«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#137, 2005-07-26 | #138, 2005-07-27 | #139, 2005-07-28


ԹՈՒՐՔԻԱՆ ՓԵՐԻՆՉԵՔԻ ԳՈՐԾՈՎ ՆՈՏԱ Է ՀՂՈՒՄ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻՆ

Շվեյցարիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեորեն հետապնդելի է: Գործող օրենքի համաձայն, ժխտողների համար նախատեսվում է 3 տարվա ազատազրկում: Թերեւս այդ առումով պատահական չէին հուլիսի 23-ին Վինթերթուր քաղաքում Բանվորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքի ձերբակալությունն ու հարցաքննումը:

Հուլիսի 26-ին «Ազգը», անդրադառնալով միջադեպին, նշել էր, որ Փերինչեքը ձերբակալվել է Լոզանի պայմանագրի 82-րդ ամյակին նվիրված սիմպոզիումում հենց ելույթի պահինՙ «Հայոց ցեղասպանությունը միջազգային սուտ է» հայտարարության համար: Թուրքիայի արտգործնախարարության միջամտությամբ նա ազատ էր արձակվել, իսկ արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը հայտարարել էր անհրաժեշտ միջոցառումների դիմելու մասին:

Ահա, հուլիսի 27-ին թուրքական NTV-ն այդ միջոցառումներից առանձնացնում է Թուրքիայի նոտան, որն այսօր Անկարայում կհանձնվի Շվեյցարիայի դեսպանատանը, իսկ միաժամանակ Բեռնումՙ շվեյցարական իշխանություններին: Թե ինչպիսին կլինի Շվեյցարիայի պատասխանըՙ ցույց կտա ժամանակը: Բայց որ Վինթերթուրի դատախազությունում Փերինչեքի գործը դեռեւս քննվում է, կասկած չի հարուցում: Այլապես վերոհիշյալ աղբյուրը չէր նշի. «Եթե նույնիսկ Փերինչեքի գործը կարճվի, միեւնույն է, նոտայի հարցում Թուրքիան վճռական է»:

Օգտվելով առիթից նշենք, որ Դողու Փերինչեքը մաոիստ էր եւ նախկին բանտարկյալ: Վերոհիշյալ միջոցառումները Շվեյցարիայում նա կազմակերպել էր թուրք ազգայնամոլների հետ: Ըստ երեւույթին, ինչպես նախկին թուրք մաոիստների մեծամասնությունը, Փերինչեքը եւս բարելավել է իր հարաբերությունները թուրքական գաղտնի ծառայությունների հետ:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4