«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#136, 2005-07-23 | #137, 2005-07-26 | #138, 2005-07-27


1589 ԳԵՐԱԶԱՆՑ ԵՎ 1071 ԱՆԲԱՎԱՐԱՐ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 20-25-ը քննություն հանձնած 6 809 դիմորդներից 1589-ը ստացել է գերազանց, 1071-ըՙ անբավարար միավորներ: Ընդ որում, գերազանցներից 189-ը 20 միավորներն են, 666-ըՙ 19-19,9 եւ 734-ըՙ 18-18,9:

Ինչպես տեղեկացանք Հանրապետական ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Կարինե Գրիգորյանից, նշված օրերին բարձր միավորների ամենամեծ թվով առանձնանում է «Անգլերենի» գրավոր քննությունըՙ 356 գերազանց: Համապատասխանաբար, 313 եւ 332 գերազանցներ եղել են «Հայոց լեզվի» (1-ին եւ 2-րդ հանձնաժողովներ) քննություններից: Միայն մեկ գերազանց է եղել «Ստեղծագործական մրցույթ»-ից: Իսկ «Կենսաբանության», «Ընդհանուր պատմության», «Աշխարհագրության», «Ստեղծագործական մրցույթի», «Հայ ժողովրդի պատմության», «Քիմիայի» գրավոր, «Ռուսաց լեզվի», «Գերմաներենի» եւ «Հայոց լեզու, գրականության» բանավոր քննությունների ժամանակ մինչ այժմ 20 միավորներ ընդհանրապես չեն եղել:

Ամենաշատ անբավարար միավորներ ստացել են «Մաթեմատիկայի», «Ֆիզիկայի» եւ «Հայ ժողովրդի պատմության» քննություններից, համապատասխանաբար` 264, 195 եւ 129:

Միայն «Իսպաներենի» գրավոր քննությունից ոչ մի դիմորդ ութ միավորից ցածր չի ստացել:

Կ. Գրիգորյանի հաղորդմամբ, հուլիսի 20-23-ը Հանրապետական ընդունող հանձնաժողովին իրենց աշխատանքները բողոքարկման են ներկայացրել 293 դիմորդներ: Նրանցից 32-ի միավորները բարձրացվել են, մեկինըՙ իջեցվել, մյուսներինը մնացել են անփոփոխ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4