«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#136, 2005-07-23 | #137, 2005-07-26 | #138, 2005-07-27


«ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳՍՏԻ» ՀԵՏՔԵՐՈՎ

Օրերս խմբագրությունը «Սաթի» ՓԲԸ-ից նամակ ստացավ հուլիսի 15-ին հրատարակված «Ամառային հանգիստ` առաջին հայացքից մատչելի, բայց իրականում թանկ հաճույք» հոդվածի առնչությամբ, որտեղ հղում էր արվել նաեւ ընկերության սակագներին: Ընկերությունը դժգոհում է, թե հոդվածագիրը տեղեկությունները գործակալությունից վերցրել է հեռախոսազանգով եւ այն էլ` ոչ պատասխանատու անձից: Այս հարցի առնչությամբ նշենք, որ լրագրողն իրավունք ունի իրեն հետաքրքրող տեղեկությունները, եթե խոսքը ծավալուն հարցազրույցի մասին չէ, պարզել հեռախոսով: Արդյոք Նյու Յորքում Կալիֆոռնիայի մասին նյութ պատրաստող լրագրողը տոմս է գնում եւ մեկնում Կալիֆոռնիա՞ իրեն հետաքրքրող հարցը պարզելու համար: Իսկ այն, թե լրագրողը չի զրուցել պատասխանատուի հետ, արդեն իր խնդիրը չէ: Երբ ներկայանում ես, թե որ լրատվամիջոցից ես եւ ինչ հարցով ես դիմել, պարզ չէ՞, որ ակնկալում ես պաշտոնական տեղեկատվություն: Ի դեպ, հեղինակի հարցերին պատասխանել է Իրինա Սուլթանյանը:

Ընկերությունը նամակում նշում է, որ հոդվածի հեղինակը թյուր տվյալներ է տրամադրել ընթերցողներին` նշելով, թե մեկօրյա շրջագայությունը երկրի տեսարժան վայրերով արժե 12.000 դրամ, այն դեպքում, երբ սակագները տատանվում են 6000-12.500 դրամի սահմաններում: Թեպետ լրագրողը նշված շրջագայության համար չի նշել 6000-12.500 դրամ արժեքը, բայց ընդհանուր գինը նշելուց հետո հավելել է, որ ընկերությունը կիրառում է զեղչերի համակարգ: Ավելին, հոդվածի հեղինակը նշել է, որ այդ գումարը ներառում է մեկանգամյա սնունդն ու մուտքավճարները, որն արվել է դրական մոտեցմամբ:

Հոդվածագրի միակ թյուր տեղեկությունը, որի համար ցավում ենք, այն է, որ մեկ հոգու Արցախ շրջագայության համար սահմանված 89.000 դրամը ոչ թե մեկ, այլ երեք օրվա արժեքն է (այս հարցին պատասխանել է ընկերության տնօրեն Մակար Առաքելյանը):

Ինչ վերաբերում է ընկերության այն մտավախությանը, թե մարդիկ թանկ կհամարեն իրենց ծառայությունները, ապա նշենք, որ գոնե ըստ մեր ուսումնասիրությունների, «Սա-թիի» ծառայությունների գները բավական նորմալ են:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4