄՆ ՀԴԲ հատուկ գործակալ Բրայան Պարմանը փաստեց, որ Հայաստանից երբեւիցե որեւէ տեսակի զենք չի տեղափոխվել ԱՄՆ: Սա, անշուշտ, չէր կարող լինել սփոփանք, քանի որ հասարակական գիտակցության վրա ազդեցություն թողնում են առաջին հաղորդագրությունները, որոնք ակնհայտորեն սադրիչ էին եւ հակահայ: Հունիսի 23-ին ԱՄՆ զենք ներկրելու փորձի մեջ մեղադրվող 18 անձանց դատավարությունը հետաձգվեց մինչեւ հոկտեմբեր, քանի որ պետական մեղադրողները չկարողացան նախապես խոստացված փաստերը ներկայացնել մեղադրյալների դեմ:
Մայիսի 10-ին Թբիլիսիում նախագահ Բուշի դեմ նռնակ նետելու կասկածանքով մի քանի օր առաջ ձերբակալվեց Թբիլիսիի 27-ամյա բնակիչ Վլադիմիր Արուտյունովը: Առաջին հաղորդագրություններում պաշտոնական Թբիլիսին թույլ տվեց «փնթիություն»ՙ ենթադրյալ ահաբեկչի անուն, ազգանունը շրջանառության մեջ դնելով այնպես, ինչպես իրականում կա: Մի քանի ժամ անց Արուտյունովը դարձավ Հարությունյանՙ ընդգծելու նրա հայկական ծագումը:
«Ահաբեկչի» անուն-ազգանուն փոխելը քրեորեն պատժելի է, սակայն այս դեպքում տեղավորվում է ընդհանուր խաղի կանոնների մեջ: Եթե մայիսի 11-13-ի ամերիկյան եւ վրացական պաշտոնական հաղորդագրության մեջ չէր նշվում «ահաբեկչի» անունը, ապա հստակ ակնարկվում էր, որ չպայթած նռնակը կարող էր լինել հայկական արտադրության, ձեռք բերված լինել Ախալքալաքի ռուսական ռազմակայանից: Այս օրերին վրաց ուժային կառույցների ղեկավարներն ակնարկներ են անում, որ Արուտյունովը կարող է Վրաստանից դուրս կապեր ունեցած լինել: Չպետք է բացառել, որ փորձ արվի այդ կապերը գտնելու Ռուսաստանում, Հայաստանում կամ Հայաստանի եւ Վրաստանի ռուսական ռազմակայաններում:
Թե ինչպես է 27-ամյա Արուտյունովին հաջողվել նռնակը ձեռքին մինչեւ 30 մ մոտենալ Բուշին եւ Սաակաշվիլուն, մնում է անհասկանալիՙ հաշվի առնելով անվտանգության աննախադեպ միջոցառումները, որ ԱՄՆ նախագահի այցի ընթացքում կիրառվում էին Վրաստանի մայրաքաղաքում: Չպետք է բացառել, որ Արուտյունովը կատարած լինի վրացական իշխանությունների պատվերը եւ բոլորովին էլ չի բացառվում, որ նա դատվի ոչ թե ահաբեկչության փորձի, այլ Վրաստանի ՆԳՆ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Զուրաբ Կվլիվիձեին սպանելու համար:
Մի քանի տարի առաջ, երբ վրացական մամուլում ընդդիմության առաջնորդներից Միխայիլ Սաակաշվիլուն վարկաբեկելու նպատակով հայ էին անվանում, վերջինս թերթերում հրապարակում էր իր գերդաստանի տոհմածառը: Բավական էր հանգուցյալ Զուրաբ Ժվանիան հպարտությամբ նշեր, որ իր մայրը հայ է, վրացական պետական լրատվամիջոցները հակահայ քարոզչություն էին սկսում: Սակայն այսօր վրացական իշխանությունները, որոնք ուղղակի ղեկավարվում են Մ. Նահանգներից, իրենք են հայկական գործոնն օգտագործում բացասաբար: Վրացական այսօրվա իշխանությունները, որոնք առիթը բաց չեն թողնում խոսելու ԵՄ-ին անդամակցելու մասին, մոռանում են, որ ԵՄ-ում կարեւորագույն չափանիշներից է բազմազանությունը: Հետեւաբար հանցագործի կրոնը կամ ազգությունն անընդհատ շեշտելն անհանդուրժելի է, կարեւորը հանցագործի քաղաքացիությունն է:
Մարտի 15-ի եւ մայիսի 10-ի դեպքերը Կովկասում Ռուսաստանի դեմ իրականացված խաղի երկու կարեւորագույն օղակներն են: Այս ժամանակահատվածում տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք եւս տեղավորվում են Ռուսաստանին Կովկասում վարկաբեկելու, ռուսական ռազմական ներկայությունը որպես ապակայունացման գործոն ներկայացնելու ամերիկյան քաղաքականությունում: Վրաստանի հայահոծ շրջաններն այս կամ այն կերպ շարունակում են մնալ ռուսական ազդեցության ոլորտում, եւ այստեղ կատարվող իրադարձությունները եւս ուշագրավ են:
Նախ Ծալկայի շրջանում տեղակայվում են վրացական ՆԳՆ հատուկ ստորաբաժանումներՙ իբր տեղի հայերի եւ եկվոր սվանների միջեւ հավանական բախումները կանխելու նպատակով: Իրադարձությունների ընթացքը ցույց է տալիս, որ վրաց օրինապահները հիմնականում զբաղվում են տեղի հայ բնակչությանը ֆիզիկապես եւ բարոյապես ջարդելու գործով: Հարբած օրինապահները դաժանաբար ծեծում են Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավոր Հայկ Մելտոնյանին եւ 30 տեղացի հայերի, ապա մի քանի օր անց կրակահերթ բացում 25-ամյա մեկ այլ հայ երիտասարդի վրա: Ջավախքի հայաբնակ Սամսար գյուղ է ժամանում մի «արշավախումբ»ՙ իբր տեղի վրացական (իրականումՙ հայկական) եկեղեցին բարեկարգելու: Պարզվում է, որ նրանց նպատակը ոչ թե հայկական եկեղեցու շրջակայքը մաքրելն է, այլ խաչքարեր ջարդելը: Պատասխանը չուշացավՙ տեղացիները ծեծեցին Թբիլիսիից եկած «հյուրերին», ապա Ախալքալաքում ջարդուփշուր արեցին տեղի վրացական դպրոցի պատուհանները:
Այս վերջին իրադարձությունը կարեւոր է հասարակական կարծիքը շոշափելու առումովՙ ջավախահայությունը կարողանո՞ւմ է պահել ամրությունը: Առայժմՙ այո: Թե հետագայում ի՞նչ կլինի ավանդաբար ռուսամետ համարվող Ջավախքումՙ կանխատեսել դժվար է: Սակայն ակնհայտ է մեկ բանՙ Ջավախքում յուրաքանչյուր սադրանք հարվածում է Հայաստանի շահերին: Ռուսաստանը, որն այս տարածաշրջանում ռազմական ներկայություն ունի 1830 թ., ԱՄՆ-ի ճնշման տակ ընդամենը մի քանի տարի հետո կհեռանա: Բայց ինչպե՞ս կհեռանա: Այս հարցը եւ պատասխանը շատ կարեւոր են: Չի բացառվում, որ ռուսները վերջին ցավը պատճառեն վրացիներին, եւ դա արվի ջավախահայության միջոցով: Այնպես որ, Ռուսաստանն Անդրկովկասում կորցնելու այնքան էլ շատ բան չունի, որովհետեւ արդեն գրեթե կորցրել է, բացի այդ, ինքը խնդիր ունիՙ ազդեցությունը պահպանել ռուսական Հյուսիսային Կովկասում:
Ամենաբարդ վիճակում կարող է հայտնվել Հայաստանըՙ անկախ իր կամքից ներքաշվելով հակամարտության մեջ: ԽՍՀՄ ապամոնտաժումը դեռեւս վերջնականապես ավարտված չէ, հետեւաբար Երեւանը պետք է անի հնարավորըՙ չհայտնվելու ռուսական վերջին փլատակների տակ: