Մոսկվայում մեր թղթակից Ռուբեն Հայրապետյանը դարձյալ Երեւանում է, ինչպես ամեն տարիՙ արձակուրդն անցկացնելու հայրենի Շամշադինում: Արդեն 30 տարուց ավելի Ռուսաստանի մայրաքաղաքում բնակվող լրագրողը մոտիկից է հետեւում ռուսաստանյան քաղաքական կյանքին, եւ նրա դիտարկումները միշտ էլ հետաքրքրական են մեր ընթերցողների համար: Ստորեւՙ «Ազգ»-ի խմբագրի հարցազրույցը Ռ. Հայրապետյանի հետ:
- Մեկ տարի հետո կրկին հանդիպում ենք: Ի՞նչ է փոխվել Ռուսաստանում:
- Գրեթե ոչինչ: Կյանքը շարունակում է թանկանալ:
- Իսկ քաղաքական ասպարեզո՞ւմ:
- Վերջնականապես հօդս են ցնդել այն հույսերը, որ իր նախագահական երկրորդ ժամկետում Պուտինը, ձերբազատվելով ելցինյան «ընտանիքի» կապանքներից, կգործի նախահարձակ ու նպատակասլացՙ հօգուտ պետության ու ժողովրդի: Մինչդեռ Ռուսաստանը դիրք-դիրքի հետեւից է կորցնում: Տարօրինակ բաներ են տեղի ունենում. փոքրիկ Վրաստանի նախագահը գրեթե մատ է թափ տալիս հսկա տերության վրա եւ... արդյունքի հասնում: Հետո էլ հրավիրում է Կախեթիա... գինի խմելու: Այն տպավորությունն է ստեղծվում, որ Պուտինը կա՛մ հոգնել է իշխանությունից, կա՛մ այն հասու չէ նրան, կա՛մ էլ վստահ է, որ միեւնույն է, իր համար ապահովված է գահակալական երրորդ ժամկետը:
- Բայց նրա ռեյտինգը շարունակո՞ւմ է մնալ բարձր:
- Եթե նկատի ունենանք, որ կառավարության ու Դումայի ռեյտինգը ամենատխուրն է, ապա հատկապես այդ ֆոնի վրա Պուտինը ժողովրդի աչքում չարիքի փոքրագույնն է: Հեռուստաէկրանին, համաձայնիր, նա շատ համակրելի է, նույնիսկ քաղաքագետի համար եզակի ամաչկոտություն ունի: Բայց ինձ դուր է գալիս ռուսական թերթերից մեկի սրամիտ, բազմիմաստ մի արտահայտությունըՙ Պուտինը համբերության նախագահ է, ժողովուրդը նրան հանդուրժում է, որովհետեւ ավելի լավը չի տեսել վերջին երկու դարում. սադիստ չէ, վոլյունտարիստ չէ, պոռոտախոս չէ, տհաս չէՙ հիվանդությունից թե առաջացած տարիքից: Հասկանում ես, թե ինչ նկատի ունեմ: Պուտինի շրջապատում չկա ոչ մի վառ անհատականություն, չի բացառվումՙ նրա իսկ ջանքերի շնորհիվ: Եվ հավանաբար չի էլ լինի մինչեւ ընտրությունները: Բնավ էլ պատահական չեն այն խոսակցությունները, թե նա հետագայում կարող է լինել վարչապետ, պառլամենտի վերին կամ ստորին պալատի նախագահ, ռուս-բելառուսական «նոր» պետության ղեկավար եւ այլն:
- Բայց «համբերության նախագահը» կարո՞ղ է լինել ազգի լիդեր:
- Որպես այդպիսին նա արդեն չի էլ ընկալվում: Ղեկավարն ու լիդերը, իրոք, տարբեր հասկացություններ են:
- Իսկ ներսում ինչպիսի՞ն է վերաբերմունքը նրա արտաքին քաղաքականության նկատմամբ:
- Այդ ասպարեզն արտաքնապես շքեղափայլ է: Բայց ինչ ներքին էության մասին կարելի է խոսել, երբ, օրինակ, ամերիկացիներն արդեն թաթը դրել են ողջ հետխորհրդային տարածքի վրա, որ ավանդաբար գտնվել է Ռուսաստանի ազդեցության ոլորտում: Սուր աչք պետք չէ ունենալ նկատելու, որ Պուտինն առհասարակ վճռական մարդ չէ, իր ինքնուրույն սկզբունքային քաղաքականությունը չի վարում, անընդհատ հայացք է գցում Արեւմուտքին, հատկապես ԱՄՆ-ին: Երեւի ճշմարիտ բան կա ռուսական նացիոնալիստական մամուլի այն պնդումներում, որ Պուտինի շրջապատում շատ են մարդիկ, որոնք անմիջական հրահանգներ են ստանում «վաշինգտոնյան մարզկոմից»: Գեներալ Կորժակովն իր գրքում նկարագրում է մի դրվագ, թե ինչպես էին ամերիկացիները Ելցինին պարտադրում արտգործնախարարի պաշտոնում թողնել իրենց դրածո Անդրեյ Կոզիրեւին: Ըստ երեւույթին շատ բան չի փոխվել: Թվում էՙ էլ ի՞նչ չարիք պիտի բերի Ռուսաստանին Չուբայսը, որպեսզի գոնե պաշտոնանկ արվի: Բայց գլխով շատ ամպեր են անցնում, իսկ նա մնում է անսասան, որովհետեւ արտահայտում է «համաշխարհային կառավարության» շահերը:
- Ներկայիս ամենահանրաճանաչ հարցըՙ Ռուսաստանում կարելի՞ է ակնկալել որեւէ գույնի հեղափոխություն:
- «Գլխավոր էլեկտրիկին» համեմունք չդարձնենք, բայց «Ռոդինա» կուսակցության լիդեր Դմիտրի Ռոգոզինի կարծիքով, ռուսական հեղափոխությունը կլինի «չուբայսագույն» (ՐօՋօռ): Իսկ եթե ավելի լուրջ, ապա դա այն հարցն է, որ գրեթե ամեն օր շոշափվում է ռուսաստանյան ԶԼՄ-ներում եւ որի դրական ու բացասական պատասխանները հաջորդում են իրար: Պուտինյան վերնախավի կողմից հավատարմագրված քաղաքագետների տեխնոլոգիաներն այնպիսի անփառունակ պարտություններ կրեցին հատկապես Վրաստանում եւ Ուկրաինայում, որ նրանց կանխատեսումներին դժվար է հավատալ: Սուբյեկտիվ են նաեւ Պուտինի հակառակորդները: Հանրահայտ է, որ հեղափոխություններն առաջին հերթին լարվածության հետեւանք են. արտաքին միջամտությունը կարող է սոսկ խթանել գործընթացը: Ռուսաստանում դժգոհությունը մեծ է, բայց դժվար է ասել, թե ինչը կարող է խաթարել ռուս ժողովրդի համայն ապատիան իշխանության նկատմամբ: Գիտե՞ս ինչն է ապշեցնում. ռուսների մեջ անհրաժեշտ արձագանք չի գտնում նույնիսկ այնպիսի մի ամենակուլ վարակ, ինչպիսին նացիոնալիզմն է: Թվում է, ազգը սարի պես պիտի կանգնի Ռոգոզինի թիկունքին, որն անթաքույց փորձում է արտահայտել հենց ռուս ժողովրդի շահերը (նրա հիմնական թեզերից մեկն այն է, որ երկրի կառավարման մարմիններում ռուսները համամասնաբար պիտի կազմեն գերակշիռ մեծամասնություն): Բայց ո՜ւր է:
- Գուցե Պուտինին հեղափոխությունից փրկում է նրա, քո ասած, ամենահաճ քաղաքականությունը:
- Շեւարդնաձեն, հակամերիկյա՞ն էր, թե՞ ռուսամետ: Բայց դա էլ չօգնեց «սպիտակ աղվեսին»: Պուտինին փրկում է նավթը, ավելի ճիշտՙ դրա գինը: Առհասարակ այսօրվա միաբեւեռ աշխարհը նոր, անսովոր, ոչ ստանդարտ մոտեցումներ է պահանջում, որին Ռուսաստանը պատրաստ չէ: Եվ ոչ միայն Ռուսաստանը: Նույնիսկ Եվրոմիությունը: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ի համար Վրաստանի, Ուկրաինայի, Ղրղզստանի իրադարձությունները յուրօրինակ անմեղ խաղեր էին. ամենահամեղ պատառը Ռուսաստանն է իր անծայրածիր տարածքով, գերհարուստ բնական պաշարներով, նվազող ազգաբնակչությամբ: Առայժմ ամերիկացիները հազիվ թե դժգոհ լինեն Պուտինից (ամենակարեւորըՙ նա վերահսկելի է): Բայց եւ մյուս կողմից նրանց անհանգստացնում է երկրի կառավարման ցածր որակը: Հրեշավոր կոռուպցիայի եւ իշխող խավի հանցավոր անպատասխանատվության պայմաններում ո՞վ կարող է երաշխավորել, թե, օրինակ, միջուկային զենք չի վաճառվի որեւէ ահաբեկիչ պետության կամ ահաբեկիչների:
- Ադամովի գործը դրա՞ հետեւանքն է:
- Այդ թվում նաեւ: Կոռուպցիոները բոլոր պարագաներում խոցելի բյուրոկրատ է, իսկ այստեղ եթե նաեւ ավելացնենք, որ Ադամովի նմանների գռփած հարստությունը հիմնականում հանգրվանում է Արեւմուտքում, ապա շանտաժի ենթարկվելու հավանականությունը բազմապատկվում է: Խոսակցությունները, թե ամերիկացիներն ուզում են վերահսկել Ռուսաստանի միջուկային զինապաշարները, հենց այնպես չեն ծագում (երկրի ատոմային էներգիայի նախարարը կաշառակեր է ու խաբեբա): Կարելի է չկասկածել, որ Իրանիՙ միջուկային տերություն դառնալու հեռանկարը վախեցնում է ոչ այնքան ԱՄՆ-ին, որքան Իսրայելին:
- Հաջորդ ընտրություններում եթե ոչ Պուտինը, ապա ո՞վ կարող է հավակնել ռուսաց գահին:
- Առջեւում երկու տարի կա, եւ ամեն ինչ կարող է կտրուկ փոխվել: Պուտինականները, հատկապես ուժային համակարգի ներկայացուցիչներն արդեն ակտիվորեն գործում են «շեֆին» պահելու համար: Հիմա, նայեք, ամերիկացիներն արդեն ընտրել են իրենց թեկնածուինՙ նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովին: Եվ այսօր նրա դեմ քրեական գործ է հարուցվել: Եթե Ելցինի ժամանակ Արեւմուտքին վախեցնում էին կոմունիզմի ուրվականով, այժմ այդ թեման հնացած է, եւ Կրեմլը հրեաների միջոցով շահարկում է «անտիսեմիտիզմի», «ռուսական ֆաշիզմի» գաղափարը (տեսե՛ք, ովքե՜ր կգան իշխանության գլուխ): Թերթերը կռահում են, որ եթե ոչ ինքը, Պուտինը կուզենար գահին տեսնել իր անձնական ընկերոջըՙ պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովին: Բայց շատ «անպաշտպան» են վերջինիս բանակային բարեփոխումների արդյունքները: Վերջին շրջանում շատ է հիշատակվում հարավային տարածաշրջանում նախագահի ներկայացուցիչ Դմիտրի Կոզակի անունը: Կփորձեն թեկնածու առաջադրել ռուսական նացիոնալիստական-հայրենասիրական ուժերը: Սրանց թույլ կողմն այն է, որ ռուսների մեջ, թող կոպիտ չհնչի, գրեթե բացակայում է էթնիկական համերաշխության ոգին, զգացումը: Հիշենք, պառլամենտական ընտրություններում «Ռոդինա» դաշինքն ապահովեց 12 տոկոս, բայց այդ հաղթանակից հետո անմիջապես գզվռտոց սկսվեց նրա լիդերներիՙ Ռոգոզինի, Գլազեւի, Բաբուրինի միջեւ, որը շարունակվում է առ այսօր: Այդ միջավայրում (ազգայնական) շատ կենսունակ են պրովոկատորները, զանազան ինքնասեր անձինք:
- Լավ, ինչպես միշտ, դառնանք մեր ոչխարներին: Հայաստանը որեւէ ձեւով երեւո՞ւմ է Ռուսաստանի քաղաքական երկնակամարում:
- Երկիր Նաիրին գրեթե անհետացել է Ռուսաստանի լրատվական ասպարեզիցՙ մամուլից, հեռուստատեսությունից: Ո՜վ ասես խոսակցության առարկա չէ, իսկ Հայաստանին հիշում են դեպքից-դեպք, այն էլ ավելի շատ բացասական իրադարձությունների առնչությամբ: Ընդ որում, քիչ են գրում ոչ միայն Ռուսաստանում, այլեւ նրա մասինՙ բուն Հայաստանից, ինչի կարիքն ունի ռուսահայությունը: Առաջ մոսկովյան շատ հրատարակություններ Երեւանում ունեին իրենց ներկայացուցիչները: Բաքվեցի լրագրողներն, օրինակ, «Նեզավիսիմայա գազետայում» ամեն շաբաթ մի քանի նյութ են հրապարակում իրենց երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին:
- Իսկ ինչպե՞ս է զգում իրեն նորահայտ սփյուռքը, որ, ցավոք, իր շարքերը համալրում է հայաստանցիներով:
- Ինչքան էլ ցավալի է ասել, արտագաղթը ոչ թե բարձրացրել, այլ գցել է մեր ժողովրդի հեղինակությունը Ռուսաստանում: Անշուշտ, ամեն մի ազգի դեմքը նրա մտավորականությունն է: Եվ եթե, ասենք, խորհրդային տարիներին մոսկվահայությունն աչքի էր ընկնում իր հիրավի բարձրակարգ մտավորական խավով, հանրահայտ անհատականություններով, ապա այսօր դրա կողքին հայտնվել են բանվորագյուղացիական դասակարգը, ամեն կարգի վաճառականներ, ապերոներ, զանազան արկածախնդիր մարդիկ, գող-ավազակներ եւ այլն: Համակովկասյան ցածրակարգության ստեղծված ընդհանուր մտայնության ֆոնի վրա մենք էլ ենք դադարում ընկալվել որպես բարձր մշակույթ ունեցող ազգ: Նշանավոր արտիստ Ռոդիոն Նահապետովի մասին հեռուստաֆիլմ էր ցուցադրվում, նշվեց, որ նրա հայրը հայ է, եւ ցույց տրվեց նրա «պատմական հայրենիքը». ի՞նչ ես կարծում, ի՞նչ:
- Գառնիի տաճա՞րը, Գեղա՞րդը:
- Երջանկատես մի հայ գյուղացի... էշի վրա նստած: Կատարյալ միջնադար: Հասարակական կարծիքի հարցումներում որպես հաճոյախոսություն է հնչում այն հետեւությունը, որ հայերը շինարար ժողովուրդ են (Ռուսաստանը լավ են կառուցում): Պետք է դասեր քաղել հրեաներից. ինչպես Սոլժենիցինն է ասում, հայտնվելով որեւէ երկրում, հրեաները գրավում են ազգային մտավորականության տեղը, նրան մղելով հետին պլան: Դրա փայլուն ապացույցը Ռուսաստանն է: Եթե Արա Աբրահամյանի նման հայասեր գործիչներ շատ լինեին, Ռուսաստանում պատկերը կփոխվեր տեղի ազգային միջավայրում:
- Մոսկվայից ուղարկած քո նյութերում հաճախ ես հիշատակում երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի այն խոսքերըՙ ասված Մոսկվայի հայ համայնքի հետ ունեցած հանդիպման ժամանակ, որ եթե հայերս դուրս չգանք գավառական պարփակվածությունից, ապա կընկնենք ներկայիս հույների օրը: Հայաստանում նկատելի՞ են փոփոխություններ:
- Նախՙ հույներն արդեն դուրս են գալիս իրենց ընդարմացած վիճակիցՙ արվեստ, սպորտ: Ինչ վերաբերում է հայրենյաց երկրին... Մի առումով ոչինչ չի փոխվում. ամենածանրը բարոյահոգեբանական մթնոլորտն է, համատարած դժգոհությունը սոցիալական անարդարությունից, կոռուպցիայից, անօրենությունից: Բոլոր խոսակցություններն սկսվում են էկզոտիկ անուններով կիսագրագետ (ժողովրդի կարծիքով) օլիգարխների փնովումներից, որից շնչահեղձ ես լինում, ինչքան էլ որ ըմբռնում դրսեւորես: Անեկդոտներն էլ նրանց մասին են, որ նույնպես չեն փրկում իրավիճակը:
Առհասարակ դժվար է հավատալ, որ երկու միլիոնանոց երկրում անկարելի է կարգուկանոն հաստատել: