Պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը երկուշաբթի օրվանից Գազայի հատվածում է եւ մտադիր է այնտեղ մնալ մինչեւ Իսրայելի միակողմանի տարանջատման ծրագրի ավարտը: Պաղեստինի ռադիոյին տված հարցազրույցում Աբբասն ասել է. «Ես Գազայում կմնամ մինչեւ իսրայելական զորքերի եւ հրեա վերաբնակների դուրսբերման գործողության ավարտը եւ կհետեւեմ դրա ընթացքին»:
Ֆրանսպրեսը մանրամասնում է, որ Աբբասը ստիպված է Գազայում մնալ միջազգային ուժեղ ճնշումների պատճառով, քանզի չի բացառվում, որ իսրայելցիների դուրսբերումն ուղեկցվի պաղեստինցի արմատականների «Համաս» եւ «Իսլամական ջիհադ» խմբավորումների նոր բռնարարքներով:
Միեւնույն ժամանակ Աբբասն Իսրայելից դրական պատասխան է ակնկալում Գազայի օդանավակայանի վերաբացման եւ Գազայի ու Այսրհորդանանի միջեւ ազատ երթեւեկի հաստատման հարցերի առնչությամբ: Շաբաթ օրը Ռամալլայում այդ մասին խոսվել է Աբբասի եւ ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի բանակցություններում:
Իսրայելի կառավարական աղբյուրներ վկայակոչելով, Ֆրանսպրեսը հաղորդում է, որ ներկայումս վերջնամշակվում է Գազայից իսրայելական զորքի եւ հրեա վերաբնակների դուրսբերման ծրագիրը: Տարհանման գործողությանը մասնակցելու են 60 հազար զինվոր եւ ոստիկան: Բանակի շտաբի հրահանգի համաձայն, գործողությունն սկսվելու է օգոստոսի կեսերին եւ տեւելու է ընդամենը 2-4 շաբաթ: