Հոծ երամներով նրանք գիշերում են կառավարության շենքի եւ օպերային թատրոնի տանիքում
Անցած տարի աշխարհի տասնյակ երկրներում ճարակեց թռչնագրիպ կոչված նոր ախտը, 45 մարդ դրա զոհը դարձավ: Նովոսիբիրսկի 2 շրջաններում` Դովոլենսկ եւ Կուպինսկ, նույնպես գրանցվել են թռչնագրիպի դեպքեր: Արդեն ոչնչացել է 540 թռչուն:
Նովոսիբիրսկի դեպքերից հետո երեկ Մոսկվայի գլխավոր պետական սանիտարական բժիշկ Ալեքսանդր Տունիկը հայտարարել է, որ մինչեւ թռչունների ոչնչացման պատճառների լիարժեք պարզաբանումը կարանտին չի հայտարարվի, բայց խստագույն վերահսկողություն կսահմանվի, որպեսզի Նովոսիբիրսկից ոչ մի տեսակի մթերք չմտնի ոչ Մոսկվա, ոչ էլ Ռուսաստանի Դաշնության մյուս քաղաքները:
Հայտնի է, որ վայրի թռչուններից այս նորահայտ վիրուսը կարող է անցնել տնայիններին, հավերին, շներին, կատուներին եւ նույնիսկ մարդկանց:
Այս տարեսկզբին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը արդեն հանդես եկավ պաշտոնական նախազգուշացումով, թե աշխարհին սպառնում է թռչնագրիպի համաճարակ, որը գործնականում չի բուժվում:
Ի՞նչ է կատարվում այս իմաստով Հայաստանում: Վերջին տարիներին Երեւանում ագռավների քանակն այնքան է շատացել, որ մարդիկ ակամա սկսել են ուշադրություն դարձնել այս արտառոց փաստին: Երեւանում ագռավներ ու կաչաղակներ ընդհանրապես չեն եղել, սրանք «գյուղաբնակներ» են եւ մայրաքաղաքում հայտնվեցին 90-ական թվականներից հետո, երբ մեր քաղաքում աղբահավաք ծառայությունները ֆինանսների եւ այլ պատճառաբանություններով մինչ այսօր իրենց գործը կիսատ-պռատ են կատարում: Մի քանի օր, նույնիսկ շաբաթներով լիքը աղբանոցները սննդի պահեստարանի են վերածվել ագռավների, բոմժերի եւ թափառական շների համար:
Թռչնաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր Մարտին Ադամյանը նշում է այս իրողության ե՛ւ հարկադրաբար անհրաժեշտություն դարձած, ե՛ւ անցանկալի կողմերը. «Չինաստանում թռչունների գրիպ տարածվեց, չենք կարող ասել, որ մենք պաշտպանված ենք դրանից: Գուցե նաեւ մեր թռչունների մեջ կարող է դա լինել: Այդ հիվանդությունը վայրի տեսակներից փոխանցվում է տնային թռչուններին: Այնպես որ, անվտանգության երաշխիքներ չկան: Դրանք վիրուսներ են, որ կարող են տարածվել քամու, մարդկանց, դիվերսիայի, ահաբեկչության միջոցով: Եվ դրա համար էլ աչալուրջ պիտի լինենք մասնավորապես քաղաքում ապրող թռչունների նկատմամբ: Բացի այդ, մենք չգիտենք, բացի թռչնագրիպից չի՞ լինի այնպիսի բան, որ չի եղել, բայց կլինի»:
Իսկ ընդհանրապես, եթե ագռավներն ու կաչաղակները չլինեին, աղբը երեւի խեղդեր քաղաքը: Նրանք մեծագույն ջանասիրությամբ ոչնչացնում են ե՛ւ բուսական ծագման նեխող ու քայքայվող, ե՛ւ կենդանական ծագմամբ լեշ դարձող ուտելիքի մնացորդները: Դրանք հիվանդությունների տարածման խթան են, եթե ագռավներն ու շները համաճարակաբանի ու սանիտարի ֆունկցիա չկատարեին: Ճիշտ է, նրանք չեն կարող աղբը վերացնել նույն արագությամբ, ինչ արագությամբ կուտակվում է: Իսկ որտեղի՞ց իմացան, որ Երեւանում կեր կա: «Նրանք հետազոտում են իրենց շրջապատը: Նրանց առանձին «անհատ» հետախույզներ ամեն տարի «ուսումնասիրություններ են կատարում» իրենց շրջապատում` տարածվելու համար: Հնարավոր է, որ նրանք էլ ավելի բազմանան` մեկը մյուսին տեղեկացնելու սկզբունքով: Այս թռչուններին շատ հարմար է քաղաքում բնադրել, գիշատիչներից հեռու են եւ ձագերի կորուստ չեն ունենա, կերը մեծ քանակով կա, բնադրվելու տեղերն էլ շատ ու շատ են` շենքերի տանիքները, բարդու ծառերը»:
Եվ ուշագրավ է, որ ագռավների քանակն ավելի շատ է քաղաքի կենտրոնական թաղամասերում: Քչերն են նկատում, որ կառավարության շենքի եւ օպերային թատրոնի տանիքում, Ազգային ժողովի այգում հազարավոր ագռավներ են գիշերում:
Երեւանում ապրում են 3-4 տեսակի ագռավանմաններ, առաջին հերթին մոխրագույն ագռավը եւ կաչաղակը: Կաչաղակներն ագռավներից քիչ են:
Ագռավների աննախադեպ բազմացումը հաճախ բնակչության հետ առնչվելու անհանգիստ իրավիճակներ է ստեղծում: Մասնավորապես այն ժամանակ, երբ նորածին ձագերը դուրս են գալիս բնից, որոնք դեռ չեն թռչում: Եթե այդ ընթացքում մարդիկ անցնում են ձագերի կողքով, մայրը, հայրը նրանց ընդունում են իբրեւ գիշատիչների, որ կարող են վնասել իրենց ձագերին: «Բայց ագրեսիվ չեն եւ չեն հարձակվի մարդկանց վրա, ինչ էլ լինի», ասում է թռչնաբանը:
«Այդ թռչուններին ամբողջությամբ վերացնել չի կարելի, եթե նրանց վերացնենք, գուցե աղբը մեզ խեղդի: Համենայն դեպս, թռչնագրիպի եւ անհայտ վտանգների հավանականությունը նկատի առնելով, պետք է ուսումնասիրել, թե ինչպես կարելի է նրանց դեմ պայքարել: Նրանց քանակը կրճատելու հնարավոր միջոցները կան»:
Իսկ ընդհանրապես, Երեւանի թռչնաշխարհը խիստ բազմազան է, բայց քաղաքային միջավայրի մեր թեւավոր հայրենակիցների մասին քչերը լիարժեք տեղեկություններ ունեն: Մեր քաղաքում բնակվում է 130 տեսակի թռչուն, որոնց մեջ են երգեցիկ երաշտահավը, տատրակը, փայտփորիկը, հոպոպները: Վերջիններս արդեն 30 տարի ապրում են Երեւանում:
Այս տարի ողջ հանրապետությունում շատացել են նաեւ թունավոր եւ ոչ թունավոր օձերը, դրանց թվում գյուրզաները: Դրանք հանդիպում են Արարատյան դաշտավայրի մերձակա լեռների փեշերին, մինչեւ 1000-1500 մ բարձրությունների վրա: Նրանք եւս բազմանում են մեծ քանակությամբ: Այս իրողությունն էլ իր բացատրությունն ունի: Տարին է այդպիսին: Բանն այն է, որ մի քանի տարի շարունակ կենդանիները բազմանում են շատ հանդարտ եղանակով: Եվ հանկարծ լինում է այնպիսի նպաստավոր տարի, որ նրանց քանակն աճում է մինչեւ վերջին սահմանը: Հետո միանգամից քանակի անկում է լինում հիվանդությունների կամ այլ պատճառներով:
Անցած տարի ողջ Հայաստանով մեկ տարածված էին դաշտամկները, որոնք անխնա ոչնչացնում էին ցանքերը: Այս տարի նրանք համարյա չեն երեւում:
Անցած տարի Արարատյան հարթավայրում նույնպես բուռն բազմացավ առափնյա ծիծեռնակը, որի քանակը հասել էր 700 հազարից մինչեւ 1 մլն-ի: Սրանք հսկայական քանակով մոծակներ ոչնչացրին: Այս տարի առափնյա ծիծեռնակի ոչ մի ներկայացուցիչ չի երեւացել:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ