«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#136, 2005-07-23 | #137, 2005-07-26 | #138, 2005-07-27


ԹԵՀՐԱՆՆ ՈՒ ԿԻԵՎԸ

Հայաստանին առաջարկում են մասնակցել Իրանից Ուկրաինա գազի արտահանման նախագծին

Հուլիսի 25-ին Թեհրանում Իրանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները ստորագրել են հուշագիր, որում առաջարկում են Հայաստանին մասնակցել Իրանից Ուկրաինա գազատարի ուսումնասիրության, նախագծման եւ շինարարության հարցերով հնգակողմ հանձնաժողովի աշխատանքին: Ըստ «Մեդիամաքսի», Իրանի նավթի փոխնախարար Մոհամմադ Նադի Նեջադ-Հոսենյանը հայտարարել է, որ Ուկրաինան շահագրգռված է իր ներքին կարիքների համար տարեկան 20-30 մլրդ խմ գազի ներմուծման հարցում: «Երկու կողմերն առաջարկել են Հայաստանին, Վրաստանին եւ Ռուսաստանին ձեւավորել հնգակողմ հանձնաժողովՙ Իրանից Ուկրաինա գազատարի նախագծման ու շինարարության հարցերի ուսումնասիրության համար», ասել է նա:

«Ազատությունն» իր հերթին հավելում է, որ թեհրանյան բանակցություններում Կիեւն առաջարկել է դեպի Եվրոպա իրանական գազի արտահանման երկու տարբերակ, որոնք երկուսն էլ անցնում են Հայաստանովՙ Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան-Ուկրաինա-Եվրոպա եւ Իրան-Հայաստան-Վրաստան-Սեւ ծով-Ուկրաինա-Եվրոպա: Ուկրաինայի էներգետիկայի փոխնախարար Ալեքսեյ Իվչենկոն ասել է, որ փորձագետների մակարդակով մշակվել են իրանական գազի արտահանման մի քանի տարբերակներՙ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ Սեւ ծովի տարածքով: «1,5 ամսվա ընթացքում փորձագետները պետք է հաշվարկեն ծախսերը եւ այդ նախագծերից ընտրեն ամենաընդունելի տարբերակը», ասել է նա:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4