«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#136, 2005-07-23 | #137, 2005-07-26 | #138, 2005-07-27


ՆԱՄԱԿԱՆԻ, ՈՐ ԽՈՐՀԵԼՈՒ ՏԵՂԻՔ Է ՏԱԼԻՍ

«Խորան իմացության» խորագրի նամականին արձագանքներ է ստանում նաեւ սփյուռքից: Մասնավորապես մտահոգիչ են Բելգիայի Անտվերպեն քաղաքից Շահնուր Մինասյանի եւ Բրյուսելից Սոնա Արշունեցու նամակները, որտեղ մեր հայրենակիցները սրտի խոր կսկիծով են պատմում սփյուռքում աղանդավորների ակտիվ քարոզչության մասին:

«Ուզում եմ խոր տագնապով Ձեզ տեղեկացնել, որ այդ չարիքը ահագնալի տարածում է գտնում նաեւ Բելգիայի հայերի մեջ: Ես ուղղակի ապշած եմ Հայ առաքելական եկեղեցու պասսիվ կեցվածքից, որը ոչ մի քայլ չի ձեռնարկում այդ չարիքը կանխելու համար: Դա վտանգ է, որն ավելի ու ավելի է ամրապնդվում սփյուռքումՙ քայքայելով առանց այն էլ պառակտված համայնքները», գրում է Շահնուր Մինասյանը:

Մեր մյուս նամակագիրըՙ Սոնա Արշունեցին տեղեկացնում է, որ Բրյուսելում հայտնվել են նորօրյա վայ-քարոզիչներ, որոնք անգամ «երկու բառ չեն կարողանում ֆրանսերենով իրար կապել», սակայն աղանդավորական քարոզչություն են իրականացնում: «Ամենացավալին այն է, որ այդ գործին են լծված նաեւ նրանց անչափահաս երեխաներըՙ 7-8 տարեկանից սկսած»: Տ-ն Արշունեցին հիշատակում է մի դեպք, որի վկան է եղել: Նա տեսել է, թե ինչպես իրենց հարեւան թրքուհին ուղղակի թքել է հայ աղանդավորական քարոզչուհու դեմքին: «Ուղղակի նողկալի է, որ ազգիս արգանդից նման ուրացողներ են ծնվում», գրում է տիկին Արշունեցին, որն ուղարկել է նաեւ իր բանաստեղծություններից մեկն այդ թեմայով: «Մի՞թե Հայ առաքելական եկեղեցին չունի բավարար չափով հավատացյալներ, որոնց միջոցով կարելի է հակաքարոզչություն իրականացնել: Ի՞նչ է արվում մոլորվածներին եկեղեցի բերելու համար», հարցնում է նա: Ապա նամակագիրը եզրակացնում է, որ ազգի հիմքերը խարխլող աղանդավորական արհավիրքի դեմ պետք է ազգովին ելնել պայքարի, այլապես հետո ուշ է լինելու: Նա նշում է, թե հանուն Եվրոպայի սիրո չարժե նման ազգակործան զոհողության գնալ:

Հույս ունենալով, որ սփյուռքում «Ազգ»-ը ընթերցում են ոչ միայն հավատացյալները, այլեւ հոգեւորականները, վստահություն ենք հայտնում, որ մեր այս հրապարակմանը կարձագանքի Արեւմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ եւ Փարիզի առաջնորդ Գյուտ արք. Նագգաշյանը azg2@ arminco.com. susmark2002@yahoo.com susanik@mail.ru հասցեներից որեւէ մեկով:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4