«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#136, 2005-07-23 | #137, 2005-07-26 | #138, 2005-07-27


ՓԱՄՈՒՔԻ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՏԱԽՏԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ Է

Լոնդոնյան «Սփեքթեյթր» պարբերականում Ֆիլիպ Մանսելն անդրադառնալով թուրք ամենաճանաչված հեղինակ Օրհան Փամուքի «Ստամբուլ: Հիշողություններ քաղաքից» (288 էջ, «Ֆաբեր եւ Ֆաբեր» հրատարակչատուն) գրքին, գրում է, որ դա ինքնաճանաչողական տեսակետից ավելի լուրջ աշխատանք է, քան Ազիզ Նեսինի «Ստամբուլցի տղան» ինքնակենսագրական վեպը:

Փամուքի համար, շարունակում է նա, 60-70-ականներին Ստամբուլում գերակշռում էր փլուզված կայսրության դառը հիշողությունը: «Մռայլ մթնոլորտ էր տիրում ամենուրեք», ըստ Փամուքի, որն անչափ կապված է եղել այդ քաղաքին, քանի որ «իրեն դարձրել է այն, ինչ նա է ներկայումս»: Նա սիրում է օսմանյան մշակույթը, որն «ազդվել էր արեւմտյան բարքերիցՙ առանց կորցնելու իր առանձնահատկությունն ու կենսունակությունը»: 70-ականների Ստամբուլը քաղաքական եւ սոցիալական համոզմունքների թատերաբեմ էր: Հետագայում անվստահությունը, անազնվությունն ու կեղծավորությունը սկսել են տարածվել քաղաքում, մարդիկ նույնիսկ պատեր են կառուցել խուսափելու համար հարեւանների հետ հարաբերություններից: Փամուքը ողբում է քաղաքի վերափոխումըՙ «հոգեկանը ճնշող եւ տեսարանները փակող» նորաշեն բնակարանային հսկաների, որտեղ ոչ ոք չգիտի ոչ մեկի մասին: Նրա ցավն ու ափսոսանքը քաղաքի անհետ կորած գեղեցկության վերաբերյալ է՛լ ավելի է զգալի դառնում հայազգի տաղանդավոր լուսանկարիչ Արա Գյուլերի նկարների շնորհիվ:

Գիրքն անգլերեն է հրատարակվել Մոտին Ֆրիլի թարգմանությամբ: Դրանում, ըստ գրախոսողի, հիմնական թեման կոսմոպոլիտիզմի կորուստն է: Փամուքը հիշում է 1955 թ.-ի հակահունական խռովությունները, մշակութային զտման եւ գավառամտության դրսեւորումները, ազգայնամոլության երեւույթները, երբ հունարեն, ֆրանսերեն կամ հայերեն խոսողներին ստիպում էին թուրքերեն խոսել:

Այժմ էլ Հույն ուղղափառ էկումենիկ պատրիարքարանի (որն ամենահինն է Եվրոպայում Վատիկանից հետո) ապագան անորոշ վիճակում է: Նույն անորոշ վիճակում է նաեւ հետզհետե նոսրացող հունական, հրեական եւ հայկական համայնքների ապագան: Հայերը մի ժամանակ Ստամբուլի բնակչության մեկ տասներորդ (կամ նույնիսկ ավելի) մասն էին կազմում, եզրակացնում է գրաքննադատ Մանսելըՙ նշելով, որ հանդուրժողականության եւ բազմամշակութայնության այս թեման «ամպի նման կախված է քաղաքի վրա», եւ դրա շուրջը ծավալված բանավեճերի արդյունքը ցույց կտա, թե ինչ ապագա կունենա ինքըՙ Ստամբուլը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4