Մեծ Բրիտանիան Կիպրոսի հարցում լիարժեք աջակցություն է ցույց տալիս Թուրքիային
Ինչպես տեղեկացրել էինք նախորդ համարում, երկօրյա աշխատանքային այցով Լոնդոնում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերի հետ: Հանդիպմանը քննարկվել են նախապես մեր նշած հարցերը, դրան ներկա են եղել Թուրքիայի փոխվարչապետ եւ արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը, պետնախարար Ալի Բաբաջանը եւ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջեկ Սթրոուն: Հանդիպումը տեւել է 1 ժամ 15 րոպե:
Թե ինչ ընթացք են ունեցել Եվրոմիության հետ Թուրքիայի հարաբերություններին, Կիպրոսի հակամարտությանը, ահաբեկչության դեմ համատեղ պայքարին, ինչպես նաեւ Լոնդոնի վերջին պայթյուններին առնչվող հարցերի քննարկումները Բլեր-Էրդողան հանդիպմանը, կամ ինչպիսին է եղել Մեծ Բրիտանիայի վարչապետի վերաբերմունքը PKK-ի դեմ պետական զինված ուժերի պայքարին, դժվար է ասել: Թուրքական մամուլը քննարկումների մանրամասներ չի հաղորդում: Սակայն «Միլիեթը» ինտերնետային էջում անդրադառնում է Բլեր-Էրդողան հանդիպումից հետո երկու երկրների վարչապետների հրավիրած մամուլի համատեղ ասուլիսին, իսկ թուրքական հանրային հեռուստատեսությունը լրացնում է դրան:
Ըստ «Միլիեթի», ասուլիսում Բլերն անդրադառնալով կիպրական հարցին ասել է, որ Մաքսային միության լրացուցիչ արձանագրության ստորագրումը ամենեւին չի հանգեցնի Կիպրոսի Հանրապետության ճանաչմանը: Խոսքը Թուրքիայի մասին է, եւ հիշեցման կարգով նշենք, որ Եվրոմիության հետ անդամակցության բանակցությունների պատրաստվող Թուրքիան համառորեն հրաժարվում է ճանաչել միության անդամ Կիպրոսի Հանրապետությունը:
Բլերը վերոհիշյալ խոսքերով փաստորեն չճանաչելու հարցում որպես ԵՄ-ի նախագահող երկրի վարչապետ աջակցել է թուրքական իշխանություններին եւ ավելացրել. «Մեր հույսն առաջիկա հոկտեմբերի 3-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունների սկսումն է: Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին անհրաժեշտություն է Եվրոպայի անվտանգության համար»:
Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հերթին նշել է, որ անդամակցության բանակցությունների սկսումը հոկտեմբերի 3-ին բխում է ԵՄ-ի դեռեւս 2004 թ. դեկտեմբերի 17-ի գագաթաժողովում ընդունված որոշումից: Նա գագաթաժողովում Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները սկսելու որոշման առնչությամբ ցուցաբերած աջակցության համար իր խորին շնորհակալությունն է հայտնել Թոնի Բլերին եւ շարունակել. «Կիպրոսի Հանրապետության ճանաչման հարցում մենք հետամուտ ենք մեր ասածներին, որեւէ փոփոխություն չի ենթադրվում»:
Այլ կերպՙ Բլեր-Էրդողան քննարկումների առանցքը կազմել էր Կիպրոսի հարցը: Լոնդոնի ահաբեկչական վերջին պայթյունների լույսի ներքո կողմերն ահաբեկչության դեմ համագործակցության ուղիներ են որոնել: Եթե որոնումները հաջող ավարտվեն, ապա Թուրքիան, բացի ԵՄ-ի հետ անդամակցության բանակցությունների եւ Կիպրոսի հարցերից, Մեծ Բրիտանիայի աջակցությունը կստանա նաեւ PKK-ի դեմ ռազմական գործողություններ ծավալելու հարցում:
Հ. ՉԱՔՐՅԱՆ